«Տեխնոման» ՍՊԸ-ն ցանկանում է Լիճքի հանքային ջրի աղբյուրի տեղում հանք շահագործել, լիճքեցիները դեմ են

«Տեխնոման» ՍՊԸ-ն ցանկանում է Լիճքի հանքային ջրի աղբյուրի տեղում հանք շահագործել, լիճքեցիները դեմ են

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների անդորրը խաթարվեց այն ժամանակ, երբ «Տեխնոման» ՍՊԸ-ն սկսեց քանդել պապերից ժառանգություն մնացած գյուղի հանքային ջրի աղբյուրը եւ շինարարություն սկսեց: Գյուղացիները դեմ  են ընկերության այս նախաձեռնությանը, նույնիսկ հերթափոխով հսկողություն են սահմանել աղբյուրի մոտ, որ շինարարությունը չշարունակվի: Նրանց խոսքերով` ջուրը բուժիչ է, եթե ուզում են, թող գան, օգտվեն ջրից, բայց ոչ թե փակեն, տանեն:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանի հարցմանն ի պատասխան Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը նախ տեղեկացրել է, որ  ինքը ոչնչից տեղյակ չէ, ոչ մի լսում չի անցկացվել,  թույլտվություն կամ հողհատկացում իրենք ոչ ոքի չեն տվել: Սակայն ավելի ուշ մեկ այլ նամակում գյուղապետը Գավառի Օրհուս կենտրոնին տեղեկացրել է, որ այդ տարածքն ի սկզբանե վարձակալության է հանձնված եղել «Աշոտ» ՍՊԸ-ին, որը 2013թ-ի ապրիլի 26-ի գյուղապետի որոշմամբ վաճառվել է վերջինիս: «Աշոտ» ՍՊԸ-ն էլ իր հերթին հողամասը վաճառել է «Տեխնոման» ՍՊԸ-ին, որը գնված հողամասում կառուցում է ածխաթթու գազի կորզման արտադրամաս:

ԷկոԼուրի հետ զրույցում Լիճքի ավագանու անդամներից մեկն ասաց, որ թեպետ հասարակական լսումներ չեն եղել, բայց կա մեկ հասարակական լսումների մասին փաստաթուղթ, որի տակ ստորագրել է գյուղապետը: «Իրենց («Տեխնոման» ըներության) փաստաթղթերն ամբողջությամբ հակասություններով են: Ըստ օրենքի` պետք է երեք լսում անցկացվի: Լսման վերաբերյալ թուղթ իրենք ունեն, բայց իրականում լսում չի եղել, իսկ գյուղապետի կողմից ստորագրված թուղթը իրենք ձեռք են բերել խաբեությամբ՝ օգտվելով գյուղապետի օրենքների չիմացությունից»,- ասաց Լիճքի ավագանու անդամը:

Նշենք, որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի, հասարակական լսումները նշանակված են եղել 2013թ. հունիսի 13-ին` ՀՀ Լիճքի գյուղապետարանում, իսկ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները` հունիսի 26-ին` Երեւանում: Թե ինչպես են անցկացվել լիճքեցիների համար նախատեսված հասարակական լսումները, հայտնի չէ, պարզ է  սակայն որ լիճքեցիները, լսումների մասին տեղյակ չեն եղել, եւ նեղ շրջանակներում, առանց իրենց կարծիքը հարցնելու, որոշում է կայացվել, որի իրագործումը լիճքցիներին տհաճ անակնկալի է բերել:

Ի դեպ, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն, Լիճքում «Տեխոման» ՍՊԸ-ն ոչ թե ածխաթթու գազի կորզման արտադրամասի նախագծի հասարակական լսումներ է անցկացրել, այլ Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի շահագործման:

Լուսանկարը` aarhus.am-ի



Հոկտեմբեր 11, 2013 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր