

ԷկոԼուր
Աղբահանությունը և սանիտարական մաքրումը Երեւանի գլխավոր խնդիրներից են: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսություն բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը մեջբերեց հետեւյալ տվյալները. ՀՀ գոյացող կոշտ կենցաղային թափոնների 80-85%-ը գոյանում է մայրաքաղաքում: Մեկ օրվա ընթացքում գոյանում է ավելի քան 1300-1400 տոննա կոշտ թափոն, որի հիմնական մասը տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր: Յուրաքանչյուր տարվա ընթացքում այս աղբավայրում կուտակվում է 400 000 տոննա աղբ: «Եթե մենք շարունակենք այս աղբավայրը օգտագործել, ապա այն կարող է ծառայել 10-15 տարի: Խնդիրը պահանջում է շատ հրատապ լուծում»,- «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Ահարոնյանը: Նրա խոսքով` 50-ական թթ-ից մինչ այսօր 8 միլիոն աղբ է կուտակվել Նուբարաշենի թափոնակուտակչում:
Ներկայումս աղբահանությամբ զբաղվում են 12 մասնագիտացված կազմակերպություններ: Իսկ 2014թ-ի ապրիլի 14-ից աղբահանությամբ կզբաղվեն երկու կազմակերպություն՝ շվեդական «Էկոգրուպ» կազմակերպությունը կիրականացնի աղբահանություն Երևանի արևելյան հատվածում, եւ լիբանանյան «Սանիտեկ» կազմակերպությունը` արևմտյան:
«2014թ-ին մենք կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան աղբահանություն: Կփոխվի ամբողջ տեխնիկան, բոլոր աղբամանները: Ներկայումս բանակցություններ ենք վարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ՝ աղբի վերամշակման և տեսակավորման գործարանի կառուցման վերաբերյալ: Նուբարաշենի աղբավայրից հետո մենք չենք պատրաստվում ձեռք բերել նոր տարածքներ»,- ասաց Հովհաննես Ահարոնյանը:
Փորձագետ Արման Վերմիշյանն էլ նշեց, որ Հայաստանում աղբի թափոնների վերամշակումը կազմակերպելու համար տվյալներ չկան: «Կան փորձագիտական տվյալներ, բայց պետք են ուսումնասիրություններ. բնակչության քանակը, որքան աղբ է հավաքվում իրականում, որքան է աղբի քաշը և ծավալը, աղբի կազմը»,- նշեց Արման Վերմիշյանը` հավելելով, որ տեսակավորումը պետք է սկսել ոչ թե գործարանից, այլ գործընթացի ամենասկզբից. «Պետք է աշխատել աղբի կրճատման ուղղությամբ, հատկապես` պլաստիկ: Եվ դա հասանելի է»:
Հոկտեմբեր 21, 2013 at 11:39
