

ԷկոԼուր
«Դիլիջան» ազգային պարկում մոնիտորինգի համակարգի թերի գործունեության պատճառով ամբողջությամբ չեն վերահսկվում կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները, հետևողականորեն չի գնահատվում տարբեր ճնշումների ազդեցությունը ազգային պարկի տարածքների վրա: Այս մասին նշված է ««Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թվականների կառավարման պլանի մշակում» փաստաթղթում: Ըստ աղբյուրի` ներկայումս, չնայած որոշակի առաջընթացին, դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք զգալիորեն խոչընդոտում են կառավարման գործընթացների արդյունավետ իրականացմանը: Եւ կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները չվերահսկելը, կամ Պարկի վրա ճնշումների ազդեցությունը չգնահատելը այդ հիմնախնդիրներից են:
Կարեւոր խնդիր է նաեւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անձնակազմի և շահագրգիռ կողմերի միջև թույլ համագործակցությունը, անբավարար գիտական ուսումնասիրությունների իրականացումը, որը հիմք կլիներ կառավարման վերաբերյալ որոշումների ընդունման համար: Այս եւ այլ խնդիրների լուծման համար մշակվելու է «Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թվականների կառավարման պլանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը փնտրում է խորհրդատու` Պարկի կառավարման պլանը զարգացնելու համար: Իսկ Կովկասի Բնության Հիմնադրամը լիազորվում է օժանդակել «Դիլիջան» ազգային պարկի վերանայված կառավարման պլանի զարգացմանն ուղղված գործընթացին:
«Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի գործողության ժամկետն ավարտվել է 2011 թվականին:
Նոյեմբեր 25, 2013 at 11:11
