Օրենքը սազեցրել են օլիգարխներին

Օրենքը սազեցրել են օլիգարխներին

ԷկոԼուր

ՓՀԷԿ-երի անխնա շահագործման հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրները և սոցիալական սուր կոնֆլիկտները  պահանջում են հրատապ լուծումներ:

«ՓՀԷԿ-երը` որպես էներգետիկայի այլընտրանքային կառուցվածք, մեղավոր չեն, մեղավորները մեր օլիգարխներն են, որոնք աշխատում են գետից վերցնել որքան հնարավոր է մեծ քանակությամբ  ջուր: Իսկ օրենքը սազեցրել են այդ մարդկանց: Ինչպե՞ս կարելի է գետում թողնել մինիմալ թողք: Ստացվում է՝  մենք դիտավորյալ ջրազրկում ենք մեր գետերը»,- ասաց  Հասարակական էկոլոգիական դաշինքի ջրաբան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը «Սևանա լճի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» թեմայով բաց հասարակական բանավեճի ժամանակ:

Ի՞նչ սկզբունքով է տրամադրվում ջրօգտագործման թույլտվություն, ինչպե՞ս է տրվում դրական եզրակացություն, և բացի փաստաթղթերի տրամադրումից, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հետագայում ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվում:  Ի պատասխան  ԷկոԼուրին`  ՀՀ բնապահպանության նախարարության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը ասաց. «Ցանկացած ՀԷԿ, նախքան կառուցվելը անցնում է բնապահպանական փորձաքննություն, և իրենց ներկայացրած նախագծերով բոլոր բնապահպանական նորմերը պահպանված են, նախատեսված են նաև ձկնուղիները: Սակայն մեկ այլ հարց է, ինչպես են կառուցվում փոքր ՀԷԿ-երը: Փաստաթղթային առումով ներկայացվում են նորմալ փաստաթղթեր:  Բացի դրական եզրակացություն տրամադրելուց, բնապահպանության նախարարությունը իրականացնում է ստուգայցեր, և այն ՀԷԿ-երի նկատմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց փաստաթղթերով ներկայացված նորմերին, իրականացվում են համապատասխան տույժեր»:

Նշենք, որ մինչև 2013թ-ը  փոքր ՀԷԿ-երում տեսչական ստուգումներ չեն իրականացվել և միայն 2013թ-ին բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացրել Լոռու և Գեղարքունիքի մարզերում գործող երեք փոքր ՀԷԿ-երում և ամենուր արձանագրել է էկոլոգիական թողքի սահմանված նորմերի խախտումներ:  

Գեղարքունիքի մարզում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՓՀԷԿ-երին տրված է 12 լիցենզիա: Սևանա լիճ թափվող գետերի վրա արդեն կառուցված է 8 ՓՀԷԿ, որը լուրջ վտանգ է ներկայացնում Սևանա լճի էկոհամակարգի, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի պահպանման համար: «Եթե իշխանի մանրաձուկը բաց չթողնվի լիճ, նա կոչնչանա, որովհետև նրա ձվադրավայրերը անհասանելի են ձկան համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի ղեկավար Սուսաննա Հակոբյանը:

Այս առումով Սևակ Բալոյանը նշեց.  «Հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական վիճակի հրատապությունը` 2001թ-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Սևանի մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվում են բուն  Սևանա լճի ավազանի հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Օրենսդրական դաշտը այսօր գրեթե ապահովում է Սևանա լճի հիմնախնդիրների լուծման ճանապարհները»: Ստացվում է, որ, իսկապես,  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը  ապահովում է հիմնախնդիրների լուծման ճանապարհները, բայց թղթի վրա: 

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Նոյեմբեր 27, 2013 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր