

ԷկոԼուր
Արարատյան դաշտավայրի յուրաքանչյուր խորքային հորի լուծարման համար նախատեսված է միջինը 2,5 միլիոն դրամ: Այս մասին դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ իր զեկույցում մասնավորապես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի հոկտեմբերի 31-ի արտագնա նիստում 2013թ-ի պետբյուջեում կատարել է վերաբաշխում եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակներով ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար:
Արամ Հարությունյանի զեկուցմամբ` մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 5-ը լուծարվել և լուծարման ավարտական փուլում են գտնվում թվով 19 խորքային հորեր, կոնսերվացվել և կոնսերվացման ավարտական փուլում են գտնվում 18 խորքային հորեր:
Արարատյան դաշտավայրում 2013թ. հունիս-օգոստոս ամիսներին հաշվառվել է 3314 խորքային հոր: 1379-ը խորքային հոր հաշվառվել է Արարատի մարզում՝ որոնցից ապօրինի են հորատված 281-ը: Արմավիրի մարզում հաշվառված 1935 խորքային հորերից ապօրինի են 285-ը:
Արարատյան դաշտավայրում խորքային հորերի լուծարման խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ նկատելի դարձավ, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի գերշահագործման պատճառով ջրային ռեսուրսները պակասել են եւ Արարատյան դաշտավայրը անապատացման վտանգի մեջ է:
Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարման համար, ՀՀ Նախագահի հանձնարարականների համաձայն, մշակվել են են մի շարք իրավական ակտերի նախագծեր եւ միջոցառումների ծրագրեր: Ըստ Արամ Հարությունյանի զեկույցի` դրանք են` «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործման և մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծ, կառավարության 3 որոշման նախագծեր՝ խորքային հորերի հորատման աշխատանքներ իրականացնող մեքենաների գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված հսկողական համակարգի ներդրման մասին» կառավարության որոշման նախագիծը: Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ստորերկրյա ջրօգտագործման ընդհանուր ծավալի սահմանված վճարման ենթակա 5%-ի արտոնությունը վերանայելու համար մշակվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովում՝ անհետաձգելի քննարկման փուլում: Արարատի և Արմավիրի մարզպետների, ինչպես նաև հանրապետության ոստիկանության հետ համատեղ հսկողություն սահմանելու նպատակով մշակվել է միջոցառումների ծրագիր:
|
|
Դեկտեմբեր 09, 2013 at 12:10
