

ԷկոԼուր
«Գյուղացիները եկան, ասեցին՝ հողդ քանդում են: Գնամ, ինչ տեսնեմ՝ էքսկավատորները մտցրել են հողիս մեջ ու քանդում են՝ ավերելով ցանածս առվույտն ու գարին»,- ԷկոԼուրին պատմեց Հյուսիս-հարավ ճանապարհաշինությունից տուժած Արագածոտն մարզի Կոշ գյուղի բնակիչ Վարազդատ Հովհաննիսյանը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:
Վարազդատ Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը խոստացավ փոխհատուցել: «Նախարարության մասնագետ Արա Մանուկյանը մի թուղթ ուղարկեց, թե ձեր հաշվին 5000 դրամ փող եմ փոխանցել»,- ասաց Վարազդատ Հոնհաննիսյանը՝ նշելով, որ ինքը նույնիսկ հաշիվ չունի:
Վարազդատ Հովհաննիսյանը Հյուսիս-հարավի ճանապարհաշինությունից գյուղում միակ տուժածը չէ: «Մարդ կա ձմեռվա ցրտին մեքենայով այգու մեջ հերթապահություն էր անում, որ 70-80 ծառը չավիրեն... մնացածինս քանդեցին...ոչ մի կոպեկի վնաս չհատուցեցին»,- բողոքում էին համայնքի բնակիչները:
Ըստ Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանի՝Հյուսիս-հարավը միայն օգուտ է տվել համայնքին: «Մարդ կա, որ 48 մ2 տնամերձ և 3000 մ2 սեփական հողամասի համար ստացել է այնքան գումար, որ Օրբելի փողոցի վրա գնել է 78 քառ. մետր տարածք կազմող երեք սենյականոց բնակարան: Հիմա ո՞րն է Հյուսիս-հարավի վնասը»,- զարմանում էր գյուղապետը:
«Իրենք փոխհատուցում են 5 տարվա միջին բերքով: Տվյալները իրենք են հաշվում՝ համարելով մի ծառի միջին բերքատվությունը 40 կգ, բայց ծառ կա 200 կգ բերք է տալիս, ծառել կա, որ քիչ է տալիս: Մի ծառի համար փոխհատուցում են մոտ 250 000 դրամ, իսկ հողի համար շատ քիչ են վճարում»,- ասաց բնակիչներից մեկը:
Իսկ թե որքան հող է օտարվելու Կոշ համայնքից ճանապարահաշինության համար, գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը հստակ չնշեց՝ պատճառաբանելով, որ առայժմ հստակ թիվ չկա:
Դեկտեմբեր 11, 2013 at 16:02
