«Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժել

«Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժել

ԷկոԼուր

ԷկոԼուրը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` պահանջելով մերժել «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի կողմից պետական բնապահպանական փորձաքննության եզրակացությանը ներկայացված «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանին ուղղված նամակում ասված է.

««Ջերմուկի անտառային» եւ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրերի, լանդշաֆտի, կեսնաբազմազանության վրա «Արփա-3» ՓՀԷԿ-ի ազդեցությունն ընդհանրապես գնահատված չէ: Որպես հիմնավորում ներկայացնում ենք հետեւյալը.

  • «Արփա-3» փոքր ՀԷԿ-ը մեծ վտանգ է ներկայացնում Ջերմուկի հանքային ջրերի համար: «Արփա-3» ՓՀԷԿ-ը պետք է կառուցվի «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրի տարածքում: Ինչպես նշված է նախագծում. «...հանքային ջրերի աղբյուրների սնման ավազանները պահպանելու նպատակով նախատեսվում է տվյալ նախագծի շրջանակներում անհրաժեշտ պայթեցման աշխատանքների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով կիրառել փոքր հզորությամբ լիցքերով պայթեցումներ»: Հայտնի է, որ Ջերմուկ հանքային ջրերի հանքավայրը շատ զգայուն է ցնցումների նկարտմամբ, ինչի մասին բազմիցս զգուշացրել է երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Անվերահսկելի պայթեցումների հետեւանքով հանքավայրը կարող է վնասվել, եւ ջրերը էլ չեն հոսի այդտեղ: Այս ռիսկի գնահատականը նախագծում ընդհանրապես նշված չէ:
  • «Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագծում նշված կենսաբազմազանության վրա ազդեցությունը չի համապատասխանում իրականությանը, եւ նախագծում բերված տվյալները հակասում են միմյանց: Նախագծում խոսվում է գետի կենսաբազմազանության մասին: «Ուսումնասիրվող տարածաշրջանում հանդիպում է միայն 1 էնդեմիկ բուսատեսակ` Ակքանազգիներից (Dipsacaceae)  − Ջիվան հայկական  (Cephalaria armeniaca)»:  Սակայն նույն նախագծում նշվում է, որ էնդեմիկ տեսակներ չկան: Ըստ նախագծի` կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները վերցված են 1954թ-ին հրատարակված Ս.Դալի եւ  1941թ-ին հրատարակված Ա.Մագաքյանի գրքերից, որոնց տվյալները կարող են փոփոխված լինել ժամանակի ընթացքում: Ինչպես նաեւ այդ տվյալները համեմատության մեջ են դրվել 1987թ. եւ 1989թ-ի Կարմիր գրքերի հետ այն դեպքում, երբ 2010թ-ին լույս է տեսել ՀՀ  բույսերի եւ կենդանիների նոր Կարմիր գիրքը:
  • Նոյեմբերի 14-ին Ջերմուկի քաղաքապետարանում տեղի ունեցած «Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ժամանակ «Ջինջ Արփա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Սպարտակ Ավագյանը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքվել է համաձայնագիր` կտրված  թփերի եւ ծառերի համար փոխհատուցման մասին: Սակայն նախագծում ոչ մի խոսք չկա այն մասին, թե քանի ծառ եւ քանի թուփ պետք է կտրվի, եւ որքան է կազմելու պատճառված վնասը: Չի բացառվում, որ այդ թփերն ու ծառերը գտնվում են «Հայանտառ»-ի կառավարման ներքո գտնվող «Ջերմուկի անտառային» արգելավայրի տարածքում:
  • Նախագծի քարտեզի վրա նշված չեն վերը նշված հատուկ պահպանվող տարածքների սահմանները, որոնց վրա կարող է ազդել նախագիծը: Կարելի է ենթադրել, որ ազդեցությունը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ Արփա գետի 2.8 կմ երկայնքով էկոհամակարգի վրա, քանի որ այդ հատվածն ամբողջությամբ կվերցվի խողովակի մեջ: Իսկ նախագծի համաձայն` էկոլոգիական թողքը կազմելու է ընդամենը 0.42մ3/վրկ:  Մեր կողմից նշենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջերմուկի անտառային» եւ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրերի համար պատասխանատվություն է կրում նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը:
  • Նախագծում նշված չէ նաեւ սողանքային ռիսկերի գնահատականը: Հաշվի առնելով Գետահովիոտում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի դեպքը, երբ սողանքի հետեւանքով 30 տոննա կշռով ժայռաբեկորը ընկել էր էքսկավատորի վրա եւ սպանել 27-ամյա վարորդին, ինչպես նաեւ` Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պահանջների պահպանումը` անհրաժեշտ է ստանալ սողանքների վերաբերյալ փորձագիտական կարծիք, ինչպես նաեւ կարծիք բարձր սեյսմավտանգության վերաբերյալ, քանի որ  Վայոց ձորի մարզը բնութագրվում է 8-9 բալ երկրաշարժամետությամբ:
  • «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումների կարգը եւս ապահովված չի եղել: Բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին: Վայոց ձորի մարզը չունի սեփական լրատվամիջոց, իսկ Ջերմուկի քաղաքապետարանում, որտեղ անց են կացվել լսումները, փակցված չի եղել որեւէ տեղեկատվություն: Լսումների ընթացքում արձանագրություն չի կազմվել եւ մինչ օրս չի ներակայացվել հասարակական լսման մասնակիցներին:

Խնդրում ենք տրամադրել հասարակական լսման արձանագրության պատճեն, երբ այն կներկայացվի նախարարություն:

Հաշվի առնելով վերոնշյալը` նախագիծը նման տեսքով չի բավարարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՀՀ օրենքի պահանջներին եւ պետք է մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից»:

Դեկտեմբեր 13, 2013 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր