

ԷկոԼուր
ԷկոԼուրը ստացել է անուղղակի հաստատում «Dundee Precious Metals Kapan» ընկերության տուգանքի չափի մասին: Ընկերությանը տուգանել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը: Մի քանի օր առաջ` աշխատողների հետ հանդիպման ժամանակ, ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է պարգևատրումների հետ կապված խնդիրների մասին և ասել, որ խնդիրները կապված են բնապահպանական տեսչության կողմից նշանակված մեծ տուգանքի հետ՝ միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ինչպես նշված էր բնապահպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, բնապահպանական տեսչությունը սկսել է ընկերությունում ստուգումներ անցկացնել` շրջակա միջավայրի աղտոտման ահազանգից ելնելով: Սակայն ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը` ինչպիսին են ստուգումների արդյունքները և արդյոք իրականում ընկերության վրա դրված է 360 միլիոն դրամի (900 000 դոլար) տուգանք, բնապահպանության նախարարությունը հրաժարվեց տրամադրել այդ տեղեկատվությունը: Պատասխան նամակում ասված է. «Դուք ձեր հրապարակումներում ցանկալին ներկայացնում ենք որպես իրականություն: Տվյալ ոլորտին վերաբերող ողջ տեղեկատվությունը նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում: Նաև կարող եք ստանալ ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը կանոնավոր մամլո հաղորդագրություններից»:
Ցավոք, ոչ բնապահպանության նախարարության կայքում, ոչ մամլո հաղորդագրություններից որևէ մեկում չկա տեղեկատվություն այն մասին՝ ինչ վնաս է հասցրել շրջակա միջավայրին «Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, և ինչպես դա կարող է արտահայտվել շրջակա միջավայրի և այն մարդկանց առողջության վրա, ովքեր ապրում են այն տարածքում, որտեղ գործում է ընկերությունը: Նաև չկա տեղեկատվություն այլ ընկերությունների տարածքներում առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող վթարների մասին` օրինակ Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի:
Նմանատիպ պատասխան` «Ողջ տեղեկատվությունը, վերաբերող տվյալ ոլորտին, նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում: Նաև կարող եք ստանալ ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը կանոնավոր մամլո հաղորդագրություններից», նախարարությունը ուղարկել է ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը այն մասին, թե ինչպիսի հողաբարելավման աշխատանքներ է իրականցրել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը շահագործված հանքերում, որոնք պետք է նշված լինեին բնապահպանական միջոցառումների ցանկում, և երբ են անցկացվել ընկերության տեսչական ստուգումները: Հարցումը ուղղարկվել էր՝ կապված ընկերության հանքում մահվան դեպքի հետ:
ԷկոԼուրը կարծում է, որ շրջակա միջավայրի նկատմամաբ սպառնալիքներին և ռիսկերին, ինչպես նաև մադկանց առողջությանը և անվտանգությանը վերաբերող հարցումներին բնապահպանության նախարարության պատասխանները չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիայով ընդունված պարտականություններին: Բնապահպանության նախարարությունը պետք է նպաստի էկոլոգիական կարևոր տեղեկատվության ակտիվ տարածմանը, այլ ոչ թե թաքցնի միանման և ոչինչ չնշանակող պատասխաններով:
Դեկտեմբեր 20, 2013 at 18:14
