Գազային «մոնստր»

Գազային «մոնստր»

ԷկոԼուր

ՀՀ Ազգային Ժողովը` ի դեմս երկու իշխանական խմբակցությունների` ՀՀԿ-ի և «Օրինաց երկրի»,  այսօր` դեկտեմբերի 13-ին, վավերացրեց  2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառաքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը:

Արտահերթ նիստն ուղեկցվեց համընդհանուր բողոքի ակցիաներով` լրագրողները` ԱԺ-ի ներսում, քաղաքացիները՝  դրսում: Ցուցարարները դրսում փորձում էին բացել ԱԺ դարպասները, իսկ ոստիկանների հետ բախումից հետո նրանք սկսեցին 10 դրամանոցներ գցել դարպասներից ներս:

«Սերժիկ, գազ տուր, «Հեռացիր»,«Մահ դավաճաններին», «Ասալա», «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք Հայաստանը» գրությամբ պաստառներով մոտ 2000 քաղաքացիներ պահանջում էին ՀՀԿ-ական պատգամավորներից դեմ քվեարկել գազային պայմանագրին:

Ըստ գազային պայմանագրի՝ Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը: Պայմանագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին խմբակցությունների 77 պատգամավոր, իսկ  Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության, Հայ ազգային կոնգրեսի  և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Մինչ քվեարկությունը Ժառանգությու» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` դրանով զրկելով նրանց քվեարկության հնարավորությունից: Քվեարկությունը ԱԺ-ում անցկացվել է հաշվիչ հանձնաժողովի միջոցով: 4 խմբակցությունները` Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը  և Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտարարեցին, որ չեն ճանաչում քվեարկության օրիանականությունը.

  • «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ  քվերակության արդյունքները պետք է հաստատվեն Հաշվիչ հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:
  •  ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են  ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Ժառանգությունից՝ Թեւան Պողոսյանը:
  • 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝  Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մասնկացել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ մասով նախատեսված որեւէ գործընթացի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ի դիմաց հավաքված բազմազանգված քաղաքացիներին հայտարարեց. «Տեղի է ունեցել կեղծ քվեարկություն, այսինքն, քվեարկություն չի եղել, գազի պայամագիրը և 20% բաժնետոմսերի տալու պայամանագիրը չի անցել»:

«Քվեարկությունն անցել է օրենքի խախտումներով: Դա կոչվում է պաշտոնական կեղծիք, որը կայացվել է ԱԺ նախագահի կողմից», -նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Պայմանագիրը հակասում է պետություններին վերապահված ինքնիշխանության բազում դրույթներին: Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը  այդ պայմանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը գնահատել է բացառապես պատվերի տակ,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը,-  Հայռուսգազարդին այս պայամանգրերով սարքում են մի մոնստր, որը դուրս է ժամանակի և պետության վերահսկողությունից, որը ուզուրպացնում է ՀՀ կառավարությանը, ԱԺ սահմանադրությամբ տրված իրավասությունները և որը վեր է ՀՀ ինքնիշխանությունից և սահմանադրությունից»:

Ստյոպա Սաֆարյանը ԱԺ-ին որակեց որպես թույլ կառույց, որը  այսօր քվեարկում է ՀՀ Սահամանդրության դեմ: «ԱԺ-ում նույնիսկ պատգամավորների խելքը չի հերիքում, որ խոսեն պայմանագրերի սահմանադրականությունից և հակասահմանադրականությունից: Նրանց մեծ մասը չի էլ կարդացել այս պայամանգրերը, նրանք կարդալու և տառաճանաչության հետ լուրջ խնդիրներ ունեն և գործում են թելադրանքով»: «Ժառանգության» ներկայացուցիչը այս ամենի ելքը տեսնում է միջազգային դատարաններին դիմելը:  

ԱԺ-ն դեկտեմբերի 23-ին վավերացրեց հայ-ռուսական հետևյալ պայմանագրերը. 

  • ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,
  • ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,
  • ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Դեկտեմբեր 23, 2013 at 18:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր