

ԷկոԼուր
Ամանորը դեռ առջևում է, սակայն Երեւանում արդեն եռում է նախատոնական տրամադրությունը: «Ձմեռային Փառատոն Հայաստան» նախագիծը եւս հասցրել է անցկացնել իր ամանորյա միջոցառումները: Միջոցառումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական բաղադրիչին. Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի բակում ցուցադրվել են վերամշակված նյութերից պատրաստված բնապահպանական տոնածառեր:
«Քանի որ մենք ունենք էկոլոգիական խնդիր, էկոտոնածառերի գաղափարը ունի նպատակ՝ արթնացնել մարդկանց ուշադրությունը, որպեսզի չհատեն անտառները: Կարելի է այլ տարբերակներով ստեղծել տոնական մթնոլորտ, պարտադիր չէ կտրել ծառերը, որպեսզի տոնածառ ունենալ »- նշել է նախագծի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը: Միջոցառման շրջանակներում երեխաների համար կազմակերպվել է նաեւ բնապահպանական կրթության դասընթաց, որի ընթացքում նրանք սովորել են վերամշակել թուղթ և այլ նյութեր:
Միջոցառման հյուրերին դիմավորել է Կաղանդ պապը, ով, համաձայն ազգագրական աղբյուրների, համարվում է Ամանորի խորհուրդները կրողը և տարածողը: Գրադարանի ներսում երեխաների համար ընթերցվել է «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» հեքիաթը:
«Ձմեռային Փառատոն Հայաստան» նախագիծը արդեն 7-րդ տարին է կազմակերպվում Երևանում: Փառատոնի կազմակերպիչներն են՝ «Կանաչաստան» ՀԿ-ն, Deem Communications ընկերությունը: Աջակիցներն են` Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հայաստան ծառատունկ ծրագիր» հիմնադրամը, «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն:
Դեկտեմբեր 25, 2013 at 15:17







