Սեւանից ջրի բացթողումների ավելացման ծրագրի ժամկետին ոչ մի այլընտրանք չի լինի

Սեւանից ջրի բացթողումների ավելացման ծրագրի ժամկետին ոչ մի այլընտրանք չի լինի

ԷկոԼուր

Դեկտեմբերի 25-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում հանդիպում տեղի ունեցավ հասրակայնության հետ` կապված Սեւանա լճից ջրի բացթողումները 5 տարով 170 միլիոն խմ-ից մինչեւ  240 միլիոն խմ դարձնելու հարցի վերաբերյալ:

Այս առաջարկությունը պատրաստվում է կառավարության հաստատման համար, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու համար:

Հիշեցնենք, որ Կոմիտեն այս առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ Սեւ Ջուր գետը, որի ջրով ոռոգվում է Արարատյան հարթավայրը, ջրազրկվել է, իրենցից բարդ համակարգ ներկայացնող Արարատյան հարթավայրի ստորգետնյա գրունտային եւ արտեզյան ջրերը գերծախսվել են: «Կարելի է ասել, որ Արարատյան հարթավայրում աղետ է, եւ պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել փրկության համար»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա չցանկացավ նշել մեղավորներին, ասաց միայն, որ ձկնաբուծական տնտեսությունները, որոնք բացել են ապօրինի հորեր, այժմ ստուգվում են, եւ անօրինական հորերը փակվում են: Արարատյան հարթավայրում ընդամենը 800 միլիոն խմ վերականգնվող գրունտային եւ արտեզյան ջրի պաշար կա, որը 450 հորերի միջոցով օգտագործվում է 234 ձկնաբուծարանների կողմից:

Հանդիպմանը մասնակցող հասարակայնությունը հայտնեց իր անհամաձայնությունը:

Գավառի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյան. «Իսկական հանցագործություն է այդպես վարվել Սեւանի հետ: Չի կարելի լուծել մի խնդիր` ստեղծելով մեկ ուրիշը»:

«Սեւան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյան. «Հետաձգեք ծրագիը, եթե դուք պլան չունեք: Սկզբից մշակեք պլանը, դիտարկեք, իսկ հետո որոշում ընդունեք: Ի՞նչն է ձեր շտապելու պատճառը, անօրինական տները՞, որոնք կառուցված են ափին եւ որոնք պետք է փրկել: Սեւանից ջուրը վերցնում եք եւ բաց թողնում ուրիշ երկրներ, Կասպից ծով: Իսկ առանց ջրի մնում են Սեւանը եւ Արարատյան հարթավայրի հողագործները»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան. «Մենք այս խնդրի հետ բախվել ենք 2008թ-ին, երբ ասացին, որ Սեւանից ջրի բացթողումներն ավելացնում են երաշտի պատճառով, որն իրականում չէր եղել: Մենք դա ճշտեցինք Հիդրոմետի հետ: 2012թ-ին նույնպես ասացին, որ բացթողումներն ավելացնում են երաշտի պատճառով, որ դատարկ են երկու ջրամբարները: Հասկանալի չէ, թե ինչու էր պետք ջրամբարներից բաց թողնել ջուրը ձմռան եւ գարնան ժամանակաշրջանում: Այժմ ցանկանում եք ավելացնել բացթողումները ձկնաբուծարանների ջրի գերծախսի պատճառով: Ես չեմ հավատում նման հիմնավորումներին, չեմ կարող հավատալ»: Կ. Դանիելյանի խոսքերով`պնդումները, թե Սեւանի մակարդակը չի իջնի, ճիշտ չէ: Տվյալները ստուգման կարիք ունեն, քանի որ պաշտոնապես փոխվել է ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկի կետը, եւ հայտնի չէ` որտեղից հայտնվել է լրացուցիչ 22 սմ, որն ապահովում է անհրաժեշտ ցուցանիշը: «Եթե Սեւանը սկսել է ուշքի գալ, ուրեմն մակարդակը բարձրացել է, ցուցանիշները բարելավվել են: Հանգիստ թողեք նրան»:

Օրհուս կենտրոնների PR մենեջեր Մարի Չաքրյան. «Դուք ջրի կորուստներ ունեք բոլոր ջրատարներում եւ ջրամբարներում: Մի՞թե հնարավոր չէ ապահովել ոռոգումը այդ կորուսների վերացման եւ համակարգի վերակառուցման հաշվին»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Ծրագիրը նախատեսված է բացառապես ջրի ծախսի համար, ոչ մի այլընտրանք նրանում չկա, ոչ երաշտային տարիների համար, ոչ ջրառատ տարիների համար: Չկան հաշվարկներ եւ ծրագրեր Սեւանա լիճ թափվող գետերի ջրավազանների համար: Եվ ոչ ոք չի վերահսկում ջրի ծախսը կամ գերծախսը: Այսինքն` հիմնավորում, որպես այդպիսին, չկա: Իսկ դա անհրաժեշտ է»:

Լիանա Ասոյան. «Առաջարկում եմ ծրագրի ժամկետը կրճատել 5-ից մինչեւ 1 տարի, իսկ ավելի լավ է ընդհանրապես չվերցնել այդ ջուրը»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման ժամկետի այլընտրանք չեն դիտարկում: «Մենք ջրի իրական պակաս ունենք, եւ հնարավոր չէ 5 տարին փոխարինել 1-ով:  8000 հա հողը պետք է ոռոգել: Դրա համար է նախատեսված Սեւանից 240 միլիոն խմ ջրի բացթողումը»: Նրա խոսքերով` Սեւանի ջուրն ամբողջությամբ կգնա հողերի ոռոգման համար, այլ ոչ թե անդրսահմանային Արաքս գետ, ինչի մասին խոսում են էկոլոգները: Անդրանիկ Անդրեասյանը լավատեսորեն կարծում է, որ 5 տարի հետո ամեն ինչ լավ կլինի, գործի կգցվի Արփա-Սեւան թունելը, որը հիմա վերակառուցվում է, կվերակառուցվի ոռոգման համակարգը, եւ ջրի կորուստը կքչանա, եւ նաեւ կկառուցվեն նոր ջրամբարներ:

Անհասկանալի է միայն, թե ինչու պետությունը պետք է գումար ծախսի ջրամբարների կառուցման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման համար, եթե ոչնչացվում է  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պաշարով հսկայական բնական ռեզերվուարը` Սեւանա լիճը: Այստեղ իր խոսքը պետք է ասի ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի հսկողության տակ է Սեւանը: Եւ թեպետ նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նկատեց, որ նախարարությունը դեռ այս հարցի վերաբերյալ եզրակացություն չի տվել, ոչ ոք չի կասկածում, որ այն դրական կլինի, ինչպես բոլոր նախորդ անգամները:

Ծրագիրը կառավարությանն է ներկայացվելու ամանորյա տոներից անմիջապես հետո:

Դեկտեմբեր 26, 2013 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր