Անմեղներն ու մեղավորները

Անմեղներն ու մեղավորները

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երը չեն կարող ազդել ձկան պաշարների վրա: Մեղավորները` որսագողերն են: Նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը  2013 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրմանը նախարարը նշեց. «Մենք տարածաշրջանում առաջինն ենք և ջրային օրենսգրքի տեսանկյունից, և ջրավազանային կառավարման պլանների տեսանկյունից: Նախ ասեմ, որ 2014 թ-ի առաջին կիսամյակին մենք կունենանք հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքները, երկրորդը՝ մեր նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունը տալիս է ժամանակավոր՝ երեք տարի ժամկետով: Թույտվությունների տեսանկյունից մենք ոչ միայն չենք գերազանցել ծավալը, այլ մի բան էլ պակաս ենք տվել»:

Նախարարի այս կարծիքի հետ համաձայան չեն բնապահպանները: Նրանք բազմիցս նշել են, որ Հայաստանի նման սակավաջուր երկրում ջրային պաշարների նման անխնա օգտագործունը կարող է հանգեցնել աղետալի իրավիճակի. 150  փոքր ՀԷԿ հանրապետության տարբեր համայնքներում և 220 ձկնաբուծական տնտեսություն Արարատյան դաշտում: Արարատյան դաշտում վիճակը արդեն աղետալի է: Այդ մասին բարձրաձայնում է նույնիսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը, սակայն ՓՀԷԿ-երի սեկտորում նախարարը խնդիր չի տեսնում և անհեթեթ է համարում այն կարծիքները, որ ՓՀԷԿ-երը կարող են ցամաքեցնել գետը:

«ՀԷԿ-ը չի վերցնում ջուր եւ անվերադարձ կորցնում այն: Դա հնարավոր չէ: Մենք բնությունից ինչ վերցնում ենք, այն հետ ենք տալիս բնությանը:  Պարզապես պետք է ապահովել էկոլոգիական թողքը»,- ասաց Արամ Հարությունյանը: 
 
Էկոլոգիական թողքը պետք է ամրագրված լինի օրենքով, որով առաջնորդվում են տնտեսվարող սուբյեկտները: Բայց օրենքը աջակցում է բիզնեսին, իսկ շահագործող ընկերությունները, կարծես, մոռանում են սահմանափակումների մասին: Այս պարագայում նախարարությունը պարտավոր է իրականացնել վերահսկողություն  և համապատասխան պատիժներ սահմանել օրինախախտների նկատմամբ: 

Արամ Հարությունյանի պնդմամբ` նախարարությունը իրականացնում է բնապահպանական վերահսկողություն: Նա օրինակ բերեց Արագածոտնի մարզում Ամբերդ գետի վրա կառուցված «Ամբերդ» ՓՀԷԿ-ը. «Երբ «Ամբերդ» ՓՀԷԿ-ի հետ կապված խաթարվել էր ոռոգումը, կանչեցինք տերերին, ՋՕԸ-ին, համայնքապետին, ասեցինք. «Նստեք, էս թուղթը ստորագրեք»: «Ամբերդ» ՓՀԷԿ-ը իր ջրօգտագործման փականը տվեց ՋՕԸ-ին եւ ասաց. « ՋՕԸ, փականի տերը դու ես, քեզ երբ, ինչքան ջուր պետք է, արի, բացի, էս ջուրը վերցրու»:

ՓՀԷԿ-երի նախագծերին դրական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ նախարարը հաստատեց, որ առանց համայնքի դրական կարծիքի նախարարությունը դրական եզրակացություն չի տալիս: «Ես հայտարարում եմ, որ եթե որևիցե համայնքում կլինի բացասական կարծիք քննարկման ժամանակ, մենք փորձաքննական նյութին դրական եզրակացություն չենք տա»,- նշեց նախարարը: Իսկ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի հետ կապված սկանդալային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան, նախարարը նախ պատմեց ՓՀԷԿ-ի առաքելությունը ամբողջ աշխարհում, իսկ հետո էլ ընդամենը ավելացրեց, որ իրենք ունեն լսումների արձանագրության դրական եզրակացություն: Բողոքի ալիք բարձրացրած բնակիչների և նրանց իրավունքների մասին նախարարը ոչ մի խոսք չասաց:

Հիշեցնենք, որ մարցեցիները 2013թ-ի մարտի 5-ին «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի համար նախատեսված խողովակները գլորել էին գետը, իսկ նոյեմբերի 17-ին ակտիվիստների հետ միասին փակել էին դեպի Վրաստան տանող ճանապարհը:

Իսկ «Արփա-3» ՓՀԷԿ-ի վերաբերյալ, որի հասարակական լսումներին մասնակցում էր Ջերմուկի ընդամենը մեկ բնակիչ, նախարարը արձագանքեց այսպես. «Ինչի՞ եք լսումներին մենակ գնում,  բա մի տաս հոգու ասեիք թող գան,  դա՞ էլ ես անեմ»:

Այնպես որ, առաջին դեպքում մեղավոր դուրս եկան որսագողերը, երկրորդ դեպքում` լրագրողները, իսկ տնտեսվարող սուբյեկտները նախարարության հետ միասին ինչպես պարզվեց պատասխանատվություն չեն կրում ոչ ցամաքած գետերի, ոչ վերացած կենսաբազմազանության և ոչ էլ համայնքներում առաջացող խնդիրների և կոնֆլիկտների համար:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Հունվար 15, 2014 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր