

ԷկոԼուր
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ, մասնավորապես, Արարատյան հարթավայրի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և ընդերքօգտագործման ոլորտում խնդիրների կապակցությամբ: Ամեն ինչ սկսվեց «Ժողովուրդ» թերթի հրապարակումից, որում ասված էր. «ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, և ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտը սնուցող ջրային պաշարների հարցով»: Հրապարակման մեջ նախարար Հարությունյանը մեղադրվում է չափից ավելի ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու մեջ, ինչը բերել է Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների ոչնչացմանը և հանգեցրել աղետի:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ, իրոք, բնապահպանության նախարարության հետ կապված խնդիրներ կան: Նա մասնավորապես ասել է. «Այո, քրեական գործ է հարուցված, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չենք կարող այլ ինֆորմացիա հրապարակել»: Դատախազության մամուլի ծառայությունից միայն հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը):
Առաջացած աղմուկի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ և ստացավ հետևյալ պարզաբանումը.
«Մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք, որ բնապահպանության նախարարությունը Արարատյան հարթավայրում առկա խորքային հորերի օրինականությունը պարզելու համար օրենքով սահմանված կարգով վերջին 3-4 տարիներին ստուգումներ է իրականացնում: Ստուգումների արդյունքում հայտնաբերված ապօրինի հորերի վերաբերյալ նյութերը այս 3-4 տարիների ընթացքում փոխանցվել են իրավապահ մարմիններին, որոնց վերաբերյալ այսօր ընթանում է քննություն, և բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ստուգումները այդ ոլորտում իրականացրել է, իրականացնում է և իրականացնելու է հետագայում էլ` համագործակցելով իրավապահ մարմինների հետ և նրանց փոխանցելով օրինազանցների վերաբերյալ նյութերը»:
Արմեն Վարդանյանը չհաստատեց ընդերքօգտագործման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով քրեական գործի հարուցումը:
Հունվար 16, 2014 at 17:00
