«Գնացեք, ով ձեր հողերը վաճառել է, նրանից էլ պահանջեք». Տարոն Մարգարյանը` Դալմայի հողօգտագործողներին

«Գնացեք, ով ձեր հողերը վաճառել է, նրանից էլ պահանջեք». Տարոն Մարգարյանը` Դալմայի հողօգտագործողներին

ԷկոԼուր

«Գնացեք, ով ձեր հողերը վաճառել է, նրանից էլ պահանջեք»,- այսպես է պատասխանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրենց հողերի համար փոխհատուցում պահանջող  Դալմայի այգիների հողօգտագործողներին: Այս մասին hողոգտագործողները ԷկոԼուրին պատմեցին փետրվարի 7-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ:  

Հողօգտագործող Ջուլիետտա Արշակյանի խոսքով` քաղաքապետը նշել է, որ նոր օրինագիծ է մշակվում. այդ հողերը ուզում են հետ վերցնել, նորից  աճուրդի հանել, որ հողօգտագործողների գումարները տան: «Գյուլնազ տատու հեքիաթներ: Ես առաջարկեցի, որ համայնքային բյուջեից փոխհատուցեն, թող նրանք քաղաքապետարանին պարտք մնան, բայց քաղաքապետը չհամաձայնվեց»,- ասաց Ջուլիետտա Արշակյանը:

«Օրինական մեզ հասնում է հողամաս գոնե այլ տեղ, եթե ոչ այստեղ: Մինչեւ մեր վերջին գումարը փոխհատուցումը չստանանք, պայքարելու ենք  մինչեւ վերջին մարդը»,- ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

«2003թ կառավարությունը Դալմայի հողօգտագործողների ձեռքից վերցրեց այդ հողերը, առանց որեւէ հողօգտագործողի կարծիք հարցնելու, ինչը Օրհուսի կոնվենցիայի խախտում է»,-նշեց նա: Այս առիթով 2013թ. հոկտեմբերի 17-ին «Դալմա-Սոնա» հիմնադրամը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «Դիմել ենք, որպեսզի ստանանք արդյունավետ իրավական պաշտպանություն Հայաստանին տրված  Օրհուսի համապատասխանության կոմիտեի հանձնարարականի համաձայն, բայց պատասխան առայժմ չենք ստացել»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը: Հայաստանը վավերացրել է  Օրհուսի կոնվենցիան 2001թ-ին:

Հողօգտագործողներից 32-ն արդեն ստացել են փոխհատուցում: Մոտ 20-ը դեռ պայքարում են: «Եթե մյուսներին տվել են, ուզեն-չուզեն, պետք է` մերն էլ տան»,-բողոքում են նրանք:

«Պայքարը պետք է լինի հետեւողական: Հավատացած եմ եւ հույս ունեմ, որ իրենք կշարունակեն իրենց պայքարը, որովհետեւ այդ պայքարը միայն իրենց իրավունքների եւ շահերի համար չէ, այլ ողջ երկրի ապագայի համար»,- այս խոսքերով ողջունեց հողօգտագործողների պայքարի այս քայլը ակցիային պատահաբար ականատես եղած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողներն իրենց իրավունքների համար պայքարում են արդեն 11 տարի:

Փետրվար 07, 2014 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր