

ԷկոԼուր
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սույն թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Մագելի քարանձավը տուրիզմի նպատակով օգտագործելու խնդրին: Հիշեցնենք, որ էկոլոգներն ու կենդանաբաններն արդեն մի քանի տարի է` բողոքում են Մագելի քարանձավը վարձակալության հանձնելու դեմ, քանի որ քարանձավն առանձնանում է յուրահատուկ կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, քարանձավում բնակվում են ՀՀ Կարմիր գրքում և IUCN-ի միջազգային կարմիր ցուցակում գրանցված չղջիկներ:
Մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարը հայտարարել է, որ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում էկոլոգների հետ: Նրա խոսքով՝ նրանք ստացել են հնարավորություև ծանոթանալու մրցույթին ներկայացված նախագծային փաթեթներին: «Էկոլոգները համաձայնեցին նրա հետ, որ նախագծային փաթեթներում ներառված էին չղջիկների պահպանման, ինչպես նաև քարանձավ այցելելու սեզոնային արգելքների հետ կապված կետեր»,- նշել է Հասմիկ Պողոսյանը» (Արմինֆո գործակալության նյութը «Մագելի քարանձավը. չղջիկների պահպանում թե տուրիզմի զարգացում» http://arminfo.am/index.cfm?objectid=04964B30-8FE8-11E3-A8E90EB7C0D21663 ):
Ըստ ԷկոԼուրի հավաստի աղբյուրների` նախարար Հասմիկ Պողոսյանը չի հանդիպել ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանի հետ, ով ուսումնասիրել է չղջիկների գաղութի վիճակը այդ թվում և Մագելի քարանձավում:
Չի հանդիպել նաև Հայաստանի թռչունների պահպանման միության նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանի հետ, ով կամավոր հիմունքներով զբաղվում է Մագելի քարանձավում կենսաբազմազանության պահպանմամբ: Այսինքն, նախարարը չի հանդիպել ոչ ոքի հետ, ով պահպանում է քարանձավը և բարձրացրել է ահազանգը: Ինչ վերաբերում է պաշտոնական էկոլոգներին կամ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին, ապա նրանց հետ պաշտոնական հարաբերություններ չեն եղել, քանի որ այդ հարաբերությունները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Իսկ ԷկոԼուրը ստացել է պաշտոնական պատասխան այն մասին, որ Մագելի քարանձավը տուրիստական օբյեկտի վերածելու վերաբերյալ որևէ նախագիծ դեռեւս բնապահպանության նախարարությանը չի ներկայացվել:
Մենք նաև ուզում ենք պարզաբանել նաեւ այն փաստաթուղթը, որը ցույց է տալիս «Ինկար» ՍՊԸ-ն: «Շրջակա միջավայրի վրա ազդոցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` այն կորցրել է ուժը և անվավեր է: Այսպիսով, անհասկանալի է մնում, ի՞նչ էր ուզում ասել մշակույթի նախարարը և ո՞ր էկոլոգների հետ է նա հանդիպել:
Լուսանկարները` Մամիկոն Ղասաբյանի
Փետրվար 11, 2014 at 16:19


