

ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցից մինչև Մեղրի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կզարգացնեն էկոտուրիզմը: Այս առիթով փետրվարի 21-ին Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը, Բնության հանաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
«Այսօր հիմք է դրվում մի մոտեցման, որը թույլ կտա համակցված բարեփոխումների միջոցով իրականացնել կայուն և մրցունակ զբոսաշրջության զարգացում հատուկ պահպանվող տարածքներում, որը հիմնված կլինի բնական ռեսուրսների կայուն օգտագործման և համայնքային ունակությունների զարգացման վրա»,- ասաց Արման Խաչատրյանը:
Կարեն Մանվելյանը նշեց, որ WWF-ը դիտում է էկոտուրիզմը որպես բնական ռեսուրսների կայուն օգտագործման միջոց: «Աշխարհում դա կոչվում է այցելուների ծրագիր: Այցելուների խումբը բաղկացած է լինելու ամենաշատը 10 հոգուց: Օրեկան կարող են այցելել առավելագույնը 50 հոգի: Բացի պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքներից, մենք աշխատում ենք նաև համայնքների հետ՝ փորձելով այնտեղ խթանել այլընտրանքային ապրելամիջոցների ստեղծման գործընթացը»,- ասաց Կարեն Մանվելյանը՝ հավելելով, որ էկոտուրիզմը կարող է հարակից համայնքների համար դիտվել որպես եկամուտի աղբյուր:
Քանի որ խոսքը գնում է հատուկ պահպանվող տարածքների մասին, հարց է առաջանում՝ չի՞ վնասի արդյոք տուրիզմը բնության պահպանությանը: Դեյվիդ Մորիսոնի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ ընթացող տուրիզմը բնության պահպանության հետ գնում է ձեռք ձեռքի. «Խոսքը էկոտուրիզմի մասին է, այլ ոչ թե զանգվածային տուրիզմի: Մենք չենք ուզում տեսնել, որ մարդիկ իրենց ետևից թողնում են գարեջրի շիշ կամ աղբ: Մենք ուզում ենք, որ երիտասարդները, մեծերը, արշավականները գան ծանոթանալու վայրի բնությանը»: Դեյվիդ Մորիսոնի խոսքով՝ այցելուների քանակը և նրանց գործողությունները վերահսկվելու են: Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում այժմ արդեն ներդնում է տարեկան 650 000 դոլար գումար:
Փետրվար 21, 2014 at 22:59
