

ԷկոԼուր
‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Խոսքն այն մասին է, որ բնապահպանական տեսչությունը ընկերության վրա 380 միլիոն դրամի տուգանք էր դրել, ինչի հետ ընկերությունը համաձայն չի եղել: Մանրամասները ‹‹Dundee Precious Metals Kapan›› ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ հարցազրույցում:
ԷկոԼուր.
- 2013 թ. դեկտեմբերին դուք ընկերության աշխատողներին հայտարարել եք, որ չեք կարող նրանց վճարել ամանորյա խրախուսական պարգևատրումները, քանի որ ընկերության վրա դրված է 1 միլիոն դոլարի տուգանք: Ստուգումները անցկացվել են բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից հասարակության ահազանգերի հիման վրա: Մինչ օրս նախարարությունը չի պատասխանել ստուգումների արդյունքների և տուգանքի չափի վերաբերյալ հարցմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Հրաչ Ջաբրայան.
- Ես երբևիցե նման հայտարարություն չեմ արել, դա ճիշտ տեղեկատվություն չէ, դա ինչ-որ մեկի ենթադրությունը կամ երևակայությունն է: Մեր աշխատավորների գնահատումը որևէ կապ չունի կառավարության կամ արտաքին քաղաքականության գործերի հետ: Մեր աշխատողները վարձատրվում են իրենց աշխատանքի հաջողության պայմաններով: Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա հստակ ասեմ, որ բնապահպանության նախարարությունը եկավ մեզ մոտ և երկար ժամանակ ստուգումներ անցկացրեց, մոտ 70 օր: Ես զգացի, որ այդտեղ մի բան այն չէ, այսինքն, երբ դու հիմնավորված ինչ-որ բանով ես եկել, դու ինձ հստակորեն ասա, ինչ ես ման գալիս: Ես արտահայտեցի իմ դճգոհությունը և նախարարության, և պետական եկամուտների կոմիտեի դեմ և խնդրեցի նախարար Արամ Հարությունյանին հանդիպել, քանի որ տեսնում եմ, որ ինչ-որ բան կա, որը ես չգիտեմ և ուզում եմ հասկանալ: Իմիջիայլոց, ես նոր տնօրեն եմ և երբեք չէի հանդիպել նախարարի հետ:
Հոկտեմբերին կազմվել է ակտը, և տուգանքի գումարը կազմել է 380 միլիոն դրամ: Իհարկե ես համաձայն չէի դրա հետ: Պետք է լինի հիմնավորում, թե ինչի են մեզ վրա այդքան մեծ տուգանք դրել, համապատասխան ո՞ր օրենքի:
Ես հանդիպեցի նախարարի հետ և ասացի, որ համաձայն չեմ և նախարարությունը ունի խնդիր, որը պետք է լուծի: Ստեղծվեց հանձնաժողով (բնապահպանական տեսչության պետի տեղակալ մարզպետ Քամալյանի ղեկավարությամբ): Հանձնաժողովի կազմում էին նաև մեր աշխատակիցները և իրավաբանները: Ի վերջո հստակորեն պարզվեց, որ նախարարության աշխատակիցները սխալ աշխատանք էին տարել մեր տարածքում: Իրենք, սխալ հոդվածներ օգտագործելով, ոչ ճիշտ մոտեցումներ ցուցաբերելով, տվել էին այդ գումարի եզրակացությունը: Մենք հաշվեցինք և եկանք այն հայտարաության, որ ընդհանուր գումարը պետք է կազմի մոտ 30 միլիոն առավելագույնը:
ԷկոԼուր.
- Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ գումարի չափը մի քանի անգամ պակասեց՝ 380 միլիոնից հասնելով մինչև 30 միլիոն դրամի:
Հրաչ Ջաբրայան.
- Ես զարմացած չեմ: Եթե մենք լրջորեն նայենք որակին որոշ կառույցների, այնտեղ լուրջ բացթողումներ կան: Այստեղ ես չեմ կարող ասել, որ Սյունիքի բնապահպանական տեսչությունը լավ է աշխատում: Ես կանադահայ եմ, և մեր ստանդարտները այնտեղ շատ բարձր են, և մենք այստեղ այդ մակարդակին չենք հասել: Այսինքն, հնարավորությունները այստեղ շատ ավելին են, որ աշխատողները ճիշտ արած չանեն, կամ ուրիշ տրամադրություն, ուրիշ լարվածություն ունենա, կարող է նաև անձնական հարցեր ունենա:
ԷկոԼուր.
- Այսինքն, չե՞ք բացառում անձնական մոտեցում ձեր ընկերության նկատմամբ:
Հրաչ Ջաբրայան.
- Ես ոչ մի բան չեմ բացառում: Իմ վրա եղել են անձնական հարձակումներ, որպես սփյուռքահայ այնքան դժվարություններ են ստեղծված եղել ինձ համար, որ ես չեմ զարմանա: Ես չեմ ուզում, որ որևէ մեկը օրենքը խախտի` ո′չ ընկերությունը, ո′չ կառավարության աշխատակիցը, ո′չ էլ հասարակ քաղաքացին: Երբ մեր և իրենց իրավաբանները հաշվարկեցին և տեսան, որ որոշ հոդվածներ, որոնք իրենք օգտագործել են մեր դեմ, կիրառելի չեն, այդ գումարը իջավ 30 միլիոնի: Ասեմ, որ այդ 30 միլիոնը մենք արդեն վճարել ենք, փոխանցել ենք նախարարությանը 2013 թ-ի դեկտեմբերին:
ԷկոԼուր.
- Մենք ամեն շաբաթ ստանում ենք բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքները և ոչ մի հաղորդագրության մեջ մենք նման գումար չենք տեսել:
Հրաչ Ջաբրայան.
- Ես չգիտեմ իրենց ներքին օրենքները, երբ են ստանում, երբ են հրապարակում:
ԷկոԼուր.
- Մենք հրաժարվեցինք Եվրոասոցացման պայմանագրից և մտադիր ենք մտնել Մաքսային միություն: Կ՞ա արդյոք մտավախություն, որ դա քաղաքական ճնշում է:
Հրաչ Ջաբրայան.
- Որքան քաղաքականությունից հեռու մնանք, այնքան ավելի լավ մեզ համար: Ես մտերիմ հարաբերություններ ունեմ Հայաստանի կառավարության բարձագույն մարմինների հետ, բայց և այնպես դրանք բիզնեսի առումով են: Մինչև օրս Հայաստանի կառավարության կողմից որևէ ճնշում չենք զգացել, որևէ նախարարության ներկայացուցչի կողմից, կամ նախագահի մակարդակով, ոչ էլ շշուկներ ենք լսել: Մենք չպիտի քաղաքականությամբ զբաղվենք, մենք պիտի թողնենք, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը կառավարի երկիրը այնպես, ինչպես ինքն է ուզում, մենք ասելիք չունենք այդտեղ: Բայց մտահոգություն միշտ էլ կա:
ԷկոԼուր.
- Եվրոպական բանկը միշտ ասել է, որ կաջակցի ձեզ այն դեպքում, եթե լինի բաց հանք: Բանկի պատվիրակները ձեզ այցելո՞ւմ են, կա՞ն բանակցությունների արդյունքները:
Հրաչ Ջաբրայան.
- Այստեղ բանկի կողմից աջակցվող ծրագրեր չկան: Քանի դեռ Դանդիի տնօրենը Հրաչ Ջաբրայանն է, այստեղ բաց հանք չի լինելու: Ես այդ մասին ասել եմ և չեն դրժի իմ խոսքը: Բայց և այնպես EBRD-ի հետ հարաբերություններ կան, քանի որ ‹‹Dundee Precious Metals Kapan›› բանկի հաճախորդն է: Բանկը աջակցում է մեր ծրագրերին այլ երկրներում: Բայց Կապանի համար մենք ֆինանսավորման կարիք չունենք, մենք այստեղ մեր ջանքերով կարող ենք ֆինանսավորենք: Բայց եթե լինի համապատասխան նախագիծ, հնարավոր է:
Մարտ 03, 2014 at 11:36
