Ի վերջո, պարզվեց, որ Օհանավանում կառուցվում է ՓՀԷԿ և այն կոչվում է «Շամիրամ-1»

Ի վերջո, պարզվեց, որ Օհանավանում կառուցվում է ՓՀԷԿ և այն կոչվում է  «Շամիրամ-1»

ԷկոԼուր

Վերջին օրերի ամենաաղմկահարույց դեպքը կապված է Արագածոնտի մարզում Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ: Մարտի 6-ին ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ դուրս եկած 7 համայնքի բնակիչները և բնապահպան-ակտիվիստները փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը: Տեղի են ունեցել սուր բախումներ ոստիկանության հետ: Այս իրադարձությունների վերաբերյալ այսօր՝ մարտի 6 -ին, ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: 

«Ողջ խնդիրը նրանում էր, որ ժողովուրդը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Պաշտոնական անձիք կանգնած 5 րոպի ընթացքում 8 տարբեր բան էին ասում. արագահոս ենք կառուցում, արագահոս չենք կառուցում, ՀԷԿ ենք կառուցում, ՀԷԿ չենք կառուցում, կարծես թե ծաղրում էին,- ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը,- մարդիկ երեկ ընդամենը օրենք էին պահանջում, ասում էին փաստաթուղթ ցույց տվեք, փաստաթուղթ ցույց տալու փոխարեն ելել իրար էին բրդում»:

Խնդիրը մարտի 7 -ին քննարկվել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Լյովա Խաչատրյանը:  «Ես ասացի, որ մարդիկ ունեն մտահոգություններ...մարդկանց պետք է բացատրել, թե ինչ է տեղի ունենում,- ասաց Լյովա Խաչատրյանը,- այսօր ժողովուրդը չի հավատում ոչնչի, մարդկաց թվում է, թե արդեն բոլոր գործողություններն են վատ»: Փոխվարչապետը Լյովա Խաչատրյանին խոսք է տվել ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի իրավիճակը և կբացատրի բնակչությանը դրական և բացասական կողմերը:

«Ես կխնդրեի պարոն փոխվարչապետին կարդալ օրենքները: Եթե տրվում է ջրօգտագործման թույլտվություն, տրվում է կոնկրետ այդ ընկերությանը ՓՀԷԿ կառուցելու համար, պետք է այդպես ասել, ոչ թե ասել, որ մենք տվել ենք ջրօգտագործման թույլտվություն, որպեսզի այդ ընկերությունը վերանորոգի արագահոսը, օրենքով նման հասկացողություն չկա,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը,- եկեք հասկանանք, որ այսօր խնդիրը համակարգային է, գյուղացին այսօր կանգնել է անվստահության պատճառով»: 

«Հարցը նա է, որ գյուղացուն բերեցին հասցրեցին այս կետին, որ նա, չունենալով բողոքի այլ ձև, դուրս գա և փակի մայրուղին: Մենք նույնպես միացանք գյուղացիներին,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Աղլամազյանը,- ժամից ավել գնում էր բանակցություններ, որ հանեք շինարարական տեխնիկան, և մենք կբացենք ճանապարհը: Ոստիկաննները և քաղաքացիական հագուստով ոստիկանները մտան ժողովրդի մեջ և սկսեցին համոզել, թե եկեք գնանք ՀԷԿ-ի տարածք, տեսեք ոնց ենք հանում շինտեխնիկան: Սկսվեցին տարակարծություններ. գյուղացիները մի մասը համաձայնեց, իսկ մյուս մասը ասաց, որ ոչ, մինչև չհանեք, չենք բացի մայրուղին: Երբ նրանց հաջողվեց գյուղացիների մի մասին մի կողմ տանել, իրենք ուղղակի հարձակվեցին մեր մի քանի ակտիվիստների վրա և փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել: Կեցցեն մեր գյուղացիներ, որ հենց այդ պահին շրջափակեցին մեքենան՝ թույլ չտալով բերման ենթարկել մեզ»: Աննա Աղլամազյանը պատմեց, որ այդ ժամանակ ոստիկանները և քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսել են խփել և հայհոյել իրենց՝ փորձելով այդտեղից հեռացնել ակտիվ երիտասարդներին: «Ի վերջո, մի քանի հոգու բերման ենթարկելու հրամանը կար, և երբ մենք վերադարձանք Երևան, Լենինգրադյան փողոցի վրա օրը ցերեկով, բնակիչների աչքի առջև 30-40 «խուժան»՝  5-ը ոստիկանական, մնացածը քաղաքացիական հագուստով, հարձակվեցին մեզ վրա, 4 հոգու դրեցին մեքենաները և տարան Աշտարակի ոստիկանություն: Դուք պետք է տեսնեիք բնակիչների և երեխաների հայացքները, այնպիսի տպավորություն էր, որ մենք հանցագործներ ենք, և մեզ ուղղակի հավաքեցին տարան»,- պատմեց Աննա Աղլամազյանը: 

«Այդ արագահոսը սպասարկվում է մեր կողմից: Մեր պայմանն է եղել, որ եթե ուզում եք ՀԷԿ կառուցել, դուք պետք է վերանորոգեք արագահոսը այդ հատվածը,- ասաց «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:  Մինչ օրս ո՛չ մարզպետը, ո՛չ ընկերության տնօրենը չէին խոստովանում,  որ կառուցվում է ՓՀԷԿ, մինչդեռ ասուլիսի վերջում Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի պահանջները` ուղղված «ԳԱՀԱ Էներջի» ընկերությանը, որտեղ նշված է փոքր ՀԷԿ-ի անվանումը, կառուցող ընկերության անվանումը և պահանջները, որոնք պետք է կատարվեն ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում: Վիճահարույց կառույցը կոչվում է «Շամիրամ-1» ՓՀԷԿ: 

Մանրամասները` տեսանյութում: 

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։



Մարտ 07, 2014 at 21:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր