

ԷկոԼուր
Մարտի 21-ը նշվում է որպես Անտառների միջազգային օր: Աշխարհը անտառների օրը նշում է սկսած 1971 թվականից:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` անտառները տալիս են պարենամթերք, դեղամիջոցներ եւ վառելիք, ապահովում են ապաստանով եւ ծառայում են որպես եկամտի աղբյուր մոլորակի 1,6 բնակչության համար: Անտառներն էական դեր են խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Անտառները նպաստում են թթվածնի, ածխաթթու գազի եւ խոնավության հավասարակշռված պարունակության ապահովմանը օդում, որ մենք շնչում ենք: Պաշտպանում են ջրբաժանները, որոնք ապահովում են աշխարհում քաղցրահամ ջրերի 75%-ը: Սակայն, չնայած բոլոր էկոլոգիական, տնտեսական, սոցիալական եւ բժշկական անգին յուրահատկություններին, անտառը ոչնչացվում է անխնայորեն: Տարեկան հատվում է 13 միլիոն հեկտար անտառ: Անտառահատումներին է բաժին է հասնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 12-20% - ը, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը:.
Անտառների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Անտառները մեր մոլորակի թոքերն են: Նրանք ծածկում են ամբողջ մոլորակի մեկ երրորդը եւ ծառայում են որպես բնական միջավայր ֆլորայի եւ ֆաունայի 80 տոկոս երկրային տեսակների համար: Անտառները հսկայական նշանակություն ունեն կայուն զարգացման, ամենատարբեր արդի խնդիրների լուծման համար` աղքատության հաղթահարումից մինչեւ պարենով ապահովում, կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմումից եւ նրա նկատմամբ հարմարվողականությունից մինչեւ բնական աղետների վտանգի մեղմումը:
Հաշվարկված է, որ անտառները ապահովում են պարենով եւ վառելիքով, տրամադրում են ապաստան եւ ծառայում են որպես եկամտի աղբյուր 1.6 միլիարդ մարդու:.Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների`մարդկանց 65 -ից մինչեւ 80 տոկոսը որպես հիմնական բուժական միջոց օգտագործում է դեղամիջոցներ` ստացված ֆլորայի եւ ֆաունայի անտառային տեսակներից:
Անտառը ոչ միայն աշխարհի աղքատ բնակչության զգալի մասի գոյատեւման միջոցների կարեւոր աղբյուրն է, այլ նաեւ արժեքավոր ռեսուրս բոլոր մակարդակներում տնտեսական գործունեության համար: Գերանների արտադրության, փայտանյութի վերամշակման եւ ցելյուլոզաթղթային արդյունաբերության ոլորտում ապահովում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 1 տոկոսը: Միեւնույն ժամանակ անտառները տալիս այնպիսի ոչ դրամական օգուտներ, ինչպիսիք են ջուրը, էներգիան, ապրելավայրը, դեղամիջոցները, որոնք գերազանցում են այս արժեքը 2-3 անգամ: Անտառածածկով ջրահավաք ավազանները պարունակում են քաղցրահամ ջրի երեք չորրորդը, որն օգտագործվում է գյուղատնտեսական կարիքների, արդյունաբերության, էներգետիկայի եւ ներքին ջրամատակարարման համար:
Անտառների միջազգային օրը կոչված է ցույց տալու բոլոր տեսակի անտառների եւ ծառերի կարեւորությունը սոցիալ - տնտեսական զարգացման գործում, շրջակա միջավայրի եւ մշակույթի վիճակները: Դրա հետ մեկտեղ այդ օրվան պետք է աջակցել կոնկրետ գործողություններով: 2015 թվականից հետո, զարգացման ծրագրի մշակման ընթացքի հետ կապված, կոչ եմ անում բոլորին հաշվի առնել անտառների կարեւոր դերը եւ պարտավորվել ընդհանուր ուժերով պահպանել այդ կարեւոր էկոհամակարգերը եւ ռացիոնալ օգտագործել նրանց ռեսուրսները»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանի տվյալների համաձայն` 1 հա անտառն ապահովում է 969 դոլլարի տարեկան օգուտ: Արևադարձային անտառների մեկ ծառի արժեքը՝ որպես փայտ, 500 դոլլար է, բայց ծառի էկոլոգիական եկամուտն իր կյանքի ընթացքում՝ ջրապահպան ֆունկցիան, թթվածին արտադրելու ֆունկցիան, եւ այն, որ ծառը միջատների, թռչունների բնակատեղի է, գնահատվել է 200.000 դոլլար:
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանի անտառային հողերը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում են 459.9 հազ. հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են , այդ թվում` 283.6 հազ. հեկտարը բնական անտառներն են, իսկ 50.5 հազ. հեկտարը՝ արհեստական:
20-րդ դարում Հայաստանի անտառները երկու անգամ ենթարկվել են գերհատումների: Առաջինը կատարվել է 1930-50-ական թվականներին, երբ գլխավոր հատումների միջոցով տարեկան հատվել է շուրջ 450 հազար խմ: Գերհատումների երկրորդ շրջանը, էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով, կատարվել է 1991-2000 թվականներին, որի ընթացքում, համաձայն միջազգային կազմակերպությունների դիտորդների տվյալների, հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն խմ անտառանյութ, որի շուրջ 70 %-ը բաժին է ընկել ապօրինի հատումներին: Ներկայումս անտառային տարածքներում վերջնական անտառշինության բացակայության պատճառով վերը նշված տվյալները պաշտոնապես հաստատված չեն:
Մարտ 21, 2014 at 13:20
