

ԷկոԼուր
ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Այս մասին Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է մարզպետը:
Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա եւ շինտեխնիկա է բերել նախատեսված տարածք՝ ասելով, թե վերակառուցում են ջրանցքը։ Սակայն Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում: Դա առաջացրել էր բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք համոզված էին, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Ի նշան իրենց բողոքի` մարտի 19-ին նրանք փակել էին Ապարան-Երեւան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո Նախագահի հանձնարարությամբ` բնակիչներին հայտարարվել է շինաշխատանքների դադարեցման լուրը:
Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու համար:
Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:
Մարտ 21, 2014 at 15:04
