

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը խոստանում է անցկացնել տեսչական ստուգումներ Ջերմուկում փոքր ՀԷԿ-ի տարածքում զանգվածային ծառահատումների վերաբերյալ հրապարակումների ահազանգերի հիման վրա: Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը և առավել ևս նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման թույլտվություն տալ, քանի որ այն նախարարության և նախարարի լիազորություններից դուրս է» ... Այնուհետև. «ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել…» և «…հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»։
Պատահական է, թե ոչ պատահական, բնապահպանության նախարարության արձագանքի մեջ աղավաղված է իրական վիճակը: Հիշեցնենք, որ Արփա գետի վրա կողք կողքի կառուցվում են միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-եր:
«Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ը կառուցվում է անտառային տարածքի վրա «Ջերմուկ Տուրբոշին» ընկերության կողմից: Հենց «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ տեղի բնակչությունը բազմիցս ահազանգել է 300-500 ծառերի հատման անօրինականության վերաբերյալ:
«Գնդեվանք» ՓՀԷԿ-ը կառուցվում է «ԲԻ ԷՍ ԲԻ» ընկերության կողմից: Հասարակության և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից նախագծին բազմաթիվ նկատողություններ արվեց անչափ վատ դիզայնի և ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի կապակցությամբ:
«Ջերմուկ-2» ՓՀԷԿ-ի նախագիծը ներկայացվել է «Ջերմուկ Հիդրոտեխ» ընկերության կողմից:
Եվ վերջապես, «Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագիծը, իսկապես, ներկայացված է «Ջինջ Արփա» ընկերության կողմից և, իսկապես, բնապահպանական փորձաքննություն է անցնում:
Այսպիսով, արձագանքելով ահազանգերին, բնապահպանության նախարարությունը պետք է ստուգումներ անցկացնի Արփա գետի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երում, մասնավորապես, «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ում, որը կառուցվում է անտառային տարածքի վրա և պետք է հատի (կամ արդեն հատել է) մինչև 500 ծառ` չունենալով դրա թույլտվությունը:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 07, 2014 at 12:49
