Ինչի՞ վրա են ծախսվում Երեւանի կանաչապատման համար նախատեսված միլիարդները

Ինչի՞ վրա են ծախսվում  Երեւանի կանաչապատման համար նախատեսված միլիարդները

ԷկոԼուր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հավաքագրած տվյալների համաձայն` 1990 - 2007 թթ. Երևանում կանաչ տարածքները նվազել են մոտ 3 անգամ: Այս մասին նոյեմբերի 6-ին ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրի համակարգող Լենա Նազարյանը:

«Կանաչապատ տարածքի ընդհանուր մակերեսը 1990թ. եղել է 1254.30 հա, որից 74.01% եղել է կանաչապատ, 2003 թ. կանաչապատ տարածքների ընդհանուր մակերեսը աննշան է փոխվել՝ 1251.20 հա, բայց նվազել են կանաչ տարածքները՝ 43.18%, իսկ 2007թ.՝ 29.04%», - ասաց Լենա Նազարյանը:

Իսկ ի՞նչ բյուջե է նախատեսված մայրաքաղաքում կանաչապատման համար 2014 թվականին:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի քաղաքապետարանի 2014թ. ընդհանուր բյուջեից շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված է 7 միլիարդ 298 միլիոն 096 հազար 300 դրամ:  Իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 91 միլիարդ 111 միլիոն 565 հազար 600 դրամ», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը` նշելով, որ այս գումարները ծախսվում են ոչ նպատակային: Ներկրվում են թանկարժեք բուսատեսակներ, որոնք դիմացկուն չեն Երեւանի խիստ կլիմայական պայմանների նկատմամբ: Բացի այդ, կանաչապատումն իրականացվում է ոչ թե ծառերի, այլ ծաղիկների միջոցով, ինչը նպատակահարմար չէ քաղաքի օդային ավազանի մաքրման եւ պահպանման համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանի խոսքով՝ քաղաքում ապրող մեկ բնակչի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: 2007 թ. վիճակով դա կազմում է շուրջ 3.3-3.4 քմ:

Հ. Սայադյանի կարծիքով՝ Երևանում անհրաժեշտ է ավելացնել ծառատունկերը և թփուտները, ընդ որում, ավելացնել ասեղնատերևավորների քանակը: 

«Կանաչ տարածքները ծաղկապատման միջոցով ավելացնելն այդքան էլ լավ պրակտիկա չէ, որովհետև ծաղիկն ունի կարճ բուսաճման շրջան, իսկ մնացած ամբողջ շրջանում այդ տարածքը մնում է դատարկ, և այդ մակերեսը չի աշխատում բնակչության համար: Երևանի կանաչապատման մեջ 85 տոկոսով օգտագործվել են լայնատերևներ, որոնք արդեն տերևաթափվում են: Սկսած այս ժամանակահատվածից մինչև ապրիլ ամիսը փաստորեն փոշի կրող, աղմուկը խլացնող մակերես մենք չունենք, և այս ամբողջ ընթացքում այդ փոշին, օդի մեջ եղած զանազան բակտերիաները և այլն, որոնք իրենց մեջ հարուցիչներ են կրում, բնականաբար, անդրադառնում են քաղաքի բնակիչների վրա», - ասաց Հովիկ Սայադյանը:

 Նա նշեց, որ կանաչ տարածքները ծանր տարրերի կլանիչներ են: Կանաչ տարածքների նվազման հետևանքով ծանր մեղաների քանակությունը՝ կապար, սնդիկ և այլն, շատացել են, ինչը կարող է ազդել մարդու առողջության, մտավոր ունակության, ծնելիության վրա:  



Նոյեմբեր 06, 2014 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր