Բնապահպանները ներկայացրեցին Սևանին սպառնացող ռիսկերը

Բնապահպանները ներկայացրեցին Սևանին սպառնացող ռիսկերը

ԷկոԼուր

Հունիսի 27-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված կլոր-սեղան-մամուլի ասուլիսի ժամանակ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներն բարձրաձայնեցին Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառ իրականացնելու կառավարության մշակած օրինագծի ռիսկերը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ օրինագծում ընդհանրապես խոսք չկա Սևանա լճի վրա ազդեցության մասին: Շեշտը դրվում Է էներգետիկ արդյունավետության վրա: Նա նշեց, որ նախկինում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելիս` քննարկում էին կազմակերպում հասարակության հետ և լսում նրա փաստարկները, սակայն այս դեպքում ոչ մի քննարկում չի կազմակերպվել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց մի վարկային ծրագրի, որի իրականացման արդյունքում մենք վաղուց պետք է լուծաց լինեինք Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը. «2001 թվականին Համաշխարհային բանկից վերցրել են 30.8 միլիոն դոլլարի վարկ, որով պետք է Արաքսից ջուրն ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման խնդիրների լուծման համար։ Ի՞նչ է եղել այդ 30.8 միլիոնի հետ: Եթե, իրոք, այդ ծրագիրն ավարտված է հաջողությամբ, ապա ինչո՞ւ նույն խնդրի հիմնավորումը տալիս ենք Սևանից ջուր վերցնելու համար»,- ասաց Ինգա Զարաֆյանը։ Նա նշեց, որ այս ծրագրի մեկնարկով սկիզբ կդրվի ՀՀ կառավարության մտադրությանը` Սևանա լճից երեք տարում 1 միլիարդ մ3 հավելյալ ջուր բաց թողնելու համար:

«Սևանա լճից 1 միլիարդ մ3 ջրբացթողումների դեպքում Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի լրացուցիչ արտադրանքը կկազմի մոտ 1,7-1,85 միլիարդ կիլովատ/ժամ», -ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը` նշելով, որ միայն ՀՀբնապահպանության նախարարությունն է բացասական կարծիք տվել, ինչ վերջին 10 տարում առաջին դեպքն է: «Կառավարությունում նստած որոշումներ են ընդունում` առանց Սևանա լճի ափերում ապրում ժողովրդի վիճակը հաշվի առնելու։ Մեր տարածաշրջանում էլ ոռոգման ջրի խնդիր կա, բայց մենք Սևանից ջուր չենք վերցնում ոռոգման համար։ Սևանը հազիվ վերականգնվել է, հազիվ լճի ջուրը պարզվել է, կենդանական աշխարհն էլ ինչ-որ չափով սկսել է վերականգնվել»,- ասաց Լիաննա Ասոյանը։

Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ- անդամ Սաթիկ Բադեյան. «Ուզում եմ Ձեզ փոխանցել ձկնորսների խոսքը, որ վերջին 10 տարվա ընթացքում այս տարվա մեջ առաջին անգամ է, իրենց լեզվով ասած, ուռկանը ջրից հանում են առանց լաթի, վերջապես իրենք զգում են, որ ջուրը մաքրվել է: Երբ որ ձկնորսական ցանցերը ջրից հանում էին, այնքան էր այն մամուռով, լաթով պատված, որ շատ դժվար էր իրենց համար այդ ցանցը երկրորդ անգամ օգտագործել։ … Լճի մակարդակն ուղղակիորեն ազդում է ջրի որակի վրա: Հիմա մենք, փաստորեն, Սևանը դիտարկում ենք պարզապես որպես ռեսուրս, և կամայականորեն ուզում ենք օգտագործել ջուրն էներգետիկ նպատակներով: Լճի մակարդակի անկման դեպքում կակտիվանան լճի ճահճացման գործընթացները»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» Հկ-ի նախագահ Կարինե Դանիելյան. «Ես ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հանձնաժողովի անդամ եմ, և այս խնդիրը այդ հանձնաժողովում չի քննարկվել։

Անպայման պահանջում ենք լսումներ Ազգային Ժողովում և մեր կարծիքը պետք է հաշվի առնվի: Միջազգային հանրությունը նաև շատ մեծ ուշադրություն է դարձնում քաղցրահամ ջրին և լճերին, և պատահական չէ որ ժամանակին հենց ՄԱԿ-ի առաջարկով մենք մեծ ուսումնասիրություն ենք արել: Իրոք, հիմնավորված են այն թվերը, որոնք Սևանի համար գրված են, այդ 170 միլիոնն ուղղակի թիվ չէ։ Դեռևս խորհրդային ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատեցին Սևանի համար, որ անհրաժեշտ է բարձրացնել Սևանի մակարդակը: Եվ հիմա հարվածել Սևանին ուղղակի սրբապղծություն է»։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան. «Մեր դժբախտությունները գալիս են վարչապետի այն խոսքից, որ բնությունը պետք է կապիտալիզացնել։ Արդեն ամեն ինչ կապիտալիզացվել է, ամեն ինչ սեփականաշնորհվել է, մնացել են բնության վերջին մասունքները՝ Սևան, Ջերմուկի հանքային ջրեր և այլն: Դա էլ է կապիտալիզացվում, ու ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի, մեր բնության ինչ-որ մարդիկ հարստանում են։ Պատահական չէ որ տարիներ շարունակ պայքար է գնում, որ Սևանի մակարդակը իջեցվի, ինչու է այդ պայքարը գնում, որովհետև շատ մեծ գումարներ են ներդրել, Սևանի ափում անօրինական կառուցապատումներ են արել։ Իրենց սեփականությունները չփչացնելու համար ամեն ինչ կանեն, որ Սևանի մակարդակը չբարձրանա»։

«Սևան» ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյան. ««Սևան» ազգային պարկ հասկացողությունը վերացել է: Ազգային պարկերը չունեն սեփականաշնորհված տարածքներ: Մենք ամբողջ 240 կմ-ը կառուցապատել ենք, դո՞ւք գիտեք թե ում են դղյակներն են այնտեղ, այն մարդկանց ովքեր ամսի 4-ին կքվեարկեն Սևանի իջեցմանը կողմ։ Արփա-Սևանը պետք է տարեկան Սևան բերեր 250 մլն մ3 ջուր, սակայն այդ ջուրը Արփայով գնում է Նախիջևան, որտեղ 1 միլիարդ 200 միլիոնանոց ջրամբար է կառուցված: Որոտանը սեփականաշնորհվեց: Ոչ մի սեփականատեր իր հզորությունների 25 տոկոսը էլ չի տա Սևանին։ …Այս մարդիկ, որ ուզում են կապիտալիզացնել բնությունը, նրանք չեն հասկանում, որ դա արդեն կապիտալ է: Ուզում եք, խնդրեմ, Արփայի 250 միլիոն ջուրը մաքրեք ու տվեք խմելու ջուր Միջին Արևելք, արաբական երկրներ` շարունակելով բարձրացնել Սևանը: Այս կերպ տվեք, առանց պոմպակայանների, ուղղակի ինքնահոսով: Այդպես համաձայն ենք, կվաճառենք, գումարները կդնենք Սևանի հիմնադրամ»:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան. «էկոլոգիական հասարակական դաշինքի 50 կազմակերպությունները միանում են «S.O.S Սևան» նախաձեռնությանը և կանեն ամեն ինչ` հնարավորը և անհնարինը, այս խնդրին դրական լուծում տալու համար։… Սևանի թռչնաշխարհի համար կուզեմ ասել, որ ունենք դրական շարժ: Տարիներ շարունակ այստեղ չէին բնադրվում ջրաճահճային թռչուններ, Սևանից կորցրել էինք մոտ 50 տեսակի թռչուն: Մոտավորապես 50 տեսակի ջրաճահճային թռչուններ վերադարձել են Սևան: Եթե մենք ուզում ենք, որպեսզի Սևանը շնչի, որպեսզի կենդանական աշխարհը վերադառնա Սևան, ապա մենք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենանք, շատ լուրջ հետազոտություններ անենք, և հասկականք, թե ինչ վիճակում է ջուրը, որպեսզի թույլ տան մեզ հայտարարելու, որ բնությունը կապիտալ է, որը պետք է շահագործել»:

Փորձագետ Սերյան Մինասյան. «…Օրենքի նախագծում գրված է, սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և գործում է մինչև արտաբյուջետային միջոցների սպառումը: Այսի՞նքն, արտաբյուջետային միջոցները կարող է` անվերջ չսպառվեն, 1 դրամ հավերժական մնա…
…Չկա որևէ գիտական հիմնավորում, մոդել, գիտկան հիմնավորված կանխատեսում, ցուցանիշներ, ինդիկատորին ցանկ, որ մենք հասկանանք, թե այդ փոփոխություններով ինչ տեղի կունենա: Մի օրինակ բերեմ, Լադոգա լճի համար 5 սցենար է հաշվարկվել նույն ելային պայմանների և նույն գործողությունների դեպքում, հիմա հետևում են, թե որ սցենարով է գնում լճի էկոհամակարգի վերականգնումը: Այստեղ տղերքն ասում են` այսպես կլինի, ու իրենց թվում է, թե այդպես կլինի:
Իրենց հայտարարությունը, որ Սևանա լճի ջրի մակարդակի փաստացի բարձրացումը 4,59 մետր է, բացահայտ պաշտոնական կեղծիք է։ Այս թվում ներառված է 2011թ-ի Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, և երկրորդ՝ 2017թ-ի հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001թ-ի լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է և հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետևաբար, լճում ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 միլիարդ մ3-ով, այլ ոչ թե 6 միլիարդ մ3-ով:

…Բոլորին համոզել են, որ բարձրացումը տեղի է ունեցել առաջանցիկ տեմպերով: Ո՛չ, բարձրացման առաջանցիկ տեմպի լիմիտը սպառվել է անցած տարի։ Այս տարի արդեն 15-20սմ հետ կմնա, եթե որոշումը կայացնեն և իջացնեն Սևանը»:

Սեյրան Մինասյանը ներկայացրեց նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում առկա ջրի կորուստների խնդիրը: «…78 թվականից Սևան-Հրազդան կասկադի արագահոս հատվածում նորմատիվային կորուստը պետք է լիներ 7 տոկոս, հիմա հանկարծ պարզել են, որ 7 չէ, 18 տոկոս է։ Ստացվում է որ արագահոս այդ հատվածում տարեկան 42,7 մլն մ3 ջուր է կորում ամեն տարի` սկսած 1978 թվականից, վերջին 5 տարում միայն` 200 միլիոն մ3-ից ավելի կորուստ։ Ոռոգման կորուստները Վերահսկիչ պալատի տվյալներով կազմել են 2013-2014թթ. 44.8%, 45.5% մինչև ջուր գյուղացուն հասնելը: Սա 100 միիոնավոր մ3 կորուստներ են: Ընդամենը 10-15 % բարելավումը Սևանն իսպառ ազատելու է այդ դարդից: Սևան-Հրազդան ՓԲԸ-ի ջրառի կորուստները` 2013թ-ին կազմել է 176 միլիոն մ3, 2014թ-ին 206 միլիոն մ3»:

Քննարկման արդյունքում «S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակներ ուղարկեց ՀՀ Նախագահ Սարժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին`օրինագիծը մերժելու պահանջով:



Հունիս 29, 2017 at 20:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր