

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մայիսի 8-ին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը` ըստ «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի դիմումի:
Գործով դատավորներն էին՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, բնապահպան, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Հանրային դատավարության ժամանակ քննվեց Հայաստանի պատկան մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» և «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակի համար: Որպես այս ամենի բացասական հետևանքներ մատնանշվեցին լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարները նվազումը, քաղցրահամ ջրի որակական հատկանիշները վատթարացումը և այլն:
Ելույթներով հանդես եկան «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ղեկավար Էվելինա Ղուկասյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դաինելյանը, «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ղեկավար Վարդան Մամիկոնյանը և էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Դատավարության ընթացքում հարցեր հնչեցրին դատավորները, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը և Ջրային կոմիտեի ներկայացուցիչ, իրավաբան Հայկ Սիրունյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ րամ Գաբրիելյանը:
Փորձագիտական գնահատականով հանդես եկավ ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:
Բնապահպանական հանրային դատարանը վճռեց Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի խախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
Վճռի ամբողջական տեքստը կհրապարակվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Մայիս 08, 2019 at 18:45