

ԷկոԼուր
Սևանա լճին հարակից համայնքներից կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ ունեն Գավառը, Մարտունին և Վարդենիսը: Ջուրը չի ենթարկվում կենսաբանական մաքրման և վարակազերծման: Արդյունքում կեղտաջրերը գետերի միջոցով լցվում են լիճ` աղտոտելով այն: Այս ամառ Սևանը ծաղկեց կապտականաչ ջրիմուռներով լճի մակարդակի արհեստական իջեցման, բարձր ջերմաստիճանային ֆոնի և լճի աղտոտվածության պատճառով:
«Խիմմաստեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ ուսումնասիրել է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղացման վիճակը և մաքրման կայանների աշխատանքը: Ընկերությունը պարզել է, որ այս քաղաքներից Սևանա լիճ ամենից շատ կեղտաջրեր է ուղարկում Վարդենիս քաղաքը, թեպետ բնակչության թվաքանակով այն զիջում է մյուս երկու քաղաքներին: Ընդորում, Գավառի կոյուղացման աստիճանը կազմում է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը 41%: «Բնակչության քանակի և առկա կեղտաջրերի ծավալների համադրմամբ ստացվում է հետևյալ պատկերը՝ նորմերից շեղումը Վարդենիսում կազմում է 600%, Մարտունիում 270%, Գավառում 173%»,- ԷկոԼուրին իրենց ուսումնասիրությունների արդյունքների մասին հայտնեց «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը:
Առկա շեղումների պատճառը, ըստ Մանվել Գաբրիելյանի, պայմանավորված կարող է լինել փաստացի բնակչության քանակի, ներկա կոյուղագծերին միացված բաժանորդների քանակի վերաբերյալ տվյալների անճշտությամբ, հնարավոր անօրինական ջրօգտագործման ծավալներով: Շեղման պատճառ է նաև այն, որ
կոյուղագծերի մաշվածության հետևանքով մակերևութային և ստորգետնյա ջրերը խառնվում են կոյուղաջրերին և մեծացնում կոյուղաջրերի ծավալը: Մեկ այլ դեպքում էլ կոյուղաջրերի կորուստ է արձանագրվում: «Օրինակ, Վարդենիսի կեղտաջրերի մաքրման կայան մուտք գործող կեղտաջրերն ավելի պարզ էին, քան Մարտունիում և Գավառում,- ասաց Մանվել Գաբրիելյանը և հավելեց,- Եթե մենք ուզում ենք Սևանի հարակից քաղաքներում կառուցել կենսաբանական մաքրման կայան, ապա շեղումները պետք է վերացվեն, մակերևութային և ստորգետնյա ջրերը չպետք է խառնվեն կոյուղաջրերին, հակառակ դեպքում շատ մեծ ծախսեր անհարժեշտ կլինեն Սևանի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու համար»:
Որպես խնդրի լուծում «Խիմմաստեր» ՍՊԸ-ն առաջարկում է.
• Յուրաքանչյուր քաղաքում կառուցել կենսաբանական մաքրման կայան` հիմնվելով նորմավորված ջրի ծախսի վրա:
• Կայանների կառուցմանը զուգահեռ վերանորոգել և վերազինել գործող կոյուղագծերը, ավելացնել նոր ցանցեր մինչև քաղաքների 100% կոյուղացումը:
• Նախապատվություն տալ կեղտաջրերի ամբողջ ծավալների ուղղորդմանը գործող մաքրման կայաններ և հաջորդող կենսաբանական մաքրման կայաններ: Նպատակահարմար չլինելու դեպքում նախագծել լոկալ (թաղամաս) կայաններ:
• Սևանա լճի ջրի վարակազերծման, հատկապես հեպատիտի, ՄԻԱՎ-ի և այլ բարդ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ցանկացած կայանի նախագծման փուլում նախատեսել վարակազերծման հանգույց:
«Եթե շեղումները վերացվեն, ապա մենք առաջարկում ենք մոտավոր հաշվարկով ժամում 1000 խմ կեղտաջուր մշակելու համար կենսաբանական մաքրման կայան կառուցել 300 000 դոլարով: Վարդենիսում, Գավառում Մարտունիում 3 կայան կառուցելը կարժենա շուրջ 1.8 միլիոն դոլլար, ինչը մի քանի անգամ ցածր արժեք է, քան առաջարկում են արտասահմանյան կազմակերպությունները»,- ասաց Մանվել Գաբրիելյանը:
Նոյեմբեր 16, 2018 at 15:39