

Սիրանույշ Գևորգյան, «ԱրմենիաՆաու»
Հայ բնապահպանները վերջերս շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում Սևանա լճի ճահճացման վերաբերյալ, որի մակարդակը վերջին տարիներին անընդհատ բարձրացել է և այժմ հասել է 1901 մ-ի, ինչի հետևանքով ջրի տակ են մնացել հարյուրավոր ապօրինի և օրինական շինություններ, Սևանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ, նույնիսկ գազատար խողովակաշարեր:
Ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել և, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու և ճահճանալու վտանգը:
2001թ. ընդունված «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով՝ հասցնելով այն 1903.5 մետրի` նախատեսելով տարեկան մոտ 20 սմ բարձրացում: Սակայն 2005 թ.-ից սկսած լճի մակարդակի բարձրացման տեմպերը ավելի բարձր են եղել նախատեսվածից` միջինը կազմելով մոտ 37 սմ: Այս տարի Սևանը բարձրացել է մոտ 60 սմ-ով: Սևանի մակարդակի բարձրացումը հնարավոր է դարձել լճից ջրի բացթողնման կտրուկ սահմանափակման շնորհիվ: Բնապահպանության նախարարությունում կարծում են, որ լճի մակարդակի բարձրացման ներկայիս տեմպերը պահպանելու դեպքում 1903.5 մ ցուցանիշին հնարավոր կլինի հասնել արդեն 2020 թ.:
2005-ից մինչև 2008 թվականը ՀՀ կառավարությունը գումար էր հատկացնում տարեկան մոտ 100 հա ափամերձ տարածք մաքրելու համար: 2009-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց Սևանում, հանձնարարեց գումար հատկացնել մոտ 600 հա-ի մաքրման համար` տեսնելով, որ 100 հա-ը շատ քիչ է:
Հինգշաբթի ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել բնապահպանության նախարարությանը հատկացնել 30 մլն դրամ (մոտ 82.800 դոլար)` ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ էքսկավատորի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և Սևանում մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձրարտադրողական մեքենա-սարքավորումներ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
«ՍԵՎԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՄ-Ը 13 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ՋՈՒՐ Է»
Սոնա Ավագյան, Հետք
Սևանի ջրով հետաքրքրված են անգամ Քուվեյթում
«Եթե մենք 4,5 մ Սևանը բարձրացնում ենք, (1903,5 մ բարձրացրինք` հասանք այդ նիշին) ուրեմն տարեկան շուրջ 500 մլն խոր. մ ջուր, որը կլցվի Սևան, կարող ենք օգտագործել արդեն ոռոգման համար: Այդ նիշին հասնելուց հետո տարեկան մուտքը, որը կավելանա, կօգտագործվի ոռոգման նպատակով և էներգիա կարտադրի մեր Սևան-Հրազդան կասկադով»,- այսօր կազմակեպված մամուլի ասուլիսին ասաց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի» գլխավոր մասնագետ, հիդրոտեխնիկ-ճարտարագետ Գեորգի Գևորգյանը:
Բնապահպանները հաստատել են, որ 1903 մ նիշի վրա Սևանն արդեն ապահովում է իր բնապահպանական պայմանները: Բացի դրանից` Արփա-Սևան թունելի շեմքը արդեն այդ նիշի վրա է, և լճի մակարդակը դրանից ավելի բարձրացնելու դեպքում ջուրը հետ կգնա: Սևանում 45 մլրդ խոր. մ ջուր է պարունակվում:
«Այդ ջուրը մեր սերունդների համար ամենամեծ պաշարն է և էներգետիկ առումով, և գյուղատնտեսության, և ամեն ինչի համար: Սևանի յուրաքանչյուր սմ-ը 13 մլն խոր մ ջուր է, և ամեն մի մետրը 1 մլրդ 300 մլն խոր. մ ջուր է հավաքվում Սևանում»,- ասաց Գեորգի Գևորգյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, նշեց, որ բարձրացնելով Սևանի մակարդակը` մենք ավելացնում ենք մեր ստորգետնյա ջրային ավազանի պաշարները: Իսկ լճի մակարդակի իջնելու դեպքում մեր խմելու ջրի աղբյուրները պակասում են:
«Մի 2 տարի առաջ դեռ Սևանը այդքան չէր բարձրացել: Ես եղա Եղեգնաձորի շրջանում: Այնտեղի ժողովուրդը ասում էր, որ աղբյուրները առատացել են, որովհետև Սևանը սկսել է բարձրանալ: Սևանը բարձրադիր իր վիճակից թելադրում է այդ աղբյուրների թե որակը, թե քանակը: Մենք դա պիտի հստակ պատկերացնենք, որովհետև ապագայում խմելու ջրի մեծ աղբյուր է նույնպես և Սևանը ոչ միայն մեր Հայաստանի համար, այլ ամբողջ ռեգիոնի համար: Մենք ունենք տարբեր երկրներից, անգամ Քուվեյթից առաջարկներ` մեր խմելու ջրերը շշալցնելով` վաճառել նրանց: Խմելու ջուրի պրոբլեմը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք: Հիմա ասում են, որ ջուրը նավթից էլ թանկ է: Ոչ, այն հիմա հավասարվում է ոսկու գնին»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նրան, որ Սևանի մակարդակի բարձրացմանը զուգահեռ անտառածածկ տարածքներ են ջրի տակ մնում` բնապահպանն ասաց, որ նախկինում Սևանի մակարդակը եղել է ավելի բարձր, քան մենք այժմ ակնկալում ենք բարձրացնել, և ծառը, ջրի տակ մնալով, ճահճացման վտանգ չի ստեղծում: Շատ ավելի հեշտ է կոճղերը արմատախիլ անել, ջրի տակ մնացած ճանապարհի փոխարեն նոր ճանապարհ կառուցել, քան պահպանել Սևանը: Քնարիկ Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ճահճացման մասին լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր շենքեր ունեն Սևանի ափին: «Սևանն է պետք պահել»,- ասաց նա:
Իսկ Գեորգի Գևորգյանը նշեց, որ Կառավարության վերջին որոշմամբ` արդեն պայմանագրեր են կնքվում ոչ միայն շինարարական և այլ կազմակերպությունների, այլև համայնքերի հետ, որ համայնքները մաքրեն կոճղերը, հատեն ծառերը: Բնակչի կտրած, տեղափոխած ծառերի որոշակի մաս տրվում է այդ բնակչին, համայնքին: Հետագայում կարելի է կանաչապատել այնքան տարածք, որքան մնացել է ջրի տակ:
Հուլիս 17, 2010
