Կառավարությունը միաձայն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի որոշումը

Կառավարությունը միաձայն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի որոշումը

ԷկոԼուր

Օգոստոսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը միաձայն ընդունեց Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը: Նախագծով 2018 թ-ին Սևանա լճից ջրառը կկազմի 210 միլիոն խմ:
Մինչ քվեարկությունը, կառավարության ներկայացուցիչները հակիրճ ելույթներ ունեցան, խոսեցին ջրային կորուստների, ջրամբարների, Սևանից հավելյալ ջրառի արդյունքում ստացվելիք շահույթի, ոռոգման համակարգի խնդիրների մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Շատ բուռն քննարկումներ եղան, և այդ քննարկումների արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի: Մի դեպքում գյուղատնտեսության  համար, մյուս դեպքում էլ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա: Ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայմանորեն այդ հարցերի պատասխանները ստանանք և ոռոգման համակարգում գնանք լրջագույն լուծումների, այդ թվում` նաև կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ջրային մաֆիայի գոյությունը: Միանշանակ է, որ եթե այդ ջրային մաֆիան գոյություն ունի, ինքը պետք է շատ արագ կապիտուլիացիայի ենթարկվի»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հավելյալ ջրառի արդյունքում ստացվելիք էլեկտրական էներգիայի հավելյալ շահույթը կուղղվի կառավարության արտաբյուջետային հաշվին նպատակային ներդրումների իրականացման համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արտաբյուջետային հաշվին արդեն կա 1.6 միլիարդ դրամ: «Այս գումարներն ուղղվելու են Սևանից ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին», - ասաց Տիգրան Ավինյանը:

«Եթե այս տարի 40 միլիոն խմ լրացուցիչ ջրառն իրականացվի, առաջացած հավելյալ միջոցները պետք է ծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Համատեղ քննարկումներ ենք ունեցել բնապահպանության նախարարության հետ, և բնապահպանության նախարարը հավաստիացնում է, որ այս պահի դրությամբ լճի նիշի հետ կապված տատանումը շատը չնչին է լինելու, սակայն կա Սևանա լճի աղտոտվածության, մաքրման կայանների խնդիր, որոնք պետք է գործեն: Հիմնական նպատակը լինելու է, որպեսզի այդ մաքրման կայանների վրա ծախսվեն գումարները:

Արփա-Սևան թունելի հետ կապված մասով աշխատանքային խումբ ունենք ձևավորված և ուսումնասիրում ենք վիճակը: Այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, սակայն մենք 2019 թ-ին նախատեսում ենք հավելյալ ջուր ուղղել Սևանա լիճ, որ այս տարվա հավելյալ բաց թողնված ջուրը վերականգնենք», - ասաց Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Հայաստանում տարեկան ձևավորվում է մոտ 7-8 միլիարդ խմ մակերևութային ջուր, սակայն մեր պահանջարկը 25 տոկոսն է` 2 միլիարդի շրջանակում: Աբսուրդային է իրավիճակը, որ այսօր մենք քննարկում ենք 40 միլիոն խմ ջրի լրացուցիչ բաց թողնելու հարցը, քանի որ հարցը շատ ավելի լայն է: Ջրային ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում: Մենք այն բացառիկ երկրներից ենք աշխարհում, որ ինքնաբավ է ջրերի առումով, սակայն մենք ունենք խրոնիկ խնդիրներ, մեր տարբեր ջրօգտագործողներ ունեն ջրի հետ կապված խնդիրներ: Կարծում եմ` մեր ռազմավարությունն ուղղված պետք է լինի ավելի համակարգային, որպեսզի բոլոր ջրի պահանջարկ ունեցող ջրօգտագործողներին ջրային ռեսուրսները բավարարեն` հաշվի առնելով մի կողմից աճող պահանջարկը, մյուս կողմից` նվազող առաջարկը` կապված կլիմայական փոփոխությունների և այլ խնդիրների հետ: Արդեն ունենք հետազոտություններ` մեր կլիմայական հաղորդագրության, որ 2030 թ-ին 11 տոկոսով նվազող մակերևութային ջրային ռեսուրսներ կունենանք: Այսինքն, այս կոնֆլիկտները գնալով ավելի ու ավելի են լինելու, ավելի շատ ջրի պահանջարկ, ավելի քիչ ջրի առաջարկ: Ջրամբարների կառավարումը, վերջին տարիներին խռոնիկ դարձած տարբեր այլ խնդիրներ , դրանք պայմանավորված են մի քանի անձնական և անհատական հարցերով: Մասնավորապես, մենք ուսումնասիրել ենք ջրամբարների տակ գործող ՀԷԿ-երի արտադրողականությունը և տեսնում ենք, որ բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք ոռոգման սեզոնից դուրս իրականում չպետք է այդքան էլեկտրաէներգիա արտադրեին, արտադրում են: Ջրամբարներն անընդհատ խրոնիկ թերլցված են: Այս տարի գարնանը 2 ամիս ամեն օր տեղումներ կար, սակայն կրկին ունենք ջրամբարների թերլցվածության հարցեր: Բոլոր հարցերը պետք է համալիր դիտարկել: Սևանի մասին օրենքով արգելվում է բացասական հաշվեկշիռը: Սա նշանակում է, որ ամեն դեպքում բացասական հաշվեկշիռ մենք պետք է չունենանք Սևանի մասով: Եվ սա բոլորս ֆիքսենք: Մյուս կարևոր հարցը` առաջնային տեղեկատվության առկայությունը` կապված այգիների, հողերի և մնացած այլ հարցերի հետ: Մենք, իրոք, ունենք բավական թղթային տվյալներ, բայց չունենք իրական տվյալներ, և սա նաև մեր առաջնային ռազմավարական հարցերից մեկը պետք է լինի:

Արփա-Սևանի հետ կապված. ըստ պլանի` 2019 թ-ի ապրիլի 1-ից կսկսի գործել ամբողջ հզորությամբ: Մոտ 250 միլիոն խմ տարեկան ջուր հնարավոր կլինի տեղափոխել, սակայն պետք է նաև անդրադառնանք Որոտան-Արփա թունելին, որը բացվելուց հետո ոչ մի օր չի աշխատել: Խորհուրդ կտամ, որ ջրի կառավարման հարցը, որն առավելապես ռեգիոնում տարեցտարի ավելի կրիտիկական է դառնում, մենք նայենք համալիր ամբողջ համակարգի մեջ և փորձենք` լուծումներ տանք: Մի օրինակ, կան գերնորմատիվային հողեր, որտեղ պոմիդորը ջրվում է 40-45 անգամ: Ըստ գյուղնախարարության` որոշակի տվյալներ կան, որ հսկայական ջրային ռեսուրսներ են ծախսվում, որովհետև այդ նորմերը համարվում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող, և այդ պահանջարկն անընդհատ գալիս է: Ուրեմն այդտեղ պետք չէ դա ցանել, ջուրը շատ թանկ ռեսուրս է»:

«Եթե ոռոգման ջուր չտրամադրենք, հետևանքները կարող են լինել կործանարար տնային տնտեսությունների և ֆերմերային տնտեսությունների համար: Սա գուցե ոչ այդքան ցանկալի, բայց այլընտրանքը չունեցող լուծում է: Լուրջ խնդիր է ջրառի և ջրտուքի միջև եղած տարբերությունը, ինչը միանգամից պետք է կապել կորուստների և ընդհանրապես ջրի կառավարման հետ: Շատ կարևոր է նաև ջրամաբարաշինությունը, որովհետև ջուրը մեզ մոտով գնում, լցվում է հարևան ոչ այնքան բարեկամ երկրներ: Ամեն կաթիլ ջուրը տրամաբանության շրջանակներում պետք է չափվի, որպեսզի պայքարենք ջրի մաֆիայի դիմաց», - ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Երաշխավորելու համար իրավիճակը մենք այսպիսի որոշում կկայացնենք, բայց մյուս կողմից կստեղծենք օպերատիվ խումբ, որը նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասները կուսումնասիրի, իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն, սեզոնը փակել` առանց այս հավելյալ 40 միլիոնին կպնելու, այդ խնդիրը լուծենք:
Պարզվում է, որ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն: Կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես, որպեսզի տուրքեր չառաջանան:

4 տարի քննարկում ենք Արարատյան դաշտի ձկնաբուծարանների հարցը, բայց լուծումների չենք եկել: Այստեղ էլ պետք է համագործակցության մթնոլորտում այս խնդիրը լուծել: Փոքր ՀԷԿ-երի խնդրով իրավապահ մարմիներն են զբաղվում, ջրամբարների տակ կառուցված ՀԷԿ-երի խնդիրն էլ պետք է ուսումնասիրվի: Սրտի կսկիծով հարցը դնում եմ քվեարկության: Բոլորը դեմ են, բայց ոչ մեկը չի արտահայտվում բարձրաձայն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության անդամներից որևէ մեկը չանդրադարձավ Սևանա լճին սպառնացող ռիսկերին, Սևանի վիճակին և այդպես էլ չնշվեց, որ ներկայում Սևանա լիճն ունի բացասական հաշվեկշիռ: Լճի մակարդակը օգոստոսի 23-ի դրությամբ կազմում է 1900.66 սմ, ինչը 2 սմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից:

16:05 Օգոստոս 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news