Սևանա լճի մակարդակի դրական հաշվեկշռի մասին ՀՀ բնապահպանության նախարարության լավ լուրը 1 ամիս էլ չտևեց

Սևանա լճի մակարդակի դրական հաշվեկշռի մասին ՀՀ բնապահպանության նախարարության լավ լուրը 1 ամիս  էլ չտևեց

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության լավ լուրը Սևանա լճի մակարդակի դրական հաշվեկշռի մասին, որը հայտարարվել է ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 28-ին` Սևանա լճին նվիրված լայն քննարկումների ժամանակ, մեկ ամսվա կյանք էլ չունեցավ: Հոկտեմբերի 15-ից Սևանա լիճն ունի բացասական հաշվեկշիռ` հավելյալ ջրառի պատճառով: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով վերջին ջրաբացթողնումները Սևանա լճից եղել են հոկտեմբերի 24-ին, հասցնելով ընդհանուր ջրբացթողումների ծավալը 200 միլիոն 623 հազար խմ: Այդպիսով թույլատրելի ջրաբացթողումների ծավալը Սևանա լճից` 170 մլն խմ, գերազանցվել է 30 միլիոն խմ-ով:

Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի ելույթները, որոնք հնչեցվել են Ազգային ժողովում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Մեկնարկին ուզում եմ մի քանի լավ լուրերով կիսվել, որ այս պահի դրությամբ (սեպտեմբերի 28) Սևանա լճի մակարդակը անցած տարվա հետ համեմատած պլյուս 3 սմ է, այսինքն, մոտավորապես 40 միլիոն խմ ավել ջուր կա, քան անցած տարի` այս օրը: Հաջորդը, որ կառավարությունը հաստատել է Սևանա լճի 2019 թվականի գործողությունների ծրագիրը, որտեղ մանրամասն նկարագրված են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված է իրականացնել: Հաջորդը, որ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արդեն մեր մաքսային մարմինները երեկվանից, հետևելով ԵԱՏՄ-ի պահանջներին, արգելել են 50մմ-ից ցածր ձկնորսական ցանցերի ներմուծումը:

…Կա հաստատված ծրագիր, որ մինչև 1903,5 մետր պետք է լճի մակարդակը բարձրանա, որը կապահովի լճի էկոլոգիական վիճակի հավասարակշռությունը: … Այս տարի ականատես եղանք կապտականաչ ջրիմուռների էական աճին: Ջրիմուռները ծածկել էին համարյա ամբողջ լիճը, այդպիսի մասսայական ծաղկում վերջին տարիներին չէր գրանցվել: Սա մի քանի տարբեր գործոնների համադրման արդյունք էր` բարձր ջերմաստիճանը, տեղումների պակասը, ըստ այդմ, ներհոսող գետային ջրերի պակասը, ինչպես նաև Գեղարքունիկի մարզի շրջակա բնակավայրերից ինտենսիվորեն լիճ թափվող կեղտաջրերի մեծաքանակ ծավալը:

Չնայած, որ երեք բնակավայրերում գործում են կեղտաջրերի մաքրման կայաններ, սակայն այդ կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում և չեն լուծում որակի հետ կապված խնդիրները: Անցյալ տարվանից սկսած մինչև հիմա իրականացվող վերջին մոնիթորինգի տվյալներով ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն ավելացել է ջրում, որը նույնպես բացասական գործոն է հանդիսանում: Եվ լուծումները պետք է լինեին մի քանի ուղղություններով: Առաջինը, պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Ընդորում, դա նույնպես 2 տարբեր խումբ է: Առաջինը` բնակավայրերից կենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրման կայանների լրացուցիչ կարողությունների հիմնումն է: Երկրորդը, ափամերձ տարածքներում գործող բոլոր ռեստորանային, հյուրանոցային և այլ սպասարկման օբյեկտներում պարտադիր լոկալ մաքրման կայանների տեղադրման պահանջն է, որն արդեն նախաձեռնել ենք։

…Բնապահպանության նախարարությունը մշակել է 50 միլիոն դոլարի ծրագիր Համաշխարհային բանկի գործընկերների հետ, որի շրջանակներում պետք է զգալի միջոցներ նախատեսվեն կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման համար:

…Աֆրիկյան և եվրասիական միգրացվող թռչունների կոնվենցիայի ներքո գտնվող պահպանվող թռչունների մի մեծ քանակ միգրացման ժամանակահատվածում օգտագործում է Սևանա լիճը, եթե չեմ սխալվում, մոտ 108 տարբեր տեսակի թռչուններ: Կենսաբազմազանության տեսակետից Սևանա լիճը շատ կարևոր վայր է համարվում:

2002 թվականից հետո լճի 3,5-4 մետր բարձրացման արդյունքում զգալի թռչուններ վերադարձել են Սևանա լիճ, մասնավորապես` մեծ ձկնկուլը, քաջահավը, սպիտակաչքը, սուզաբադը...

…Կա կողակի վերարտադրման ծրագիրը, կողակը ոչ միայն Սևանա լճի էնդեմիկ կենդանատեսակ էր, այլ միակ ձկնատեսակն է, որը օրգանական նյութեր է ուտում, և դրանով սանիտարի դեր է խաղում Սևանա լճի էկոհամակարգի համար: Բնապահպանության նախարարությունը նախատեսում է` կազմակերպել կողակի արհեստական վերարտադրման աշխատանքներ:

…2019 թ-ից ապրիլից կավարտվի Արփա-Սևան թունելի վերանորոգումը և թունելը կաշխատի իր ամբողջ հզորությամբ: Դա ենթադրում է, որ մինչև 270 միլիոն խմ լրացուցիչ ջուր հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ: Սակայն Սևանա լիճ ջուրը տեղափոխելը և դրա հաշվին ավել ջրառի իրականացումն ընդհանրապես մեր պլանների մեջ չի մտնում, քանի որ մինչև նախատեսված 1903.5 մ նիշի ապահովումը մենք պետք է շարունակական գնանք լճի մակարդակի բարձրացման, սակայն կտրված չլինենք նաև այլ խնդիրներից, մասնավորապես՝ Սևանա ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, որը որ երկար տարիներ պետությունը ֆինանսավորում է այս աշխատանքը և մաքրումներ են իրականացնում...
…Մեկ այլ կարևոր հարց էլ ջրի պահանջի հետ կապված, գիտեք, որ այս տարի 40 միլիոն լրացուցիչ ջրառի պահանջն առաջացավ նաև Արարատյան դաշտը սնուցող որոշ ջրամբարների թերլցվածության պատճառով: Մենք լրացուցիչ հետազոտություն ենք իրականացրել և որոշակի բանաձևերով հաշվարկել ենք բոլոր ջրամբարների տակ գործող ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգան և եկել ենք այն համոզմունքին, որ ՀԷԿ-երն ավել ջրառ են իրականացրել բազմաթիվ վայրերում և ոչ այն սեզոնին, որ պետք է իրականացնեին: Այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար...

Սակայն կարծում ենք, որ Սևանի հարցը և ոռոգման հարցը չենք կարող առանձին դիտարկել: Մեր համար կա ընդհանուր կարևորագույն հարց, դա Հայաստանում ձևավորվող 7-8 միլիարդ խմ ջրային ռեսուրսներն են և այն, որ մեր ջրապանջարկը մոտավորապես 2 միլիարդ խմ-ի շրջանակներում է: Սա նշանակում է, որ մենք ունենք 4 անգամ ավելի ջուր, քան մեզ անհրաժեշտ է, սակայն մենք ժամանակի յուրաքանչյուր պահի և կոնկրետ տարածաշրջաններում ունենք ջրապահանջարկի խնդիր...

Եթե անցյալ տարի Սևանա լճի թափանցիկությունը հասել էր 14 մետրի, իսկ դա Սևանի լավագույն տարիների թափանցիկության ցուցանիշի մոտ է եղել, ապա այս տարի կապտականաչ ջրիմուռների աճի ժամանակ այն իջել էր 40-50 սմ, սակայն ընդհանուր առմամբ 2-2,5 մետր, որը շատ վատ ազդակ է, որ Սևանա լճի հետ կապված ունենք որակի հետ կապված խնդիրներ»:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային կոմիտեյի նախագահ Ինեսա Գաբայանի ելույթը.
Արփա-Սևան թունելի մասին
«…Արփա-Սևան առաջին թունելը ունեցել է 16խմ/վրկ ջրթողունակություն, երկրորդ թունելը վթարային վիճակում 14.5 խմ/վրկ է եղել: Վերականգնումից հետո մենք հույս ունենք, որ կունենանք 19-20 մ3/վրկ և որի պարագայում մենք կունենանք 200 միլիոն խմ ջրի տեղափոխում Կետչուտի ջրամբարից դեպի Սևանա լիճ…

Շատ հաճախ Որոտան թունելի շահագործման հարցն է բարձրացվում՝ ինչու կառուցեցինք, միլիոններ ծախսեցինք, ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխվել: Որոտանի կասկադը Հայաստանում միակ կասկադն է՝ էներգահամակարգը, որը ծածկում է էլեկտրաէներգիայի մեր պիկային պահանջը: Մենք ուրիշ որևէ ՀԷԿ չունենք: Այսօր խնդիրն այսպիսին է, եթե մենք ջուրը վերցնում ենք Սպանդարյանի ջրամբարից՝ Որոտան կասկադից տեղափոխում ենք Կեչուտ, ապա Սևան, ապա մենք ստիպված ենք էներգիա գնել հարևան երկրներից` Վրաստանից: Այստեղ, տեսեք, ինչ իրավիճակ է՝ տնտեսական հաշվարկի հարց է, իհարկե, մենք գիտենք, 20-30 տարի հետո ջուրը, ասում են, ոսկու գին է ունենալու: Մեր կառավարությունը կարող է գնահատել` ջուրը վերցնել և Որոտանի կասկադը չաշխատեցնել, բերել Արփա-Սևան, իսկ այդ պիկային էներգիան գնել դրսից: Մենք ունենք բազիսային էներգիա արտադրող կայաններ, որոնք ջերմաէլեկտրակայաններն են, ՀԱԷԿ-ն է և մենք ունենք պիկայինը, այսինքն, պահանջի տատանումների դեպքում պետք է ծածկվեն պիկայինները, դա միայն կարողանում է ՀԷԿ-ը: Տվյալ պարագայում Հայաստանում դա Հրազդան կասկադն է»։

Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառների մասին
«Շատ հաճախ հարց է առաջանում լրացուցիչ ջրառի վերաբերյալ՝ անել, չանել, անհրաժեշտ է, անհրաժեշտ չէ: Այս հարցը երկու կողմ ունի՝ կրճատել հավելյալ ջրառը Սևանից կամ ավելացնել ջրի տեղափոխումը դեպի Սևանա լիճ։ Այսօր խնդիրը ոչ թե այդքան տարվա սակավաջրության հետ է կապված, սա, իհարկե, սրում է իրավիճակը, բայց մենք պետք է նաև հաշվի առնենք հանրապետությունում ջրային բալանսում ջրի այն կրճատումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում. Թուրքիայի քաղաքականությունը կրճատել է բոլոր ջրի հոսքերը, Ախուրյանի ջրամբար և Արաքսի գետ…
Ձկնաբուծության համար արտահանվում է ավելի շատ ջուր՝ 800 միլիոն, քան մեր ջրամբարներում մենք ամբարում ենք՝ մոտ 700 մլն: Ձկնաբուծության զարգացման արդյունքում չորացել է նաև Սև ջուր գետ, որը 90 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր մատակարարում էր Արմավիրի գյուղերի ոռոգելի տարածքներին:

…Արփի լճում կորցնում ենք 35 միլիոն խմ ջուր: Արփի լիճը պատմականորեն ոռոգելու համար լիճ է: Իր օգտակար ծավալը 105 միլիոն խմ է, 5 միլիոն խմ-ն մեռյալ ծավալն էր: Այսօր 5 միլիոն խմ-ն մենք մեծացրել ենք, հասցրել ենք մինչև 40 միլիոն մեզ հայտնի խնդիրների պատճառով: Բնապահպանության նախարարության հետ ոտքի վրա քննարկել ենք թռչունների ձվադրման հարցերը, ինչ-որ ձևով կարելի է լուծումներ գտնել, բայց ոռոգման ջուրը չկրճատել 35 միլիոն խմ-ով։

…Հավելյալ ջրառի հարցը խստորեն կապված է ջրի կորուստների կրճատման հետ, որոնք պահանջում են մեծ ներդրումներ։ Հաջորդ մոտեցումը ինչպես ավելացնել Արփա-Սևան թունելով տեղափոխվող ջուրը: Կեչուտի ջրամբարի ծավալը 23 միլիոն խմ է, սակայն սա ոչ թե կարգավորվող ջրամբար է, այլ ստեղծում է ճնշում 6 միլիոն խմ ջրի համար, որ մենք կարողանանք մտցնել թունել: Բոլորս բարձրացնում ենք Եղեգիս գետի խնդիրը, Եղեգիս գետով վերևից ներքև կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը։ Եթե ջրամբարի կառուցում իրականացվի Արփա-Սևան թունելի և Եղեգիս գետի հատման կետից վերև` Եղեգիս գետի վրա, ապա դա տնտեսապես արդյունավետ կլինի: Այն չորս ջրօգտագործողների հարց է լուծում. նախ՝ ապահովում է բնապահպանական թողքերը, Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխման ծավալներն են ավելանում, այսինքն, մենք արդեն օգտագործում ենք, կարգավորում ենք Եղեգիս գետի ջրերը վերևում, ոռոգման պահանջարկը, որը մենք ստիպված ենք լինում Կեչուտից բերել, բաց թողնել Եղեգիս գետով և ինքնահոս համակարգ տալ, այս հարցն էլ է լուծվում, ինչպես նաև բոլոր ՀԷԿ-երը, որոնք որ պատուհաս են դարձել բոլորիս գլխին, լուծվում է այդ ՀԷԿերի ջրապահովությունը»։

Փոքր ՀԷԿ-երի հարց
«…Հավելյալ ջուրը, երբ խնդրեցինք Ազգային ժողովից և թույլտվությունը ստացանք, հենց առաջին պահին բացեցինք հանձնաժողով, որը մեկնեց Սևան-Հրազդան համակարգի վրա բոլոր ՀԷԿ-երը ստուգելու: Մեր հանձնաժողովում նաև բնպահպանության նախարարության ներկայացուցիչը կար, մենք ուզում էինք հասկանալ, արդյոք իսկապես հնարավորություն կա ՀԷԿ-երի միջոցով Սևանի ջրի անօրեն օգտագործման, թե` ոչ։ Մենք այցելեցինք 6 փոքր ՀԷԿ։ Սխեման այսպիսին է, ջուրը ջրանցիքց մտնում է ՀԷԿ, արտադրում է էլեկտրաէներգիան և վերադառնում է նույն ջրանցք։ Մենք ունենք միայն մեկ ՀԷԿ, որը գտնվում էր Քասախի դյուկերի վրա, նա ջուրը վերցնում էր, հոսանքը արտադրում էր և հեռացնում էր գետ, իսկ այդ գետն արդեն գնում էր ներքև` դեպի Ստորին Հրազդանի ջրանցք, այսինքն, սա ևս գնում է ոռոգման։ Բայց այստեղ հարց է, արդյոք ջրառ և ջրտուք այդ հարաբերությունները ճիշտ են կատարվում, արդյոք ՀԷԿ-ն ավելի շատ ջուր չի վերցնում, քան դա պետք է գնար Արզնի-Շամիրամ ջրանցքով դեպի այդ տարածքները ոռոգելուն։

..Մենք ունենք 2 ոռոգման համակարգ` Վայքի ինքնահոս համակարգը, Եղեգնաձորի ոռոգման ինքնահոս համակարգը Կեչուտի համակարգից, որտեղ նաև ունենք Կեչուտի ջրամբարից ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվություններ: 2010 թ-ից ունեմ Կեչուտի համակարգից բացթողումների թվերը: Այստեղ ինչն է ինձ մտահոգում: Մենք Վայքի ինքնահոսում ունենք 10 միլիոն խմ ոռոգման համար նախատեսված, իսկ Եղեգնաձորի համակարգում` 20 միլիոն խմ, և գումարած 3,4 միլիոն բնապահպանական թողք։ Ցավոք, այստեղ թվերը ցույց են տալիս որ ոռոգման ջրից բացի 3-5 անգամ ջրառը Կեչուտի ջրամբարից ավել է իրականացվել: Արփա-Սևան համակարգը տրված է «Արփա-Սևան» ԲԲԸ-ին: Ջրային կոմիտեն, որպես ոռոգումը կազմակերպող, ապահովող կազմակերպություն, հայտ է ներկայացնում այնտեղ, բացվում են փականները, ջուրը ստանում ենք: Բայց փաստը ցույց է տալիս, սա իրենց տված թվերն են, որ շատ ավելի ջուր էր բաց թողնվել, քան ոռոգումն է։ Այսինքն, ՀԷԿ-երը աշխատում են ոռոգման ռեժիմից դուրս: Ես չեմ կարող ասել սա 100 տոկոս օրինական է, թե անօրինական, քանի դեռ ջրօգտագործման թույլտվությունները առկա չլինեն։ Մենք դիմել ենք բնապահպանության նախարարություն, խնդրել ենք մեզ տալ այդ թույլտվությունները»։



Հոկտեմբեր 30, 2018 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր