

ԷկոԼուր
2018թ-ին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող գետեր բաց է թողել 90 000 հատ մանրաձուկ:
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջի համաձայն` 2018 թվականի մայիսի 25-ին բաց է թողել գեղարքունի ենթատեսակի 0.64 գրամ միջին քաշով շուրջ 60.000 հատ մանրաձուկ: Մոտ 20.000-ը բաց է թողնվել Սևանի ավազանին պատկանող Կարճաղբյուր գետի ստորին հոսանքում, իսկ շուրջ 40.000-ը՝ Մասրիկ գետի ստորին հոսանքում:
1.2 գրամ միջին քաշով շուրջ 30 000 հատ ամառային ենթատեսակի մանրաձուկ էլ բաց է թողնվել սույն թվականի հոկտեմբերի 16-ին Սևանա լիճ թափվող Ծակքար գետում:
Այս միջոցառումն իրականացվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2016թ-ից պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում ՀՀ բնապահպանության նախարարությանը Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնման նպատակով մանրաձուկ բաց թողնելու համար: Այդ գործառույթն իրականացնում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը, որը Սևանա լճում ցանացվանդակային եղանակով ձուկ է բազմացնում: Այս գործունեության իրականացման համար հիմնադրամը պետությունից ստացել է 9 միլիարդ դրամ:
Լուսանկարը` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբեր 22, 2018 at 16:00
