Անահիտ Փիլոսյան, Հայք
Սեւանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման համար պետբյուջեից այս տարվա համար հատկացվել է 257 մլն դրամ: Այդ գումարի շրջանակում պետք է մաքրվեն 600 հա անտառապատ տարածքներ: Չնայած 2005թ. մաքրման աշխատանքներ կատարվում են Սեւանում, սակայն թե որքանով են դրանք արդյունավետ, դեռ բոլորովին էլ պարզ չէ:
Հայտնի է, որ ամեն տարի Սեւանի մակարդակի 15-20 սմ-ով բարձրանալու հետեւանքով Սեւանի ափամերձ տարածքները ջրածածկ են լինում: Բնապահպանները պնդում են, որ եթե Սեւանի մակարդակը բարձրացվի, սակայն մաքրման աշխատանքներ չկատարվեն, լիճը կճահճանա, այլ կերպ ասած, աչքը սարքելու տեղը ունքն էլ կհանեն: Կառավարությունն էլ, բնականաբար, ձեռնամուխ է եղել այդ սուրբ գործին, բայց, չգիտես ինչու, կատարված դրական աշխատանքի մասին միայն նախարարությունն է բարձրաձայնում: Նշենք, որ ըստ բնապահպանության նախարարության, մինչեւ 2010թ., այսինքն` հինգ տարվա ընթացքում, 1000-1200 հա տարածք է մաքրվել, այն դեպքում, երբ միայն այս տարի 600 հա է նախատեսվել: Հարցը միայն այն չէ, թե ինչքան տարածք է մաքրվել, այլ այն, թե ինչ որակով են դրանք արվել եւ որքան գումար է վատնվել: Հայտնի է, որ վերջերս գլխավոր դատախազությունն, արձագանքելով մամուլում եղած հրապարակումներին, նշանակեց ստուգում` պարզելու արդյոք Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել, թե` ոչ:
Նկատենք, որ հինգ տարիների ընթացքում բնապահպանության նախարարությունն արդեն մոտ 450 մլն դրամ է ծախսել մաքրման աշխատանքների համար: Երբ գլխավոր դատախազությունը նշանակեց քննությունը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վստահաբար հայտարարեց, թե իրենք վախենալու բան չունեն եւ պատրաստ են տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ավելացնենք, որ ստուգումների համար փաստաթղթեր տրամադրում է ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլ նաեւ այն կազմակերպությունները, որոնք հայտարարված մրցույթների արդյունքում տվյալ աշխատանքները կատարելու համար հաղթող են ճանաչվել: Արամ Հարությունյանի վստահությունը, թե վախենալու բան չունեն, մեղմ ասած, խարխլվելու հիմքեր ունի: Նախ բոլորովին վերջերս պարզվեց, որ բնապահպանության նախարարությունը (երբ Վարդան Այվազյանն էր նախարար) Սեւանա լճում մոնիտորինգ իրականացնելու համար Ռուսաստանից գնել է նավ, որն իրականում ավելի էժան է արժեցել, քան «ցուցադրված» է եղել փաստաթղթերում:
Բացի այդ, գոնե Սեւանի ափամերձ աշխատանքների մաքրման վերաբերյալ դժգոհություններ պարբերաբար եղել են, ընդ որում անգամ ոչ մասնագետի աչքով նայելու դեպքում ակնհայտ է, թե ինչ որակով են դրանք կատարվում: Բնապահպանության նախարարությունը, բնականաբար, համապատասխան բացատրություններ եւ հիմնավորումներ միշտ գտնում է: Նախարարության կամ «Սեւան» ազգային պարկի տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով լրագրողներին հասցրել են դժգոհել, թե մաքրման աշխատանքները լավ չեն կատարվում, քանի որ չունեն համապատասխան տեխնիկա: Հետաքրքիր է, սակայն, որ այն ընկերությունները, որոնք կատարում են մաքրման աշխատանքները, ինչպես օրինակ, «Ուայթգեթը» կամ «Տրիգենը», երբեք չեն դժգոհել տեխնիկայի որակից, բայց, չգիտես ինչու, մաքրման աշխատանքները որակով չեն կատարել: Քննարկման առարկա կարող է լինել նաեւ այն հարցը, թե ինչ բարդագույն տեխնիկա է անհրաժեշտ բնապահպանության նախարարությանը կամ պարկի տնօրինությանը, որպեսզի թփերն արմատախիլ արվեն:
Պետք է նկատել, որ ափամերձ տարածքների մաքրումն այնքան է մտահոգում բնապահպանական կազմակերպություններին, որ եթե նրանք նախկինում Սեւանի մակարդակի բարձրացման համար էին բողոքում, ապա հիմա տարածքների մաքրմանը ոչ պակաս կարեւոր նշանակություն է տրվում: Մեզ հետ զրույցում բնապահպանության նախկին նախարար,«ՙՀանուն մարդկային կայուն արագացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այսօր Սեւանի առջեւ շատ լուրջ խնդիր է ծառացել: «Շատ ծառեր չեն հանվում, թփեր կան, որ ամբողջությամբ ջրի մեջ են մնացել: Այստեղ ոչ միայն աշխատանքների քանակն է կարեւոր, այլ նաեւ որակը»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանի խոսքերով, եթե մինչ այժմ կատարված աշխատանքները որակով լինեին, ապա այսօր այդ պատկերը չէր ստացվի: «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը եւս կատարված աշխատանքներից գոհ չէ եւ ասաց, որ դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի ժամ շրջել Սեւանի ափերով: «Այդ աշխատանքների սկզբունքն այն պետք է լինի, որ ծառերը եւ թփերը պետք է արմատախիլ արվեն, որպեսզի ճահճացման պրոցեսներ չգնան»,- նշեց նա: Գագիկ Սուխուդյանը նկատեց, որ միշտ չէ, որ վատ կատարված աշխատանքները տեսանելի են, այսինքն` տարեցտարի ջուրը բարձրանում է` փակելով նաեւ այն ծառերի եւ թփերի հետքերը, որոնք կիսատ են մաքրվել լճից: Դրա արդյունքում էլ լիճը սկսում է «ծաղկել», թեեւ պատկան մարմինները պնդում են, թե արել են այն, ինչ իրենցից հասնում էր:
Գագիկ Սուխուդյանն անհասկանալի համարեց նաեւ նախարարության այն մոտեցումը, որ այդ աշխատանքները ոչ թե հարակից գյուղերի բնակիչներին վստահվեց, այլ` կազմակերպությունների: «Գյուղացիները միշտ էլ խնդրում են, որ գանք, մենք մեր տեխնիկայով, անվճար մաքրենք, մեզ միայն մեր մաքրած ծառերն ու թփերը տվեք, բավական է: Հիմա ուր է տրամաբանությունը, որ այդ մարդկանց չթողեցին անվճար անեն, իրենց կմնար միայն վերահսկելը, այլ հատուկ գումար են տալիս կազմակերպություններին, որ նույն գործն անեն»,- ասաց Գագիկ Սուխուդյանը: Բնափայտն, ի դեպ, ըստ բնապահպանության նախարարության, տրվում է զոհված ազատամարտիկների եւ անապահովների ընտանիքին: Կարծում ենք, որ չէր խանգարի եւս մեկ հետաքննություն, որը կպարզեր ստացված բնափայտի ճակատագիրը:
Առհասարակ գլխավոր դատախազությունը կարծես թե առաջիկա տարիներին այս հարցում գոնե պարապ չի մնա, քանի որ բնապահպանության նախարարության հաշվարկներով, լիճը 6 մ բարձրանալու դեպքում 5000 հա տարածք ջրածածկ է անելու: Իսկ որտեղ մաքրման աշխատանք, այնտեղ էլ եւ լուրջ փողեր, եւ փող աշխատելու լուրջ հնարավորություններ:
Հունիս 11, 2010
