

ԷկոԼուր
Սեւանի լճի շրջակայքում մինչեւ 2023 թվականը նախատեսվում է 1094,5 հեկտար մակերեսով անտառ հիմնել: Անտառատնկման այս ծրագիրը կյանքի կոչելու համար պատրաստվել է ՀՀ կառավարության որոշման 2 նախագիծ «Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին (2013-2022 թթ.)» եւ «Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին (2014-2023 թթ.)»: Նախագծերը տեղադրված են Բնապահպանության նախարարության կայքում` շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ըստ որոշման նախագծի փաստաթղթերի` 647,6 հեկտար անտառ տնկվելու է «Սևան» ազգային պարկի Վարդենիսի, Մարտունու, Վարդենիկի, Նորատուսի եւ Արտանիշի մասնաճյուղերում, 446,9 հեկտար` Շորժա, Լիճք, Ծովակ, Ծովագյուղ, Արծվանիստ, Երանոս, Սարուխան, Աստղաձոր համայնքների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակներով չօգտագործվող տարածքներում եւ Գավառ քաղաքի վարչական տարածքում: Անտառապատման համար նախատեսված տարածքները վարձակալությամբ տրամադրված չեն:Նախատեսվում է նաև Ծովինարի տեղամասում 13,7 հեկտարի վրա նախկին Մարտունու տնկարանային տնտեսության վերագործարկում:
Ըստ փաստաթղթերի` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարտադրության և օգտագործման համալիր ծրագիրն իրականացվում է 2002 թվականից, որով նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել վեց մետրով: Լճի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ջրի որակի վատթարացումը կանխելու նպատակով 2005 թվականից իրականացվում են ծառաթփային բուսականությունից ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքներ: Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում: Այս ծրագրով նախատեսված տնկումների հաշվին կվերականգնվի Սեւանի ափամերձ շրջանների կանաչ գոտու ընդամենը 27%-ը:
2010թ. ծրագրի մշակման համար նախնական ուսումնասիրություններ կատարելու համար 2010թ-ին պետական բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ:
Ծրագրի ֆինանսավորումը 2014-2023 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 517-Ն որոշմամբ ստեղծված Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Անտառաշերտի պահպանումը 6 տարի իրականացնելու է կապալառու կազմակերպությունը, իսկ հետագայում` «Սևան» ազգային պարկը և համայքները:
Նոյեմբեր 09, 2012 at 15:29
