

Սիրանույշ Գևորգյան, «ԱրմենիաՆաու»
Ըստ բնապահապանության փորձագետների` Հայասատանի տարածքի 80 տոկոսին սպառնում է անապատացումը: Սակայն բնապահպանները նշում են, որ իրավիճակը շտկելու ուղղությամբ պետության կողմից գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, և ցանկացած ջանքեր անտեսանելի են մնում ընդերքն անխնա շահագործելու պատճառով: Երևանում կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացվում, իսկ գյուղատնտեսական հողերի աղակալումը համարվում է անապատացման վտանգի գլխավոր պատճառ:
Հունիսի 17-ին` Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը հայտարարեց, որ 2002-ին կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում ընդամենը երկու պիլոտային ծրագիր է իրականացվել (ընդհանուրը` 70 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ) և մշակվել է անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր:
Թե ստույգ ի´նչ գործողություններ են ներառված ազգային ծրագրում և քանի տարի հետո հնարավոր կլինի կրճատել Հայաստանում անապատացման գործընթացները հարցին Վարդևանյանն անորոշ պատասխան տվեց: Նա հանկարծ հիշեց, որ ընդերքն օգտագործողները հիմնադրամ են ստեղծել, որտեղ գումարներ են մուտքագրվում հանքերի բաց շահագործումից տուժած էկոհամակարգերի վերականգնման համար, սակայն թե որքա´ն գումար է մուտքագրվել այդ ֆոնդ, Վարդևանյանը դժվարացավ ասել:
«Սևանի մակարդակը բարձրացել է, չէ՞»,- օրինակ բերեց Վարդևանյանը` այսքանով եզրափակելով անապատացման դեմ պայքարի արդյունքների թվարկումը:
Ի տարբերություն Վարդևանյանի լավատեսական տրամադրությունների`հայ բնապահպանները արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն ահազանգում են Հայաստանի անապատացման մասին: Նույնիսկ Համաշխարհային բանկը Հայաստանի իշխանություններին զգուշացրել է Հայաստանի վերահաս անապատացման մասին:
Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 10 տոկոս, չնայած բնապահպանական կազմակերպությունները, հիմք ընդունելով իրենց հետազոտությունները, պնդում են, որ դրանք ընդամենը 8 տոկոս են կազմում, մինչդեռ 20-րդ դարի սկզբին անտառածածկ տարածքները կազմում էին Հայաստանի տարածքի 25 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները համարյա կվերանան:
Ըստ Վարդևանյանի` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անապատացում առաջացնող հիմնական գործոնները ապօրինի ծառահատումներն են, արոտավայրերի գերարածեցումը և գյուղատնտեսության ոչ ճիշտ կազմակերպումը:
Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որ անապատացումը ծավալվի:
«Գյուղատնտեսական մշակովի հողերը կրճատվում են, բերրի հողերը աղակալում են, անտառները հատվում են, անխնա շահագործվում է ընդերքը, իսկ հանքարդունաբերությունը մեր արդյունաբերության մեջ գերակա ճյուղ է համարվում»,- ասում է Սանասարյանը:
Սրան հակառակ` Հայաստանի անտառները վերահսկող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում նկատվում է ապօրինի անտառահատումների նվազում:
«Օրինակ` 2003 թվականին «Հայանտառի» ենթակայության տակ գտնվող տարածքներում գրանցվել է 27 հազար ապօրինի ծառահատում, իսկ անցյալ տարի ապօրինի հատված և գրանցված ծառերի թիվը հասել է մոտ 2000-ի»,- ասում է Պետրոսյանը:
Մյուս կողմից բնապահպանները շարունակում են պնդել, որ Հայաստանում անտառահատումները շարունակվում են:
«Ամեն տարի մեծ քանակությամբ լավորակ փայտանյութ է արտահանվում եվրոպական երկրներ, իսկ վատորակ փայտը մնում է»,- ասում է Սանասարյանը:
90-ականներին էներգետիկ ճգնաժամի տարիներին ապօրինի ծառահատումների վնասը փոխհատուցելու նպատակով վերջին տարիներին «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և բնապահպանական մի քանի կազմակերպություններ ծառատունկեր են իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, որոնք լիարժեք անտառ են դառնում տնկելուց 15-20 տարի հետո միայն:
Վերջերս, օրինակ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամի (Armenian Tree Project) և «Հայանտառի» հետ համատեղ Լոռու մարզի երեք գյուղական համայնքներին կից անտառազուրկ տարածքներում իրականացրել է 630 հա անտառատնկման աշխատանքներ: Ծրագիրի նպատակը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով: Հայաստանի անտառների վերականգնման գործում մեծ ավանդ ունի հատկապես «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամը նշանակալի ներդրում է իրականացրել Հայաստանում անտառների վերականգնման նպատակով: Ոչ առևտրային կազմակերպությունը հիմնվել է ԱՄՆ-ում, որն արդեն 15 տարի ծառատունկի աշխատանքներ է իրականացնում Հայաստանում:
ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՉԻՆՈՎՆԻԿ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱրմԻնֆո
Գիտաժողովը նվիրված էր Անապատացման դեմ պայքարի միջազգային օրվան եւ դրա համար լրատվամիջոցների նեկայացուցիչները սառել էին սպասելով ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի համակարգողից լսելու բազում թվեր եւ փաստեր: Սակայն Վարդեվանյանը տրամադրված էր դեպի լիրիկական զեղումները. պատմության մեջ երկար եւ ձանձրալի էքսկուրսներ կատարելուց հետո (կոնվենցիայի ընդունում, Գործողությունների ազգային ծրագրի մշակում եւ այլ «բլա-բլա-բլա») նա բառացիորեն ցնցեց քնած լրագրողներին հայտարարությամբ, որ պետք չէ ինքնաձիգը ձեռքին պաշտպանել Հայաստանը անապատացումից: «Սկզբում խոսքը, իսկ գործը՝ հետո»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է իրականացվել հանրապետությունում 2002թ. Անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիրն ընդունելուց հետո: Որոշ ժամանակ անց միայն Վարդեվանյանը վերջապես հիշեց, որ 8 տարվա ընթացքում Հայաստանում իրականացվել են 70 հազար դոլլար արժողությամբ 2 պիլոտային ծրագրեր: «Դուք կոնկրե՞տ ծրագիր եք ուզում: Ահա մեզ մոտ իրականացվում է «Հազարամյակի մարտահրավերներ» խոշոր ծրագիրը (Խմբ.՝ իրականում այդ ծրագիրն իրականացնում է ոչ թե բնապահպանության նախարարությունը, այլ ամերիկյան Millenium Challenge Account)" կորպորացիան)»,- բերանից թռցրեց Վարդեվանյանը:
ՀՈՒՆԻՍԻ 18-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Արմենպրես
Հունիսի 18-ը Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրն է: «Մեր երկրի համար հրատապ խնդիրներ են հողերի պահպանության առումով նպատակային գործընթացի իրականացումը եւ անտառապահպանությունը»,- այսօր Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ վերոնշյալ գործընթացները կիրականացվեն նաեւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Ըստ նախարարի, Հայաստանը բնապահպանական առումով խոցելի երկիր է ու մշակվել է անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:
«Կարեւոր է շարունակել համախմբել բոլոր կաառվարական եւ ոչ կառավարական ու մասնավոր ձեռնարկությունների ջանքերը, որոնք նպատակ ունեն պայքարել անապատացման դեմ եւ բարելավել երկրում շրջակա միջավայրի իրավիճակը»,- ասաց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան` շեշտելով, որ Անապատացման դեմ պայքարի օրը նշում են աշխարհի բազմաթիվ երկրներ: «Հայաստանի հողային միջավայրի 80 տոկոսը անապատացման վտանգի տակ է»,- ասաց ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը` նշելով, որ մտահոգիչ է իարվիճակը նաեւ Երեւանում, քանի որ հաճախ շինություններ են կառուցվում կանաչ տարածքների հաշվին: Խ. Հարությունյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են հասարակության կողմից լսումներ իրականացնել եւ քննարկումներ կազմակերպել:
«Մենք պետք է օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը եւ բնապահպանական ճիշտ քաղաքականություն ձեւավորենք»,- ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսելով բնապահպանական ճգնաժամից:
Հունիս 21, 2010
