ԱրմԻնֆո
Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը խոստացել է ցանկացած գնով մտցնել Սևանա լճում ձկնորսության եռամյա արգելքը:
Մամլո ասուլիսի ընթացքում նա խոստովանել է, որ տվյալ հարցով հանձնաժողովն ու ՀՀ Բնապահպանության նախարարությունը որոշ հակասություններ ունեն: «Նախարարությունն առաջարկում է արգելել բոլոր ձկնատեսակների և խեցգետինների որսը, իսկ մենք կարծում ենք, որ ծածանների և խեցգետինների վրա այդ արգելքը կարելի է չտարածել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը նույնպես առաջարկել է 4 տարով արգելել բոլոր ձկնատեսակների որսը, ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, այդ միջոցից առաջին հերթին կշահի սիգը, որի պաշարները արդեն առաջին տարին չէ, ինչ կրիտիկապես ցածր մակարդակի վրա են` ընդամենը 180 տոննա: Հետաքրքիր է, որ ինստիտուտը ծածանի որսի արգելքի կողմնակից է, քանի որ տվյալ միջոցը մեխանիկորեն կարգելի ձկնորսական ցանցերի օգտագործումը, որոնց մեջ բացի ծածաններից նաև այլ ձկնատեսակներ են ընկնում:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին շարունակ Սևանա լճի սիգի պաշարները կրիտիկապես ցածր մակարդակի վրա են` ընդամենը 180 տոննա: Ոչ պակաս կրիտիկական է նաև խեցգետնի արդյունաբերական պաշարների նվազումը` 1000 տոննա 2009 թվականին, ինչը 350 տոննայով քիչ է 2008 թվականի քանակությունից: Չնայած այս իրավիճակին, պարզվել է, որ Վ.Մովսիսյանը լավատես է. նա հավատացել է ձկնորսների հետ բացատրական աշխատանքներ կատարելու միջոցով որսագողներից ազատվելու հնարավորությանը: «Ըստ կատարված հաշվարկների` Գեղարքունիքի մարզում ձկնորսության և ձկան հետագա իրացման ոլորտում աշխատում է ավելի քան 1700 մարդ: Կարծում եմ, որ պետք է բացատրել նրանց, որ ձկնորսության եռամյա արգելքի արդյունքում կավելանան տարբեր տեսակի ձկների պոպուլյացիաները, ինչը հետագայում կազդի ձկնորսների եկամուտի մեծացման վրա»,- հայտարարել է նա:
Հունիս 23, 2010
