

Արթուր Հովհաննիսյան, Հայոց աշխարհ
Սեւանա լճի ջրի մաքրությունը, որակը գնալով տագնապի տեղիք է տալիս։ Ճիշտ է, հաճախ է ասվում, որ հանձին Սեւանա լճի, ունենք Հայաստանում ու տարածաշրջանում քաղցրահամ ջրի եզակի պաշար, սակայն լճի ջուրը վաղուց չունի այն մաքրությունը, որը թույլ էր տալիս նույնիսկ առանց մշակելու կամ ֆիլտրացնելու խմել այն։
Հիմնախնդիրը սրվել է հատկապես վերջին տարիներին՝ կապված Սեւանա լճի մակարդակի բարձրացման եւ ջրի տակ կանաչ զանգվածի մնալու հետ։
-Լճի մակարդակի բարձրացումից սկսած՝ մինչեւ այն նախանշված 1903,5 մ նիշը հասցնելը, ընդհանուր առմամբ, մոտ 3000 հեկտար անտառ (ծառեր, թփեր, խոտածածկույթ) ջրի տակ մնալու սպառնալիքի տակ հայտնվեց,- մեզ հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, էկոլոգ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։ -Պարզ է, որ այդ կանաչ զանգվածը պետք է ժամանակին մաքրվեր, հեռացվեր։
Խոսքն այն արհեստական անտառների մասին է, որ ժամանակին ստեղծվել էին՝ ափամերձ հողերը էրոզիայից պաշտպանելու համար։ Կ.Դանիելյանի տեղեկացմամբ, դեռ խորհրդային տարիներին մշակվել էր Սեւանա լճի հիմնախնդրի լուծման ե՛ւ հատուկ ծրագիր, ե՛ւ, այսպես կոչված, սխեմա, որն անդրադառնում էր ափերի նախապատրաստման հարցերին։ Այդ փաստաթղթերի պատրաստմանը, քանի որ համալիր մոտեցման, լուծումների անհրաժեշտություն կար (հիմա էլ կա), մասնակցել էր խորհրդային շուրջ 40 ինստիտուտ։
-Այնպես որ,- շարունակեց էկոլոգը,- նորություն չէ, թե ինչ պետք է արվեր ափերի հետ։ Որ ափերը պետք է մաքրվեին կառույցներից եւ կանաչ տարածքներից, եւ կանաչ զանգվածը չպետք է մնար ջրի տակ՝ ապացուցման կարիք չունի։ Նորանկախ Հայաստանում ՋԵՖ-ի օգնությամբ նոր ծրագիր էր մշակվել, նոր պայմանների համար, որտեղ վերահաստատվել էին այդ բոլոր մոտեցումները։ Սակայն ստացվեց այնպես, որ երբ լիճը սկսեց բարձրանալ, կարծես թե հանկարծ ասպարեզ եկավ կանաչ տարածքների հարցը, կարծես թե նոր հայտնի դարձավ կամ իմացան այդ մասին։
Տեսնելով, որ անտառի մաքրման աշխատանքները չեն իրականացվում ու կա ջրի տակ կանաչ զանգվածի մնալու վտանգ, Կ.Դանիելյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը մոտ 4 տարի առաջ, դեռ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի պաշտոնավարության օրոք այդ հարցով դիմել է բնապահպանության նախարարություն։ Արդյունքը երեւի թե բոլորս էլ տեսնում ենք։
«Լիճը բարձրանում է 2002 թվականից, 2004, 2005 թվականից վտանգն ակնառու զգացվեց,- ասաց էկոլոգը։ -Ես մեր կազմակերպության անունից խնդրանքով դիմեցի նախարարություն, որպեսզի հավաքեն մասնագետների մի խումբ՝ ափերի նախապատրաստման խնդրի հետ կապված։ Նախարարությունում ստեղծվեց համապատասխան հանձնաժողով. որքան հիշում եմ, երկու նիստ անցկացրեց։
Մենք եւ այլ ՀԿ-ներ առաջարկեցինք համայնքներին ներգրավել այդ գործի մեջ եւ անվճար նրանց տրամադրել այն փայտը՝ վառելափայտ, նույնիսկ շինափայտ, որ կստացվի մաքրման աշխատանքների արդյունքում։ Խնդիրը քննարկվեց, բայց մեզ ասվեց, որ դա օրենսդրորեն շատ դժվար է բացատրել, համապատասխանեցնել, որ չի կանոնակարգվում նման թույլտվությունը, հետո թե՝ համայնքները, կարող է, լավ չմաքրեն, արմատները թողնեն, ճիշտ կլինի, որ խիստ վերահսկվող լինի, պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից իրականացվի, իսկ որոշ չափով վառելափայտ, որպես օգնություն, համայնքների սոցիալապես խոցելի խավերին կտրամադրվի։
Ընդունվեց այդպիսի որոշում, բայց ժամանակի ընթացքում արդեն երեւաց, որ այդ ներուժը չկար, որպեսզի առանց համայնքների օգնության, իրոք մաքրեին ափերը։ Հիմա, ըստ եղած տվյալների, մոտ 900 հեկտար այս կամ այն չափով մաքրվել է, բայց ակնհայտ է, որ կան նաեւ չմաքրված հսկայական տարածքներ, որ արդեն ջրի տակ են անցել»։
Ջրի տակ մնացած կանաչ տարածքների ընդհանուր մակերեսի վերաբերյալ եղած թվերը, ըստ Կ.Դանիելյանի, հակասական են՝ 300-600 հա։ Կան նաեւ, այսպես ասած, մաքրված տարածքներ, որտեղ, սակայն, երեւում է, որ բավական կանաչ զանգված է ջրի տակ մնացել։
-Մի քննարկում էլ է եղել՝ արդեն կառավարության կողմից կազմակերպված, համայնքներն անցյալ տարի հրավիրվել էին, եւ նաեւ այդ խնդիրը կար, թե ինչպես կարող են մաքրել անտառները,- տեղեկացրեց ՀԿ-ի ղեկավարը։ -Համայնքների ներկայացուցիչներն ասացին, որ ափերը մաքրող կազմակերպությունն արդեն շինափայտը հանել է, եւ մնացել են ավելի դժվար մաքրվելիք եւ փայտանյութի առումով քիչ պիտանի մասերը։ Այս պատճառով համայնքների հետաքրքրությունն արդեն որոշ չափով նվազել է, բայց դա, իհարկե, բոլոր հատվածներին չի վերաբերում։
Հիմա հատուկ տեխնիկա են բերում, բայց Կ.Դանիելյանը դժվարանում է ասել, թե դրա կամ դրանց հնարավորությունները կբավականացնե՞ն՝ ժամանակին մաքրելու այդքանը։ Տեղեկացնենք նաեւ, որ կան տարաձայնություններ այն հարցում, թե որքանով է վտանգավոր ջրի տակ կանաչ զանգվածի մնալը։
-Իմ խորին համոզմամբ, խիստ վտանգավոր է,- ասաց էկոլոգը։ -Բնապահպանության նախարարությունը կարծես այդքան էլ մեծ վտանգ չի տեսնում։
Այս կարծիքն ունեցողները համարում են, թե Սեւանա լիճը կկարողանա այդ բոլորը «մարսել», քանի որ ծառերի օրգանական նյութը միանգամից չի քայքայքվի ու լուծվի ջրի մեջ, այլ երկար ժամանակի ընթացքում։ Լճում մնացած փայտը պատվում է միկրոօրգանիզմներով, որոնք դանդաղեցնում են փայտի փտելու, քայքայման գործընթացը։ Սակայն խնդիրն այն է, որ Սեւանա լճում ջրի տակ են մնում ոչ միայն փայտը՝ ծառերի բներն ու ճյուղերը, այլեւ դրանց տերեւները, թփերն ու խոտերը, որոնց քայքայումն, ըստ էկոլոգի, անհամեմատ ավելի արագ է տեղի ունենում։
Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ, որ լճի ջուրը մաքուր չէ, օրգանական նյութերով արդեն գերհագեցած է, այսինքն՝ օրգանական նյութերով լճի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը նրա համար, որպես էկոլոգիական համակարգի, կարող է աղետալի լինել։
Սեւանա լճի բարձրացումն այլընտրանք չունի, բայց միաժամանակ համարժեք միջոցներ պետք է ձեռնարկել ինչպես լճի տակ արդեն մնացած ծառերը հանելու, այնպես էլ դեռ ջրի տակ չանցած կանաչ զանգվածը ժամանակին մաքրելու, հեռացնելու համար։ Ցավոք, այս ուղղությամբ բնապահպանության նախարարության կատարած աշխատանքն ակնհայտորեն անբավարար է։
Ջրի տակ կանաչ զանգվածի մնալը միանշանակ համարելով խիստ վտանգավոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, էկոլոգ, նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ասաց, որ բնապահպանության նախարարությունը եւ մի գիտնական դա այնքան էլ վտանգավոր չեն համարում, վերջինս նաեւ հետեւյալ բացատրությամբ. ջրի մեջ աստիճանաբար քայքայվող, լուծվող այդ օրգանական նյութը կօգտագործվի ձկների կողմից։
Հենց այստեղ է, որ անտեսվում է բացահայտ իրողությունը. բնապահպանության նախարարության վատ աշխատանքի եւ անգործության հետեւանքով Սեւանա լճում ձուկ գրեթե չի մնացել։ Հասարակությունը, կարծում ենք, չի մոռացել մոտ երկու շաբաթ առաջ Սեւանա լճի հատակն ուսումնասիրող հայ-ֆրանսիական խմբի անդամներից մեկի՝ «Հայլուրով» հնչած խոսքը, որ ջրի տակ ամենից շատ տպավորվել է նրանով, որ ոչ մի հատ ձուկ չի տեսել։
Ստացվում է, որ բնապահպանության նախարարությունը սիգի արդյունագործական պաշարների ոչնչացումից հետո, վտանգը համարժեքորեն չկարեւորելու մի դիրքորոշում է ընդունել, որը կարող է ավարտվել լճի ջրի մաքրության, որակի աննախադեպ վատացմամբ։
Կ.Դանիելյանը վկայակոչում է Խորհրդային Միության օրոք թույլ տրված սխալի հետեւանքները. մի շարք ջրամբարներ կառուցելիս քիչ ուշադրություն է դարձվել կանաչ զանգվածի եւ շինությունների մաքրման աշխատանքներին, ջուրը լցրել են այգիների ու տների վրա, ինչի հետեւանքով այդ ջրամբարները հետագայում վերածվել են ճահճուտների, դրանց ջուրը ոռոգման համար էլ պիտանի չի եղել։
-Այսինքն՝ այդ սխալը մեկ անգամ արդեն եղել է, եւ հետեւանքը բնության մեջ դրսեւորել է, հիմա նույն սխալն ինչո՞ւ պետք է կրկնենք եւ հույս ունենանք, որ վատ հետեւանք չի ունենա,- ասաց Կ.Դանիելյանը։ -Բազմաթիվ զանգեր են լինում բնակիչների կողմից, շատ մարդիկ Սեւանա լիճ գնալուց, հանգստանալուց հետո գալիս, զանգահարում եւ ասում են՝ դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Նրանցից մեկը երկու տարի առաջ ջուր էր բերել Շորժայի մասից, որտեղ ճահճացումը բավական մեծ է։ Այդ ջուրը տվեցի լաբորատոր ուսումնասիրության նախարարությունում, ահավոր պատկեր էր. թթվածինը զրո էր, հսկայական աղտոտվածություն կար, ազոտի միացությունները, օրգանական նյութերը շատ բարձր էին։
Նկատենք, որ երկու տարի առաջ Սեւանա լճի ջուրը, ընդհանուր առմամբ, ավելի մաքուր էր, քան հիմա։
Բնապահպանության նախարարության պատասխանատուների բացատրությունն այն է, թե ջուրը նախատեսվածից արագ բարձրացավ, դրա համար այս իրավիճակը ստեղծվեց։ Սակայն այս պատճառաբանությունն անընդունելի է երկու պատճառով։
Նախ, սխալ էր պլանավորելն ու կարծելը, թե լճի մակարդակը յուրաքանչյուր տարի հենց 20 սանտիմետրով պետք է բարձրանա։ Բնության գործերի (տեղումներ, գոլորշիացում եւ այլն) երկարաժամկետ կանխատեսում հնարավոր չէ, հետեւաբար լճի մակարդակը մի տարի կարող է բարձրանալ 40-50 սմ, մեկ այլ տարի՝ 5-10 սմ կամ ընդհանրապես չբարձրանալ, հնարավոր է նույնիսկ, որ մի քանի տարի շարունակ երաշտ լինի։
Հետեւաբար պետք էր կանաչ զանգվածի հեռացման առաջանցիկ քաղաքականություն վարել եւ պատրաստ լինել լճի մակարդակի 20 սմ-ից կրկնակի կամ ավելի բարձրացմանը նույնպես, քանի որ աչքի առաջ ունենալով ապագայում տեղումների սակավ եւ լճի մակերեսից ջրի շատ մեծ ծավալների գոլորշիացման հնարավորությունը, չի կարելի լճի մակարդակի բարձրացումն արհեստականորեն կասեցնել, սահմանափակել։
Երկրորդ. լճի մակարդակի այն բարձրացումը, որի հետեւանքով ծառերը հայտնվել են ջրի տակ, օրերի եւ շաբաթների ընթացքում տեղի չի ունեցել, այսինքն՝ ցանկության, սրտացավության դեպքում համապատասխան աշխատանքների կազմակերպումը կարելի էր հասցնել, իսկ եթե անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքների համար տվյալ տարվա բյուջեով գումար չկար նախատեսված, այդ գումարը կարելի էր հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից։ Միով բանիվ, ինչպես Կ.Դանիելյանն էլ է հայտարարում, բնապահպանության նախարարությունն անպատրաստ եղավ Սեւանի բարձրացմանը։
Ընդգծենք, որ մեկ այլ խնդիր է եւ լուրջ կասկածներ կան, թե կանաչ զանգվածի հեռացման համար բյուջեից հատկացված գումարներն ինչ չափով են ծառայել իրենց նպատակին։ Այսինքն՝ հատկացված գումարի շրջանակում նախատեսված տարածքում համապատասխան մասնավոր ընկերությունների կողմից ծառերն արդյոք չե՞ն հեռացվել մասնակիորեն։ Այս հարցը պարզելու նպատակով գլխավոր դատախազությունը շարունակում է քննությունը։
Ըստ հանրապետության նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ` կարող ենք արձանագրել, որ 867 հեկտար անտառներ գտնվում են ջրի մեջ.
-Կրկնում եմ՝ եթե Սեւանը չենք մաքրում, մաքուր ջուր չենք ունենում, մենք, շատ ներողություն, այս բոլորը կատարում ենք հենց այնպես, ինքնանպատակ ծախսեր, մենք պետք է արդյունքում ունենանք մաքուր ջուր։
Հուլիս 14, 2010
