«SOS ԱՐԳԻՃԻ». ՀԱՄՈԶՎԱԾ ՉԵՆՔ, ՈՐ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է

«SOS ԱՐԳԻՃԻ». ՀԱՄՈԶՎԱԾ ՉԵՆՔ, ՈՐ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է

News.am

«Չնայած Բնապահպանության նախարարության հավաստիացումներին, որ Արգիճի գետի վրա ջրագիծ չի կառուցվում, այլ միայն վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մենք՝ համայնքի բնակիչներս, շարունակում ենք պնդել, որ գետի վրա ինժեներական աշխատանքներ են տարվում, եւ Արգիճիի հունը փոխվում է»,-հուլիսի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանը։

Նրա հավաստմամբ, ինժեներական աշխատանքների նպատակը գետի ջուրը դեպի Վայոց ձոր ուղղորդելն է, որպեսզի այն չհոսի դեպի Սեւան։ «Որքան էլ նախարարությունը հերքի, որ Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ է կառուցվում, միեւնույն է 500 մմ տրամագծով խողովակները եւ փորված խրամուղիներն այլ բանի մասին են խոսում»,- համոզմունք հայտնեց Վարդան Գալստյանը։ Նա թեպետ հավաստեց, որ շինարարական աշխատանքներն այժմ դադարեցվել են, սակայն կասկած հայտնեց, որ դրանք կարող են վերսկսվել։ «Համոզված չենք, որ շինարարությունը վերջնականապես է կանգնեցվել, որովհետեւ այնտեղ դեռ ամբարտակներ եւ խողովակներ կան»:

«SOS Արգիճի» նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Պայծառ Աղաբաբյան էլ տեղեկացրեց, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելով՝ այդ նախաձեռնության հեղինակները գործնականում անհնար են դարձնում Գեղարքունիքի մարզի 5 համայնքների՝ ընդհանուր առմամբ 1764 հա հողատարածքի ոռոգումը։

Անդրադառնալով բնապահպանության նախարարության խոստմանը՝ հատուկ հանձնաժողով ստեղծել եւ դրա անդամներին գործուղել Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, Պայծառ Աղաբաբյանն ասաց. «Այդ հանձնաժողովից ոչ մի տեղեկություն չկա։ Միայն լուրեր են պտտվում, որ 2 հոգի այցելել են մարզ, սակայն թե ի՞նչ են նրանք արել, հայտնի չէ։ Հնարավոր է՝ գեղատեսիլ մի վայրում նստել-ժամանակ են անցկացրել, ինչ-որ թվեր աչքի տակով անցկացրել, չգիտենք»,- տարակուսանք հայտնեց «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի ներկայացուցիչը։

Ամփոփելով՝ նա նշեց նաեւ, որ գյուղացիների ունեցած տվյալներով, ՀԷԿ-ի կառուցապատման փաթեթը ձեռք է բերել ռուսաստանաբնակ մի սյունեցի տղա, ով ներկայումս «փախած է» եւ տեղյակ էլ չի եղել, թե ինչ փաթեթ են իրեն վաճառել։

Հուլիս 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր