

ԷկոԼուր
2020 թ․ ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.47 մ: 2020 թ․ հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով դեպի լիճ 37,824 միլիոն խմ ջուր տեղափոխելու պարագայում Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է ընդամենը 4 սմ-ով։ Մինչդեռ 2019 թ․ նույն ժամանակահատվածում ջրատարի չգործելու պայմաններում լճի մակարդակը բարձրացել էր 9 սմ-ով։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզիյանի՝ 2020 թ․ Սևանա լճի մակարդակի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցածր լինելը պայմանավորված է օդերևութաբանական պայմաններով։
Լևոն Ազիզիյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց․ «2020թ-ի մարտ ամսին Սևանա լճի ավազանում դիտված օդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել լճի ջրային ռեժիմի համար՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով, որով պայմանավորված լճից գոլորշացումը բարձր է եղել նորմայից։ Իսկ ամսական տեղումների քանակը ցածր է եղել նորմայից՝ կազմելով 20-60%: Այս պայմաններում լճի մակարդակը մարտ ամսվա ընթացքում բարձրացել է ընդամենը 1սմ-ով։
Իսկ 2019թ-ի մարտին լճի ավազանում ամսական միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումներով, իսկ ամսական տեղումների քանակը բարձր է եղել նորմայից, կազմելով՝ 110-150%, Սևանում՝ 215%։ Նման պայմաններն ապահովել են լճի մակարդակի բարձրացում՝ 5սմ-ով»։
Ապրիլ 11, 2020 at 17:43
