ՍԵՎԱՆԱ ԼԻՃ Է ԲԱՑ ԹՈՂՆՎԵԼ 95 ՀԱԶԱՐ ՄԱՆՐԱՁՈՒԿ

Panorama.am

Սևանա լիճ են բաց թողնվել ամառային իշխանի և գեղարքունի ձկների 95 հազար մանրաձուկ: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արծրուն Պեպանյանը, այս տարվա մանրաձկների վերջին խմբաքանակը լիճ է բաց թողնվել 3 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, լիճ բաց թողնված 95 հազար մանրաձկան ձեռք բերման համար ծախսվել է 43 մլն 845 հազար դրամ:

Մանրաձկների առաջին խումբը լիճ է բաց թողնվել հոկտեմբերի 14-ին: Ըստ Ա. Պեպանյանի, բաց է թողնվել 60 գրամանոց և ավելի կշիռ ունեցող 20 հազար ու 100 գ և ավելի ավելի կշիռ ունեցող 7 հազար հատ ամառային իշխան: «60 գրամանոց մանրաձուկը ձեռք էր բերվել 11մլն 800 հազար դրամով, իսկ 100 գրամանոցները` 5 մլն 40 հազար դրամ: Հաջորդ` երկրորդ օրը, լիճ բաց թողնվեց 3 հազար հատ 100 գ և ավելի կշիռ ունեցող ամառային իշխանի մանրաձուկ` 2 մլն 160 հազար դրամով, և 20 հազար հատ 65 գ և ավելի կշիռ ունեցող (11 մլն 400 հազար դրամ), 15 հազար հատ 10 գ և ավելի (4 մլն 350 հազար դրամ) գեղարքունի մանրաձուկ»,-նշեց Ա. Պեպանյանն ու ավելացրեց, որ հոկտեմբերի 16-ին լիճ է բաց թողնվել միայն 30 հազար հատ 10 գ և ավելի կշիռ ունեցող գեղարքունի մանրաձուկ` 8 մլն 700 հազար դրամ:

Ա. Պեպանյանը նշեց, որ մանրաձկները ձեռք են բերվում տեղական մասնավոր ձկնաբուծարաններից: Իսկ նոյեմբերի 15-ից ձկնորսությունը Սևանա լճում կարգելվի:

Նշենք, որ այս տարվա ապրիլին լիճ բաց թողնվեց մանրաձկների առաջին խմբաքանակը` 200 հազար հատ:

Հոկտեմբեր 27, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր