ԷկոԼուր
Հայաստանի Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում ՀՀ կառավարությունը սահմանեց սակավաջրություն: Որոշումն ընդունվեց գործադիրի՝ ապրիլի 23-ի նիստում:
7185 կմ2 մակերեսով Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքը պարփակված է Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, 6225 կմ2 մակերեսով Սևանի ջրավազանային կառավարման տարածքը՝ Գեղարքունիքի և Կոտայիքի մարզերում:
Որոշման հիմնավորման համաձայն՝ կանխատեսվել է, որ այս ջրավազանային կառավարման տարածքների գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում, գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։
ՀՀ կառավարության որոշմամբ հետևյալ քայլերն են նախատեսվում սակավաջուր հայտարարված տարածքներում.
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ըստ անհրաժեշտության, կատարելու է ժամանակավոր փոփոխություններ նշված տարածքներում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ, երաշտի նախապայմանների վերաբերյալ յուրաքանչյուր 10-օրյակը մեկ տեղեկատվություն է ներկայացնելու Կառավարություն:
- Էկոնոմիկայի նախարարը ջրօգտագործում իրականացնող տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդրած տնտեսությունների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնելու Կառավարություն և շրջակա միջավայրի նախարարություն, ձեռնարկելու է միջոցառումներ առավել մեծ թվով տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն է ներկայացնելու Կառավարություն:
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշված տարածքներում ոռոգման նպատակով ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություններ է ներկայացնել Կառավարություն, իսկ արդյունքների մասին՝ յուրաքանչյուր 10-օրյակը մեկ:
Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը Կառավարության կողմից կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա:
Նշենք, որ մինչ օրս Սևանա լճի մակարդակը բարձրանալով հանդերձ շարունակում է 1 սմ-ով ցածր լինել նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից այն պարագայում, երբ տարեսկզբից Արփա-Սևան թունելով ջուր է ներհոսում Սևանա լիճ: Արդեն լիճ է ներհոսել ընդհանուր 47.180 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը ապրիլի 23-ի դրությամբ կազմում է 1900.52 մ, իսկ նախորդ տարի՝ այդ օրը, մակարդակը 1900.53 մ էր առանց թունելի շահագործման:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզիյանը 2020 թ․ Սևանա լճի մակարդակի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցածր լինելը պայմանավորել է օդերևութաբանական պայմաններով։
Լևոն Ազիզիյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասել էր․ «2020թ-ի մարտ ամսին Սևանա լճի ավազանում դիտված օդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել լճի ջրային ռեժիմի համար՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով, որով պայմանավորված լճից գոլորշացումը բարձր է եղել նորմայից։ Իսկ ամսական տեղումների քանակը ցածր է եղել նորմայից՝ կազմելով 20-60%: Այս պայմաններում լճի մակարդակը մարտ ամսվա ընթացքում բարձրացել է ընդամենը 1սմ-ով»:
Լուսանկարները՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
Ապրիլ 23, 2020 at 20:22