ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Panorama.am

Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նրա խոսքով, ժամանակաշրջանը որոշվել է սիգի, իշխանի ու խեցգետնի ձվադրման ժամկետներից ելնելով: «Այս մասին խորհրդակցություն ենք անցկացրել Գեղարքունիքի մարզում: Քննարկմանը ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը՝ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները, մարզպետարանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու, իհարկե, նախարարության նեերկայացուցիչները: Ձկնորսության արգելքի հիմնական նպատակը արդյունագործական ձկնորսությունից զերծ մնալն է»,-նշեց Ա. Զիրոյանն ու ավելացրեց, որ միաժամանակ արգելվում է ձկնորսությունը Սևան թափվող գետերում:

Բացի ձկնորսության արգելքը, Ա. Զիրոյանի խոսքով, խորհրդակցության ժամանակ որոշվել է, նոյեմբերի 14-ից լիճը մաքրել բոլոր տեսակի որսացանցերից, լողամիջոցներից, որսագործիքներից, իսկ լճի ափերը` ձկնորսական նշանակության վագոն-տնակներից և ժամանակավոր շինություններից: «Հաջորդ կարևոր խնդիրը, որը նույնպես որոշվեց իրականացնել, Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների փակումն ու հսկիչ կետերի տեղակայումն էր, դրանից բացի նշանակվելու է շուրջօրյա հերթապահություն՝ մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ ու որ առավել կարևորն է, արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների ու լողամիջոցների մուտքը Սևանա լիճ»,-նշեց գործակալության պետը:

Իսկ այդ ժամանակահատվածում, Ա. Զիրոյանի խոսքով, մայրաքաղաքի ու մարզերի շուկաներում կազմակերպվելու են ձկնատեսակների ու խեցգետնի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր, որոնք իրականացվելու են տեսչության ու ոստիկանության համատեղ ուժերով:

Նոյեմբեր 10, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր