Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն
Եթե ՀՀ քիմիական օբյեկտներում վթար լինի, ապա այդ դեպքում ինչպես պետք է պաշտպանել բնակչությանը։ Գործադիրն արդեն որոշել է այդ ինչպեսը, իսկ գործողությունների պլան—ժամանակացույցը կմշակվի եռամսյա ժամկետում։ Ընդ որում, կառավարությունը հստակեցնում է, որ վտանգի դեպքում պետք է լինի նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտի, որը վթարված քիմիական օբյեկտի հարակից 1 կմ տարածքն է, ուր բնակչության պաշտպանության միջոցառումները պետք է իրականացվեն օբյեկտից անմիջականորեն ստացված ահազանգի հիման վրա՝ մինչեւ վտանգավոր քիմիական նյութերի արտանետումը կամ արտանետման սկզբնական փուլում՝ անհապաղ։ Ի դեպ, «Նաիրիտ» գործարանի պարագայում 1 կմ—ն 5 կմ է սահմանված։ Ու քանի որ վթարի կամ վթարի վտանգի դեպքում բնակչության պաշտպանությունը շատ կարեւոր խնդիր է, գործադիրը այս գործում ներառել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, պաշտպանության, առողջապահության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը։
Կառավարությունը նախ հստակեցրել է, թե մեր երկրի տարածքում քիմիական ինչ վթարներ են հնարավոր եւ թե պետական գերատեսչություններն ինչ պետք է անեն։
Այսպիսով, ՀՀ տարածքում հնարավոր են քիմիական օբյեկտների հետեւյալ վթարներն ու վթարների սպառնալիքները՝ 1. քիմիական օբյեկտի արտանախագծային վթար, 2. քիմիական օբյեկտի արտանախագծային վթարի սպառնալիք (պատճառը՝ տեխնոլոգիական խափանում կամ անձնակազմի սխալ գործողություն, 3. քիմիական օբյեկտի արտանախագծային վթարի սպառնալիք (պատճառը՝ արտաքին ազդեցություն կամ ղեկավարման վահանակի անձնակազմի գործելու անհնարինություն), 4. քիմիական օբյեկտի նախագծային վթար, 5. քիմիական օբյեկտի նախագծային վթարի սպառնալիք (պատճառը՝ տեխնոլոգիական խափանում կամ անձնակազմի սխալ գործողություն), 6. քիմիական օբյեկտի նախագծային վթարի սպառնալիք (պատճառը՝ արտաքին ազդեցություն կամ ղեկավարման վահանակի անձնակազմի գործելու անհնարինություն), 7. տեխնոլոգիական գործընթացին սպառնացողի ոչ տեխնոլոգիական միջադեպ (հրդեհ, պայթյուն եւ այլն) կամ քիմիական օբյեկտի վրա վտանգավոր արտաքին ազդեցության սպառնալիք, 8. ՎՔՎՆ—ի (վթարա—քիմիական վտանգավոր նյութ) փոխադրման ժամանակ տարողության վնասում, 9. փոխադրման իրական սպառնալիք (ճանապարհային վթար, հրդեհ եւ այլն)՝ աշխատած միջուկային վառելիքի փոխադրման ժամանակ։
Քիմիական օբյեկտի վթարների դեպքում բնակչության պաշտպանության բնագավառում տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետք է զբաղվի վտանգավոր քիմիական վարակման գոտուց բնակչության տարհանման, տուժածների եւ հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովմամբ։ Նաեւ՝ բնակչության պաշտպանության միջոցառումների ամբողջ ընթացքում կապ ապահովի։
Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն են՝ ա. պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ բնակչության ազդարարման կազմակերպումը, բ. փրկարարական աշխատանքների ղեկավարումը, գ. բնակչության պաշտպանությանը վերաբերող որոշումների նախապատրաստումը, դ. բնակչության պաշտպանության միջոցառումների համակարգումը, ե. հակահրդեհային անվտանգության ապահովումը, զ. վթարային իրավիճակի քիմիական մոնիտորինգի կազմակերպումը եւ իրականացումը, է. որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը, ը. փաստացի եւ կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը, թ. երթուղային դիտարկումների իրականացումը եւ տեղեկատվության տրամադրումը։
Գյուղատնտեսության նախարարությունը պետք է մարզպետարաններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցի՝ քիմիապես աղտոտված գոտուց գյուղատնտեսական կենդանիների եւ գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման կազմակերպման գործում։ Նաեւ աջակցի գյուղատնտեսական մթերքների, անասնակերի քիմիական աղտոտվածության աստիճանի եւ դրանց օգտագործման պիտանիությունը որոշելիս։
Քաղաքաշինության նախարարությունը պետք է զբաղվի բնակչության պատսպարման համար պիտանի պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցմամբ, տարհանված բնակչության կենսապահովմամբ։
Բնապահպանության նախարարությունը պետք է շրջակա միջավայրի քիմիական դիտարկումն անի։ Առողջապահության նախարարության գործառույթներն են՝ ա. տուժած բնակչության բժշկական ապահովման կազմակերպումը, բ. տուժածներին եւ հիվանդներին աղտոտված գոտուց տարհանելու աշխատանքների համակարգումը, գ. տարհանման ընթացքում բժշկական ապահովումը, դ. քիմիական վարակման գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը։
Պաշտպանության նախարարությունն էլ պետք է քիմիական դիտարկում իրականացնի, նաեւ փրկարարական աշխատանքների համար ուժեր ու միջոցներ տրամադրի։
Իսկ ազգային անվտանգության ծառայության գործողությունները հասկանալի են, ուստիեւ՝ փակագծերը չեն բացվում։ Ի՞նչ պետք է անի ոստիկանությունը։ Նախ՝ քիմիական աղտոտված գոտում գտնվող բնակավայրերի գույքի եւ նյութական արժեքների պահպանումը կազմակերպի, բնակավայրերում, կազմակերպություններում, բնակչության տարհանման հավաքակետերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգը պահպանի, անցագրային ռեժիմ իրականացնի, պարետային ծառայություն կազմակերպի։
Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները ՆՊՄԻ (նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման) գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչությանը կբաշխվեն նախօրոք եւ կպահպանվեն նրանց մոտ, ինչպես նաեւ կտրվեն կազմակերպությունների ղեկավարներին՝ ըստ աշխատողների թվի։ Բնակչության պատսպարման համար նշված գոտիներում կօգտագործվեն ապաստարաններ, թաքստոցներ եւ պարզագույն պաշտպանական կառույցներ, նաեւ մարդկանց տներն ու բնակարանները, բնակելի շենքերի առաջին եւ նկուղային հարկերը, որոնք պետք է նախօրոք եւ վտանգի առաջացման դեպքում անմիջապես հարմարեցվեն այդ նպատակին։ Վթարային արձագանքող ստորաբաժանումները նախապես կապահովվեն անհատական պաշտպանական միջոցներով, քիմիական հետախուզման սարքավորումներով եւ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ կանցնեն ուսուցում։ Բժշկական կետերում քիմիական ազդեցության ենթարկված եւ այլ ախտորոշումներով բնակչությանը կցուցաբերվի առաջին բժշկական օգնություն, եւ նրանք կտարհանվեն մասնագիտացված բուժհիմնարկներ։ Ժամանակավոր վերաբնակեցման վայրերում բնակչությունը կապահովվի ժամանակավոր կացարաններով, սննդով եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցներով։ Բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում կապը կկազմակերպվի գերկարճալիք ու կարճալիք ռադիոցանցով՝ փրկարար ծառայության կողմից, իսկ բջջային, քաղաքային եւ ուղիղ հեռախոսակապի միջոցներով՝ տրասպորտի եւ կապի նախարարության կողմից։
Հավելենք նաեւ, որ առաջին բժշկական օգնության եւ տուժածների տեղափոխման համար առողջապահության նախարարության քաղաքային հիվանդանոցի մասնագիտացված բժշկական բրիգադներն առնվազն 4 բժիշկ պետք է ունենան։ Հակահրդեհային գործողությունների ապահովման համար փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների հրշեջ—փրկարարական ջոկատներից 2 համահավաք հրշեջ—փրկարարական ջոկատներն առնվազն 66 մարդ պետք է ունենան՝ 10 միավոր ԱԲ—40 տեխնիկայով։
Ինչ վերաբերում է վթարային հակազդմանը, եւ թե վերականգնողական ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, այս մասին՝ հաջորդիվ։
Օգոստոս 11, 2010
