Էլմիրա Մարտիրոսյան, www.zhamanak.com
Եթե Արամ Հարությունյանը (Բուլկի Արամը) նախկինում եղել է քաղաքաշինության նախարար, ինչ-ինչ շահագրգռվածության դիմաց աչք է փակել Սեւանի ափերին կառուցվող ապօրինի շինությունների վրա, հիմա որ եկել դարձել է բնապահպանության նախարար` պիտի քանդի՞:
Հարց է տալիս բնապահպանության նախարարության համակարգի նախկին աշխատակից` Գեղարքունիքի բնապահպանական տեսչության բաժնի (ՏԲ) պետի նախկին տեղակալ, աշխատանքից ապօրինի ազատված Հենրիկ Մարտիրոսյանը եւ ասում` դրա համար էլ Սեւանի ափերին այս վիճակն է: Էկոլոգ-գիտնականը հիշեցնում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագիրը, որով նախատեսված է համապատասխան ժամանակացույցով ապահովել Սեւանա լճի եւ դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի բարելավումը, բնական պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաեւ ստեղծել նախադրյալներ տուրիզմի եւ տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Այսինքն` Սեւանա լճի շրջակայքում գտնվող շատ օբյեկտներ պետք է ջրածածկ լինեին: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հաշվարկով` 2789 հեկտար անտառամաքրման աշխատանքներ պետք է իրականացվեին, իսկ Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալներով` 3393 հեկտար: Տեսնես ո՞ւմ «սիրուն աչքերի» եւ ինչի՞ համար էր Հարությունյանը 604 հա-ն թաքցնում:
Փորձենք հասկանալ. համաձայն նշյալ ծրագրի` պետք է կատարվեր Սեւանի ափի անշարժ գույքի հաշվառում եւ գույքագրում, որպեսզի ջրածածկման դեպքում պետությունը միայն օրինական շինությունների տերերին փոխհատուցում տար: Վլ.Մովսիսյանի ներկայացրած թվերով` լճի մերձակա տարածքում 1967 շինություն կա, որից միայն 481-ը պետական գրանցում ունի, մնացածն ապօրինի են: Հ
ենրիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ` եթե պետությունը տուգանքներ կիրառի այդ ապօրինի ու հսկայական շինությունների յուրաքանչյուր քմ-ի համար` գանձելով օրենքով նախատեսված նվազագույն տուգանքը` 5000 դրամ, բյուջեն կլցվի, քանի որ պետությանը հասցված վնասը միլիոնների է հասնում: Իսկ դրանք մեծամասամբ այն օբյեկտներն են, որոնց տերերին կառավարությունը քաղաքաշինության, ապա` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ակտիվ ջանքերի շնորհիվ շենք-շինություններ կառուցելու հնարավորություն է տվել: Եվ հիմա, երբ քաղցրահամ ջրի պաշարները պահպանելու, Սեւանի էկոհամակարգը բարելավելու խնդիր է առաջացել եւ ջրածածկ են լինում պետության դաբրոյով կառուցված օբյեկտները, դրանք փրկելու, բայց Արարատյան դաշտավայրը ջրելու պատրվակով ջուր է բաց թողնվում Սեւանից, որպեսզի այդ օբյեկտների տերերը փոխհատուցում չուզեն:
Հենրիկ Մարտիրոսյանն ասաց, որ իր տեղեկություններով` նախորդ տարվա համեմատ ավելի խնայողաբար են ջուրը բաց թողնում, եւ դա անհրաժեշտ է, քանի որ երաշտը հրդեհների վտանգ է ստեղծում եւ կարող է կանաչ տարածքներ ոչնչացնել` ինչպես Ռուսաստանում է այժմ տեղի ունենում: Այլ հարց է, թե բաց թողնվող ջուրը հասնո՞ւմ է գյուղացուն, թե՞ ոչ, քանի որ շատերը դժգոհում են, որ ջրամատակարարումը նորմալ չէ:
Իսկ իրավապահները լռում ու խնայում են Բուլկի Արամին, իսկ բյուջեն փորձում են լցնել շուն ու կատու պահողների վրա հարկ դնելով:
Օգոստոս 13, 2010
