

Արմենպրես
Օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսած` ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն սկսել է ուսումնասիրությունները Սեւանի ափամերձ համայնքների եւ լողափերի հատվածների սանիտարական վիճակի պահպանման շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում` Սեւանի ափամերձ հատվածներում տիրող սանիտարական վիճակը լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամները, ովքեր օրերս իրավիճակի ուսումնասիրման նպատակով աշխատանքային շրջայց են կատարել լճափնյա համայնքներում եւ լողափերում, գտել են անբավարար:
Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը նույն աղբյուրին հայտնել է, որ աղբի վնասազերծումը չի կատարվել տարբեր պատճառներով. ֆինանսական միջոցները սխալ կազմակերպելու պատճառով պայմանագրերը չեն վերահսկվում: Աղբի տարածման աղբյուր է դառնում այն, որ տարածքի վարձակալողներն աղբը սեփական ուժերով են տեղափոխում, բայց իրականում այն մի տեղից լցնում են մյուս տեղը: Սա է, որ հանձնաժողովին խիստ անհանգստացնում է: Հանգստի գոտիներում ունեցած զրույցների ընթացքում Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներին շատ դժվար էր պարզել, թե որտեղ է թափվում տվյալ տարածքի աղբը: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամները ստուգայցի ընթացքում անդրադարձան նաեւ նշյալ տարածքներում սանհանգույցների եւ լոգարանների առկայությանը: Այս ուղղությամբ եւս լուրջ բացթողումներ արձանագրվեցին:
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի հավաստմամբ` Ազգային պարկի ողջ տարածքով արդեն իսկ ընթանում են սանիտարական մաքրման աշխատանքներ, եւ մոտակա օրերին պատկերը բոլորովին այլ կլինի: Նա նույն աղբյուրին վստահեցրել է, որ սանիտարական մաքրության նորմերի խախտման դեպքում իրենք միակողմանի կդադարեցնեն պայմանագիրը եւ կարգազանց վարձակալներին կստիպեն աշխատել միայն օրենքի շրջանակներում: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի շրջայցերը, ըստ Յուրի Ջավադյանի, կշարունակվեն մինչեւ հանգստի ժամանակաշրջանի ավարտը:
Օգոստոս 13, 2010
