Արդյո՞ք սոցիալական խնդիրները կարող են լուծվել սիգի մայրական կազմի ոչնչացման հաշվին

Արդյո՞ք սոցիալական խնդիրները կարող են լուծվել սիգի մայրական կազմի ոչնչացման հաշվին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում արգելվում է սիգի արդյունագործական որսը՝ պայմանավորված սիգի ձվադրման ժամանակաշրջանով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրի շրջանակներում 2020թ. աշնանը՝ մինչև նոյեմբերի 30-ը, Սևանա լճից նախատեսված էր 300 տոննա սիգի որս: Ամփոփելով «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» որսաշրջանը՝ նախարարությունը հայտնում է, որ կնքվել է 255 պայմանագիր շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար: Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ: Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ է տվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։

Այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը՝ դրանով կանխելով կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մինչ օրս պաշտոնական որևէ հաշվարկ չի ներկայացվել, թե 2020թ. տարեսկզբից Սևանա լճից որքան սիգ է որսվել: Չի ուսումնասիրվել, թե ինչպիսին է եղել այս փորձարարական ծրագրի սոցիալական ազդեցությունը, երբ մեկ սիգը փողոցներում վաճառվել է 80 դրամից սկսած: Հարց է, թե այս ծրագրի իրականացումն ինչպես պետք է նպաստի լճի ձկնապաշարների վերականգնմանը, երբ որսվել է ձկան մայրական կազմը և շուկաներում ազատ ձկնկիթ է վաճառվում, որը հենց Սևանա լիճի ապագա ձուկն էր, լճի էկոհամակարգի վերականգնման գործոններից մեկը:

Դեկտեմբեր 01, 2020 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր