Արգիճի գետի ջրաբանական էկոհամակարգային ծառայության տնտեսական արժեքը տարեկան կազմում է 503.4 միլիոն դրամ

Արգիճի գետի ջրաբանական էկոհամակարգային ծառայության տնտեսական արժեքը տարեկան կազմում է 503.4 միլիոն դրամ

Էկոհամակարգային ծառայությունների արժեքը գնալով ավելի կարևոր է դառնում Արևելյան գործընկերության երկրների համար, որտեղ բնական ռեսուրսների գերշահագործումն արդեն իսկ հանգեցրել է դրանց սպառման ու բնական միջավայրի ոչնչացման:

«Էկոհամակարգային ծառայություններ և հիդրոէներգետիկա. Արևելյան գործընկերության երկրների գետավազաններում եվրոպական գործիքների պիլոտային փորձարկումը» կոնֆերանսի մասնակիցները գնահատեցին էկոհամակարգային ծառայությունների ներդրման մեխանիզմները և ներկայացրեցին առաջարկներ հարմարեցված կոնկրետ երկրի խնդիրներին: Կոնֆերանսը կազմակերպվել էր «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության և Ուկրաինայի ազգային էկոլոգիական կենտրոնի (NECU) կողմից՝  Եվրամիության և Ժողովրդավարության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ:

NECU-ի ներկայացուցիչ Ռուսլան Հավրիլյուկը ներկայացրեց եվրոպական մեխանիզմները: Հիդրոէներգետիկ կառույցների գործունեության հետևանքով էկոհամակարգերին պատճառված բացասական ազդեցությունը գրեթե նույնն է բոլոր այն երկրների համար, որտեղ հիդրոէներգետիկան հայտարարվում է «կանաչ» և ունի արտոնյալ աջակցություն: Սա կենսաբազմազանության կորուստ է, ջրի որակի վատթարացում, զգալի բացասական ազդեցություն ջրահավաք ավազանների վրա: Հիդրոէներգետիկայի զգալի բնապահպանական արժեքը չի կարող ծածկվել գոյություն ունեցող ջրի վճարներով:

Փորձագետը նաև ներկայացրեց էկոհամակարգային ծառայությունների գնահատման համար Եվրամիության կողմից ընդունված մի շարք փաստաթղթեր0, հիմնական պահանջներն ու մոտեցումները:

Փորձագետներ Արամ Գաբրիելյանն ու Գոռ Ավետիսյանը կանգ առան  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի ազդեցության տակ գտնվող Արգիճի գետի օրինակի վրա:

Արամ Գաբրիելյանն իր զեկույցում մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է.

·     շրջակա միջավայրի վրա հիդրոէլեկտրակայանների ազդեցությունը գնահատելու կանոններում ներդնել «ամբողջական շղթայի» (full cycle) ներգործության մեթոդաբանությունը և կիրառել այն կլիմայի վրա ազդեցության գնահատման համար

·     արգելել հիդրոտեխնիկական  կառույցների, ներառյալ ամբարտակների կառուցումն ազատ հոսող գետերի հուներում՝ որպես բնական հոսքը խաթարող կառույցներ

·     ստեղծել գետերի բաց ցանկ, որոնց վրա արգելվում է ցանկացած հիդրոէներգետիկական կառույցների  կառուցումը

·     հրաժարվել հիդրոէլեկտրակայանների ստեղծմանը նպատակաուղղված  տնտեսական խթաններից («կանաչ սակագներ», հատուկ հարկեր և այլն),

·    ապահովել ջրավազանային մակարդակում էկոհամակարգային մոտեցման կիրառումը գետավազանների անդրսահմանային կառավարման համար՝ էկոհամակարգերի ծառայությունների կորստի փոխադարձ ճանաչմամբ,  դրանց փոխհատուցմամբ, ներդնելով «աղտոտողը վճարում է» սկզբունքը

·   օրենսդրորեն ներդնել  հիդրոէլեկտրակայանների կողմից ջրօգտագործման նորմավորման կանոնները «մնացորդային սկզբունքով», այսինքն` նշելով միայն էկոլոգիական թողքի  ռեժիմը գետի հունում, որի համապատասխանությունն ու ապահովումը ավտոմատացնել.

Փորձագետ Գոռ Ավետիսյանի գնահատմամբ, Արգիճի գետի ջրաբանական էկոհամակարգային ծառայության տնտեսական արժեքը տարեկան կազմում է 503,4 միլիոն դրամ:

Դեկտեմբեր 15, 2020 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր