Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանա լճի կենսառեսուրսների մասին

Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանա լճի կենսառեսուրսների մասին

2013-2020թթ. ընթացքում Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարը կրճատվել է ավելի քան 10 անգամ. 1528 տոննայից դարձել 105 տոննա: Այս մասին 2021թ. ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնն իրականացնում է ձկան և խեցգետնի պաշարների ամենամյա գնահատում Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:

Համաձայն կատարված ուսումնասիրությունների արդյունքների՝ Սևանա լճում էականորեն նվազել է նաև ձկան պաշարը: Ըստ Բարդուխ Գաբրիելյանի ներկայացրած տվյալների՝ եթե 2013-2018թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից հասնելով 2948 տոննայի, ապա 2018թ. հետո նվազել՝ 2019թ. կազմելով 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա: Նույն կերպ նվազել է նաև ձկան արդյունագործական պաշարը՝ կազմելով համապատասխանաբար՝ 667 և 586 տոննա: «Արդյունագործական կենսազանգվածը կազմում է ընդհանուր պաշարի 20-25%-ը: Նվազումը կախված է եղել հիմնականում ոչ կառավարելի որսի և բազմացման պայմանների վատացման հետ: Մեր կենսառեսուրսները պետք է դիտենք, ոչ միայն որպես սննդի աղբյուր, այլ՝ որպես լճային էկոհամակարգի վերին օղակ, որոնք ճիշտ կառավարման դեպքում թույլ կտան բարելավել Սևանա լճի ջրի որակը: Խեցգետնի դեպքում հիմնական պատճառներից մեկն էլ կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքնով ի հայտ եկած հիվանդություններն էին. բարենպաստ պայմաններ են ստեղծվել ձկների և խեցգետնի վրա ազդող մակաբույծների համար»,- նշեց նա: 

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ թեև այսօր զգացվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը Սևանա լճի կենսառեսուրսների վրա, սակայն այն հիմնական գործոնը չէ, և անհրաժեշտ է տարանջատել հիմնական և երկրորդական գործոնները: Ըստ նրա՝ լճի էկոհամակարգն իրենից բուրգ է ներկայացնում: Ձկները բուրգի վերևի հատվածում են, այնուհետ գալիս են անողնաշար կենդանիները՝ զոոպլանկտոնը և զոոբենթոսը: Ամենաներքևում գտնվում են բուսական աշխարհի ներկայացուցիչները՝ ի դեմս ֆիտոպլանկտոնի, մակրոֆիտների և այլն: Վերջին տարիներին Սևանա լճում ունեցանք բուռն ծաղկում կապտակապանաչ ջրիմուռներով, որոնք մեծ մասամբ տոքսիկ են: Դրանց ծաղկման համար երկու գործոն կա, առաջինը ջերմաստիճանի բարձրացումն է, երկրորդը՝ կենսածին տարրերի ներմուտքի ավելացումն է: Առաջինն ուղղակիորեն կապված է կլիմայի փոփոխության հետ, քանի որ, ջրի միջին ջերմաստիճանը բարձրանալով, ստեղծում է բարենպաստ պայմաններ կապտականաչ ջրիմուռների համար, ինչն իր հերթին ազդում է ոչ միայն ջրի որակի, այլև՝ ձկների կերի վրա: Ձկներն ավելի շարժուն են և կարողանում են խուսափել այդ կապտականաչ ջրիմուռների կուտակումներից, սակայն, միևնույն է, ազդեցություն են թողնում, որովհետև այն տեղերում, որտեղ իրենք վերադառնում են, արդեն առաջանում են օրգանիկ նյութերի կուտակումներ, որոնք իրենց հերթին հաջորդ տարիներին բերում են այդ տարածքում կապտականաչ ջրիմուռների ավելի բուռն զարգացմանն ու ծաղկմանը: Երկրորդը կենսածին տարրերն են, որոնք ավելանալու երկու աղբյուր ունեն, առաջինը՝ ջրահավաք ավազանից, ինչը հնարավոր է  և պետք է նվազեցվի համապատասխան միջոցառումների շնորհիվ, երկրորդը՝ ներջրամբարային գործընթացներն են. ջրիմուռները մահանալով իջնում են լճի հատակ՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութի աղբյուր»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը: 

Հարցին, թե ինչ է անհրաժեշտ անել՝ նվազեցնելու համար այս գործոնների ազդեցությունը Սևանա լճի վրա, Բարդուխ Գաբրիելյանը երեք քայլ նշեց: «Պարզ է, որ չենք կարող կանգնեցնել կլիմայի փոփոխությունը, բայց կարող ենք նվազեցնել նրա ազդեցությունը: Մենք առաջարկում ենք աշխատել երեք ուղղությամբ, որպեսզի Սևանա լճում ունենանք ջրի որակի բարելավում: Սևանա լճի համար առաջին պայմանը մակարդակի բարձրացումն է: Եթե ունենանք ավելի մեծ ծավալի ջուր, կլիմայի փոփոխության ազդեցությունը կնվազի, և Սևանի ջրի միջին ջերմաստիճանը  կբարձրանա աննշան կամ նույնիսկ կարող է իջնել: Մյուս կողմից կնվազի լճի ծաղկումը, կավելանան ձկների և խեցգետնի ապրելավայրերը և ձվադրման տարածքները: Անպայման պետք է ջրի դրական հաշվեկշիռ ունենանք, քանի որ եթե բարձրացման միտման ժամանակ ունենում ենք բացասական հաշվեկշիռ, նշանակում է, որ լիճը բարձրանալով  լվանում է այդ օրգանական նյութերի ավելցուկը ափերից, հետո իջնելով, քիչ ջրի ծավալում առաջացնում է ավելի մեծ օրգանական նյութի կոնցենտրացիա:

Երկրորդը՝ ջրահավաք ավազանից կենսածին տարրերի մուտքի նվազեցումն է: Երրորդը՝ մեր կենսառեսուրսների կառավարելի որսն է Սևանա լճում: Դա թույլ կտա ունենալ կենսառեսուրսների այնպիսի քանակ, որ կարող ենք օրգանական նյութերի ավելցուկը Սևանա լճից արտահանել ձկան կամ խեցգետնի ձևով: Այս ոչ մխիթար պատկերը շտկելու համար, անհրաժեշտ է մշակել նոր համալիր ծրագիր, որը կընդգրկի տնտեսության տարբեր ոլորտներ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:



Ապրիլ 29, 2021 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր