

Panorama.am
Սևանա լճի էկոհամակարգի խիստ անկայուն վիճակով մտահոգված գիտնականներն այսօր ԳԱԱ-ում կայացած էկոլոգիական քննարկման ժամանակ անդրադարձան նաև Սևանի խնդրին:
ԳԱԱ թղթակից անդամ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանի խոսքով, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը և բնակչության խտացմանը զուգահեռ իրականացվել են համատարած վերակառուցումներ, ինչն էլ փոխել է էկոհամակարգը: Դա, ըստ Ռ. Հովհաննիսյանի, բնական պաշարների նկատմամբ «անհեռատես սպառողական քաղաքականություն է»:
«Առանց էկոլոգիական հետևանքները հաշվի առնելու 1933 թվականից որոշվել է լճի մակարդակն իջեցնել տարեկան 1մ-ով, այսինքն՝ 50 տարվա ընթացքում 50 մ ու տարեկան բաց թողնել 1025 մլն խորհանարդ մետր ջուր, և լճից կմնար 230 քառակուսի կմ լճակ: 1947-61 թթ-ին արդեն գիտությունների ակադեմիան դեմ լինելով լճի մակարդակի իջեցմանը կատարել է հետազոտություններ և արդյունքում պարզվել, որ ջրի մակարդակի իջեցման ծրագիրն արմատական վերանայում է պահանջում»,-նշեց Ռ. Հովհաննիսյանը:
Մասնագետի հավաստմամբ, 1961-ին որոշվել է լճի մակարդակը բարձրացնելու համար Արփա գետից 250 մլն խորանարդ մետր ջուր տեղափոխել Սևանա լիճ և մակարդակի իջեցումը 18 մ-ից ավելի չթույլատրել: 1981-ին էլ բացվում է Արփա-Սևան թունելն ու այդ ժամանակ լճի մակարդակն իջնում 20,5 մ-ով, իսկ տնտեսության հզոր զարգացման հետևանքնով անհամեմատ մեծանում լիճ թափվող կեղտաջրերի քանակը: «1982-ից սկսած լճում անհետացել են իշխանի 2 ռասսաները, բարձրակարգ ջրային բույսերը, որոնք արդեն փոխարինվել էին միաբջիջ ջրիմուռներով»,-նշեց Ռ. Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ Արփայի ջրերի փոխանակումից հետո լճի մակարդակի իջեցումը կասեցվել է:
2004-ին ավարտվել է Որոտանի թունելի աշխատանքները, բայց մինչ օրս, մասնագետի խոսքով, Սպանդարյանի ջրամբարից «ոչ մի լիտր» ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար: 2005-2008 թվականներին ձկնորսության պատճառով խիստ անկում է ապրում սիգ ձկնատեսակի քանակը, իչն էլ ազդում է լճի որակի վրա: «Երբ մենք բնապահպանության նախարարությանը գրում ենք, որ հարկավոր է խիստ կառավարել ձկնորսությունը, մեր ահազանգը ոչ միայն ձկան տեսակը, այլև էկոլոգիան պահպանելու նպատակ ունի, քանի որ ձկնային համակարգը կարգավորում է Սևանի էկոհամակարգը»,-ասաց մասնագետն ու ավելացրեց, որ այսքան փոփոխությունների հետանքով Սևանա լիճը նմանվում է ջրամբարի:
Նոյեմբեր 27, 2008
