

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն
Մեր ոտի տակի աղբը մաքրելու համա՞ր էլ դրամաշնորհ է պետք
«Ափը մաքրվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի միջոցներով։ Խնդրում ենք օգտագործել աղբամանները եւ պահպանել մաքրությունը».–Սեւանա լճի Շորժայի ափին դրված է աղբամանը՝ այս վերտառությամբ։ Բայց… այդ աղբամանը ջրի մեջ է։ Եվ այդ աղբամանում էլ այլեւս աղբ թափող չկա, որովհետեւ այնտեղ դրա համար տեղ չկա։ Վերջին անգամ աղբամանը լցվել է այն ժամանակ, երբ դա դեռ ափին էր, այսինքն՝ մեկ տարի առաջ։ Այդ ժամանակահատվածում ջրի մակարդակը բարձրացել է ճիշտ այնքան (տես լուսանկարներում), որ նախորդ տարի ափից 3 մ հեռավորությամբ գտնվող աղբամանը հայտնվել է ջրում՝ արդեն ափից դեպի ջուրը 1.5 մ հեռու։ Ջրում են հայտնվել նաեւ նախորդ տարի ափում գտնվող երկաթյա սեղանն ու աթոռները, ծառը։
Հերիք չէ, որ ափը աղբից մաքրելու համար դրամաշնորհ է պետք, երեւի հիմա էլ մեկ այլ դրամաշնորհի ենք սպասում, որ աղբամանը ջրից հանենք, ափին դնենք։ Թե ով պիտի դա անի, օրենքը պարզ ասում է՝ համայնքի վարչական սահմանների ներսում՝ համայնքապետարանը, համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետարանը։ Աղբամանը համայնքի վարչական սահմաններում է։
Եվ այս ափում, որտեղ աղբը թափվում է ուղիղ ջրի մեջ կամ հենց հանգստացողների քթի տակ, որտեղ կանայք ջուրն են մտնում իրենց տնային խալաթ—շալվարներով, մոտորանավակի տերն առաջարկում է իր գնային առումով շքեղ ծառայությունները՝ 1 ժամ պտույտը՝ 60 հազար դրամ եւ 1 րոպեն, ճիշտ բաժանումով, 1000 դրամ։
Սեպտեմբեր 01, 2010
