

Թագուհի Թովմասյան, Չորրորդ Իշխանություն
Ինչպես հայտնի է, Հայաստանում իրեն քիչ թե շատ հարուստ եւ ազդեցիկ մարդ համարող յուրաքանչյուր ոք ձգտում է սեփական լողափ ունենալ Սեւանա լճի ափին: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով ձեռք կբերվի այն. կարեւորը ափ ունենալն է:
Ահա այս մտածողության ու գործադիր մարմնի կողմից տարիներ շարունակ ցուցաբերված ամենաթողության արդյունքում այսօր մենք ունենք անճոռնի շինություններով հարստացած լճափ, որի մակարդակի բարձրացումը օրեցօր ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում շրջակա միջավայրի համար: Սակայն հայրենի պետական պաշտոնյաների մեծ մասին հետաքրքրում է ոչ թե շրջակա միջավայրը, այլ իրենց սեփականության հետագա ճակատագիրը: Բազմաթիվ սեփականատերեր տարբեր ուղիներ են որոնում` լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած խնդիրներից օգուտով դուրս գալու համար: Բայց այսօրվա մեր թեման մի փոքր այլ է:
Այժմ մեր ձեռքի տակ կա մի փաստաթուղթ, որի ուսումնասիրությունից պարզեցինք, որ կան շատ պաշտոնյաներ, որոնք Սեւանի ափին իրենց կամ իրենց հարազատների անուններով տարբեր չափերի տարածքներ են սեփականաշնորհել` շատ հաճախ կասկածելի պայմաններում, այժմ էլ զլանում են անգամ կատարել դրանց համար նախատեսված պետական վճարումները:
Իսկ ովքե՞ր են Սեւանա լճի ափին ապօրինի կառույցներ սարքել ու սեփականաշնորհել դրանք: Թեեւ շատերը գիտեն այս հարցի պատասխանը, բայց մենք կթվարկենք մի քանի ակնառու օրինակներ, որից հետո միանգամայն հասկանալի կդառնա Սեւանա լճի շուրջ սկսված այս աղմուկը՝ թե մարդիկ սեփականություն ունեն, պետք է փոխհատուցում տրվի եւ այլն: Օրինակ, Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանին է պատկանում Ծովագյուղ-Ճամբարակ հատվածում գտնվող «Կապուտաչյա Սեւան» հանգստի գոտին: Այս օբյեկտը կառուցված է սահմանված նիշից ցածր եւ ապօրինի: Պայմանագիր չունի: Ընդ որում, կառուցված է որպես հիմնական շինություն: Նույն Քոչարյանի իշխանության օրոք նրա` Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսաղուլյանը, որը այսօր էլ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է Ազգային ժողովում, Սեւանի ափին առանձնատուն կառուցելու հնարավորություն է ձեռք բերել: Նա 2007-ի նոյեմբերի 10-ին Սեւանի ափին 0,2 հա տարածք է վերցրել, որի համար տարեկան պետք է 30 հազար դրամ վճարի: Սակայն Իսաղուլյանը 2006-08 թվականներին ընդամենը 54 հազար դրամ է վճարել:
Սեւանի ափին տարածք ունեն նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը եւ իր որդին` Արսեն Հարությունյանը: Հայր ու որդի Հարությունյանները 2005-ի նույն օրն են տիրացել 1 եւ 0,5 հա տարածքների: Այդ տարիներին Միքայել Հարությունյանը ՀՀ ՊՆ-ում դեռեւս բարձրաստիճան զինվորական էր, իսկ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է չինովնիկներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Իսկ թե ինչ միջոցներով են Հարությունյանները ձեռք բերել լճափը՝ միայն կարելի է ենթադրել:
Ինչեւէ, ԱԺ պատգամավորներ էլ կան, որոնք Սեւանի ափին սեփական լողափ ունեն. Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն, Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, Հրանտ Մադաթյանը` Ծովագյուղից, Սեյրան Սարոյանը` հոր անունով եւ այսպես շարունակ: Մեզ մոտ եղած փաստաթղթի մեջ բազմաթիվ անծանոթ անուններ եւ մի շարք կանանց անուն-ազգանուններ էլ կան: Հավանաբար սրանք այն դեպքերն են, որոնք նկարագրում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. մարդիկ իրենց ունեցվածքը գրանցել են զոքանչի կամ քեռու մարդու անունով: Օրինակ. Շողերինա Մկրտչյան, Սոֆյա Գոմցյան, Էթերի Բարսեղյան... սրանք կոնկրետ չինովնիկների ու պատգամավորների կանայք են, որոնց անունները չենք հրապարակում` նրանց վերջնականապես չխայտառակելու համար: Եզակի կանանցից Նազիկ Ամիրյանն է, որը ուղղակի կապ է ունեցել Սեւանի հետ` ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին: Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ Սեւանի ափին 0,3 հա տարածքը ձեռք է բերել 2007-ի դեկտեմբերին. թե ինչ գումարներով կամ ինչ պայմաններում՝ անհայտ է: Փաստ է, որ այս տարածքի համար նա պետությանը պարտավոր է վճարել տարեկան 123 հազար դրամ, սակայն 2006-08 թվականներին ընդամենը 71 հազար 750 դրամ է վճարել:
Բայց սա դեռ ամբողջը չէ: Պարզվում է` մեր բերդերի պետերին եւս հրապուրել է Սեւանը: Նուբարաշեն ՔԿՀ-ի արդեն նախկին պետ Արսեն Աֆրիկյանը իր գործունեության ընթացքում հասցրել է տարածք ձեռք բերել նաեւ Սեւանի ափին: Նա, լինելով նաեւ խոշոր գործարար, ի տարբերություն նախորդների, պետության գումարները բարեխղճորեն վճարել է:
Մի խոսքով, երբ ՀՀ կառավարությունը խոսում է փոխհատուցումների մասին, հենց այս կարգավիճակի մարդկանց նկատի ունի, քանի որ նրանց համար է տարիներ առաջ փոխել կառուցապատման թույլտվության անհրաժեշտ նիշը: Այսինքն, կառավարությունը հարմարվել է մի քանի չինովնիկների ծրագրերին, որից հետո կրկին շինթույլտվության նիշը բարձրացվեց: Սա արվեց, որպեսզի բոլոր ապօրինությունները օրինականացվեն (թեեւ բոլոր շինություններն էլ առավելագույնը մինչեւ 99 տարի ժամկետով են հատկացվել): Իսկ այն մարդիկ, որոնք «պետական դաբրոյով» չեն գործել, մնացել են «օդում կախված վիճակում»: Նրանց շինությունները եւս ջրասույզ են լինում եւ անհայտ է, թե ինչ փոխհատուցում կստանան կամ կստանա՞ն արդյոք, թե՞ ոչ: Այսօր միայն մի բան է հայտնի. կա պետական որոշում, որ բոլոր օրինական շինությունների համար պետությունը փոխհատուցում կտրամադրի սեփականատերերին, իսկ ապօրինի կառույցներ ունեցողները իրենք պետք է տեսնեն իրենց գլխի ճարը եւ քանդեն կառուցված շինությունը: Այս իրավիճակը ժողովրդական խոսքն ավելի ճշգրիտ է բնորոշում. «տիրովին տերն է տարել, անտերին գելն է կերել»:
Սեպտեմբեր 03, 2010
