Գտնել խթաններ Սևանա լճի խնդիրների լուծման ընդունելի որոշումների համար

Գտնել խթաններ Սևանա լճի խնդիրների լուծման ընդունելի որոշումների համար

Ի՞նչ խնդիրների են բախվում Սևանա լճի ափամերձ գոտիների բնակիչները: Ինչպե՞ս օգտագործել բնական ռեսուրսները՝ միաժամանակ  պահպանելով դրանք: Ինչպիսի՞ հեռանկարներ կան նոր ծրագրերում ափամերձ համայնքների համար։ Այս հարցերն առաջացել են ոչ հիմա: Թեև խնդիրների ամբողջությունն ուրվագծված է, սակայն առաջարկվող մոտեցումներն ու լուծումները կրում են ներքին հակասություններ։ Օպտիմալ մոդել դեռ գոյություն չունի։

Մայիսի 17-ին Լճաշեն բնակավայրի «Էթիունի» հյուրանոց-թանգարանում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական գործիչներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, միջազգային ծրագրերի փորձագետներ։ Հիմնական թեմաները վերաբերում էին տեղի բնակչության խոցելիությանը, այլընտրանքային զարգացման ռեսուրսների որոնմանը, ինչպես նաև խնդիրների, որոնք կապված են ազգային, ռազմավարական հատուկ պահպանվող ջրային մարմնի՝ Սևանա լճի կառավարմանն ու տարվող քաղաքականությանը: Ներկայացնենք հիմնական թեզերը, որոնք հնչել են կլոր սեղանի ժամանակ:
 


Բնակչության խոցելիության մասին: Սևանա լճի շրջակայքում ապրում է ավելի քան 90 հազար մարդ: Հաշվի առնելով, որ լճի մակարդակը ծովի մակարդակից 1900 մ-ից մի փոքր ավելի է, համայնքները նույնպես գտնվում են այս և բարձր մակարդակի վրա։ Հետևանքը թթվածնային քաղցն է, գործունեության ընտրության սահմանափակ հնարավորությունները։ Մարդկանց զբաղվածությունը սահմանափակվում է նաև հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակով. Սևանա լճի հայելին և ափը «Սևան» ազգային պարկի տարածքն է։

Լճում ձկան պաշարները կտրուկ նվազել են գերձկնորսության, փաստացիորեն շարունակվող որսագողության պատճառով։ Այսպիսով, ձկնորսությամբ ապրուստ ապահովող բնակիչները խարխլում են սեփական բազան։ Վարդենիս համայնքի կազմում ընդգրկված գյուղերը համարվում են սահմանամերձ Քարվաճառի շրջանին, որը գտնվել է Արցախի պրոտեկտորատի տակ, իսկ 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջացել է անվտանգության խնդիր,  որն ուղղակիորեն ազդում է տնտեսական գործունեության վրա։ Մարդիկ կորցրել են իրենց արոտավայրերի մի մասը, նրանք չեն կարող ազատորեն որևէ գործունեությամբ զբաղվել բաց տարածքում՝ կրակոցների գոտում։ Շատերը ոչ միայն աշխատանք են փնտրում իրենց բնակավայրից դուրս, այլև իրենց ընտանիքների հետ հեռանում են ավելի ապահով տարածքներ: Մեծ Մասրիկ գյուղում կրակոցների պատճառով դադարեցվել են 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ 1» խոշոր արևայինֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները, ինչի համար կառավարությունը բացառիկ պայմաններ է ստեղծել այս ծրագիրն իրականացնող Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերության համար։ Ծրագիրը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրամիությունը:

Սևանա լճի բնապահպանական խնդիրների մասին: Սևանը ճահճանում է: Սա ամենամեծ խնդիրն է, որի լուծումը կա, բայց դեռ չի իրականացվել։ Սևանի էվտրոֆիկացումը պայմանավորված է հիպոլիմնիոնի ջրային շերտի կորստով։ Հիպոլիմնիոնը ջրի ստորին շերտն է,որը ջերմաստիճանի տատանումների շերտից ներքև է, որը կանխում է ջրի տաքացման պատճառով լճի հատակում ջերմային տուրբուլյացիայի առաջացումը։ Լճի հատակին կուտակված են տարբեր աղտոտիչներ ու աղբ։ Մեկուսացնող ջրային շերտը կարող է ձևավորվել, եթե լճի մակարդակը ծովի մակարդակից բարձրանա մինչև առնվազն 1905 մ (ներառյալ ալիքի բարձրությունը): Բայց դրան խանգարում են Սևանի ափին աճած ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, կապիտալ շենքեր։ Վերջին տարիներին լճի մակարդակը տատանվում է 1900 մ-ից մի փոքր բարձր նիշի շուրջ՝ չհասնելով անգամ 1900,1 մ-ի: Թեպետ լճից ջրբացթողումները թույլատրվում են միայն ոռոգման նպատակով, և Սևան-Հրազդան հիդրոկասկադն օգտագործում է ջրի այն ծավալը, որը սահմանվում է ոռոգման նպատակով, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս երկարաժամկետ դիտարկումները, ջուրը 70%-ով չի հասնում իր նպատակային ոռոգելի տարածքներին: Նման մեծածավալ ջրային կորուստներից պաշտպանվելու հարցը մնում է չլուծված, իսկ Ջրային կոմիտեի դիմումները Սևանից ավելի ու ավելի շատ ջրի զոհաբերություն են պահանջում։

Կլոր սեղանի մասնակիցները բարձրացրեցին Սևանից սահմանափակ ջրբացթողումները նվազեցնելու հարցը։ Խնդիրն այն է, որ լճի ջրային հաշվեկշիռը տարբեր կերպ է հաշվարկվում։ Ներկայումս ջրբացթողման սահմանաչափը՝ 170 մլն խմ-ն, հիմնված է հաշվեկշռի վրա, որը հաշվի է առնում Արփա-Սևան թունելով ջրի հոսքը։ Մասնակիցները նշեցին, որ բնական հաշվեկշիռը հաշվարկելիս հարկավոր է հիմնվել այն ծավալի վրա, որը համապատասխանում է Սևանից ջրի բնական ելքին։
Այս ծավալը հաշվարկվել է Սևանա լճից կիզբ առնող Հրազդան գետի հոսքի երկարաժամկետ դիտարկումների հիման վրա։ Մինչև 20-րդ դարի 20-30-ական թվականներին Սևանի ջրի արհեստական բացթողումը, միջին հոսքի ծավալը կազմում էր 50-60 մլն խմ, ինչը սահմանափակ բացթողումների ծավալն է։ Հավելենք, որ դրական հաշվեկշիռ են ապահովում լիճ թափվող գետերը։ Հայտնի է, որ լճին ջրով մատակարարում է 28 գետ։ Սակայն ափամերձ համայնքների կողմից ջրի անվերահսկելի սպառման պատճառով որոշ գետեր՝ Դարանակ, Վարդենիս, չեն հասնում Սևան։

Չի հաջողվում լուծել լճի ջրի որակի բարելավման հարցը: 3000 մետր բարձրությունից սկիզբ առնող գետերի ջրի բարձր որակը աստիճանաբար վատանում է  և Սևան է բերում կոյուղաջրերով, գյուղատնտեսական հողատարածքներից, ինչպես նաև բաց հանքերից ու լցակույտերից աղտոտված ջուր։ Հանգստի գոտիներում տեղակայված բազմաթիվ օբյեկտների, հյուրանոցների և ռեստորանների թափոնները անվերահսկելիորեն լցվում են լիճ։ Պլաստիկը մեծ խնդիր է Սևանի, հատկապես լճում ապրող կենդանական աշխարհի համար։ Երկար տարիներ բարձրացվել է «Սևան» ազգային պարկի տարածքում պլաստիկի օգտագործումն արգելելու անհրաժեշտության հարցը։ Սակայն հարցը պարբերաբար հանվում է օրակարգից։

Կլոր սեղանի հիմնական եզրակացությունն այն է, որ հակասությունները պետք է վերացվեն ոչ թե բնության հաշվին, այլ Սևանա լճի էկոհամակարգի համար էկոլոգիապես ընդունելի լուծումների համար տնտեսական խթաններ գտնելու հաշվին։

Մայիս 24, 2022 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր