Երկու միջազգային ծրագիր՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար

Երկու միջազգային ծրագիր՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար

Ներկայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար Հայաստանում միջազգային երկու՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) և SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրերն են իրականացվում: Ծրագրերի արդյունքների քննարկման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունում օրերս երկու հանդիպում է տեղի ունեցել: 

Մայիսի 13-ին նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Կառստեն Ռինկեն ներկայացրել է SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։ Կողմերը քննարկել են ծրագրի ընթացքը, Կառստեն Ռինկեն ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները։ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագիրը հնարավորություն է տվել իրականացնել Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային և գիտահետազոտական աշխատանքներ (որոնք մինչ այժմ իրականացվում էին ոչ ամբողջական պետական ֆինանսավորման բացակայության պատճառով)՝ միավորելով գերմանական, ՀՀ գիտական և պետական կառույցների հնարավորությունները։ Ծրագրի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարությանը կներկայացվի առաջարկների ամբողջական փաթեթ, որը կօգնի բացահայտել Սևանա լճի ջրի որակի հիմնական խնդիրները և առավել արդյունավետ իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը։

Մայիսի 16-ին էլ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։ Հանդիպմանը ներկայացվել է ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունն ըստ բաղադրիչների։ «EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը ներկայացրել է Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Դրանք մասնավորապես նպաստել են Սևանա լճի ավազանում ջրի մոնիթորինգի ու կառավարման կարողությունների հզորացմանը, բարելավել են էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները, Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը, կոյուղաջրերի մաքրման գործընթացը Սևանա լճի շրջակայքում, ներառյալ բնահեն եղանակով, ու զարգացրել դրանում ընդգրկված անձնակազմի կարողությունները, բարձրացվել է բնապահպանական իրազեկումը: Աստղիկ Դանիելյանը ներկայացրել է ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները, այն է՝ թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ, Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ, երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում, տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։

Մայիս 18, 2022 at 10:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր